Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Սսի կաթողիկոսարան

ՍՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ, Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293–1441-ին Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին (կից պահպանվում են Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսների տապանաքարեր):

Սիսն ունեցել է մի քանի եկեղեցիներ ու վանքեր: Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործի օրոք (1198–1219) հիմնվել են Ս. Էջմիածին կաթողիկեն, Ս. Մարինե և Ս. Աստվածածին (այստեղ է ամփոփվել Լևոն Բ-ի մարմինը) եկեղեցիները: Հայոց թագավոր Հեթում Ա-ի օրոք (1226–69) կառուցվել է արքունական Ս. Սոփի (Ս. Սոփիա) եկեղեցին, որի արտաքին ճակատին երկաթագիր տառերով փորագրված են եղել Հեթում Ա, Լևոն Գ և այլ թագավորների անունները: Եկեղեցում զետեղվել է առյուծի և արծվի պատկերաքանդակներով զարդարված թագավոր. մարմարե գահը: Ս. Սոփի եկեղեցին 1266-ին ավերել և հրկիզել են Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը: Կիլիկիո կաթողիկոս Կիրակոս Ա Աջապահյանը 1810–22-ին նորոգել է այն, վերանվանել Ս. Գրիգոր Լուսավորիչ և աթոռանիստը փոխադրել այնտեղ (հս-արմ. կողմում պահպանվել են կաթողիկոսների տապանաքարերը): Սսի հայկական  եկեղեցիներից աղբյուրներում հիշատակվում են նաև Ս. Հռիփսիմեն, Ս. Հակոբը, Ս. Հոգին, Ս. Նշանը, Ս. Սիմեոնը, Ս. Նիկողայոսը, Ս. Ստեփանոսը (կոչվել է նաև Գունդստաբլի եկեղեցի), Ս. Մերկեռիոսը, Ս. Պողոս-Պետրոսը, Ս. Աթանագինեն: Միջնադարյան հայ դպրության և երաժշտագիտության կենտրոն Դրազարկի վանքից բացի Սսի մերձակայքում հիշատակվում են նաև Տեր Պողոսի վանքը և գրչության կենտրոն Մեծքարի (Մեծայր) վանքը, որտեղ 1175-ին ամփոփվել է Մլեհ իշխանապետի աճյունը: Սսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր Զաբել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման (1241) մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը:

Սսում եկեղեցիներ են ունեցել հույները, ջենովացիները, վենետիկցիները, խաչակիր ասպետները և ասորիները: Իգնատիոս Բ Ասորին 1244-ին Սսում հիմնել է կաթողիկոսարան՝ Ս. Պարսամա և Ս. Աստվածածին եկեղեցիներով: Սսի արվարձաններից մեկում գործել է ասոր. Ս. Պաքսեմատի վանքը:

Սիսը, հատկապես Հայոց կաթողիկոսությունն այդտեղ հաստատվելուց հետո, եղել է համահայկական մշակույթի խոշոր կենտրոն: Կաթողիկոսարանում և մասնագիտացված բարձրագույն դպրոցներում (վարդապետարան-համալսարաններ), որոնցից մեծահամբավը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանը, կրթվել և գործել են ժամանակի նշանավոր հայ գիտնականներ, հոգևորականներ, Հայոց կաթողիկոսներ: Հավաքվել, ուսումնասիրվել, բազմացվել և պատկերազարդվել են հազարավոր ձեռագրեր, ստեղծվել նորերը, թարգմանվել (հունարեն., լատիներեն, ասորերեն, արաբերեն ևն) աստվածաբանական, գրական, պատմական  արժեքավոր երկեր: Սսի կաթողիկոսարանը սկզբնական շրջանում ծաղկում են ապրել Կիլիկյան Հայաստանի վանքերը, վարդապետարանները, գրչության և մանրանկարչության կենտրոնները (Դրազարկ, Սկևռա, Ակներ, Մեծքար ևն): Սսում են գումարվել դավանական, համապետական և համազգային  նշանակություն ունեցող ժողովներ (տես Սսի եկեղեցական ժողովներ), որոնցից վերջին չորսը (1307, 1309, 1345, 1361)՝ Սսի կաթողիկոսարանի գոյության շրջանում: Կաթողիկոսարանը գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, Կիլիկյան Հայաստանի քաղ. իշխանությունների հետ մասնակցել է արտաքին մի շարք խնդիրների, հատկապես հայ-եգիպտական հարաբերությունների կարգավորմանը: Կոստանդին Դ Լամբրոնացին 1323-ին մեկնել է Եգիպտոս և 15-ամյա հաշտություն կնքել Նասր սուլթանի հետ, իսկ Հակոբ Բ Անավարզեցին 1337-ին օգնել է Լևոն Ե-ին՝ եգիպտացիների հետ հաշտություն կնքելու: Սսի կաթողիկոսարանի միջեկեղեցական և եկեղեցաքաղաքական հարաբերություններում կարևորագույն տեղ է գրավել հայ-հռոմեական եկեղեցական միության խնդիրը:

Սսի կաթողիկոսարանի գոյության գրեթե ողջ ժամանակաշրջանն անցել է քաղաքական ծանր և աննպաստ պայմաններում, հաճախակի են դարձել եգիպտական մամլուքների և փոքրասիական թուրքմեն ցեղերի հարձակումները Կիլիկյան Հայաստանի և Սսի վրա:

Սրվել են դավան. վեճերը Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ծիսադավան. կարգերն անաղարտ պահելու կողմնակիցների և լատինամետ կիլիկյան հոգևորականության ու լատինադավանների միջև: Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության հարցում հակասություններն ավելի են խորացել կիլիկյան հոգևորականության և արևելյան վարդապետների միջև. վերջիններս խիստ քննադատել են Սսի Հայոց կաթողիկոսների և լատինամետ հայ հոգևորականների քաղաքականությունը եկեղեցիների միության հարցում: Այդ շրջանի Հայոց կաթողիկոսներից ոմանք (Գրիգոր Է Անավարզեցի, Կոստանդին Գ Կեսարացի, Մխիթար Ա Գռներցի և ուր.) նահանջել են Հայ եկեղեցու ծիսադավան. դիրքերից՝  հուսալով Հայ եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու, լատինական  ծիսադավանական նորամուծությունների և Արևմուտքին եկեղեցական լուրջ զիջումների գնով շահել կաթոլիկ Եվրոպայի և Հռոմի պապի քաղաքական աջակցությունը մահմեդական  պետությունների ու արտաքին թշնամիների դեմ Կիլիկյան Հայաստանի մղած պայքարում: Կաթոլիկ եկեղեցին, օգտվելով դրանից, խոստումներից բացի ոչինչ չձեռնարկելով, լատինամետ հայ հոգևորականների և Հայոց արքունիքի, ինչպես նաև միարարական շարժման (տես Ունիթորություն) միջոցով փորձել է իր ազդեցության տակ գցել Հայ եկեղեցին, ինչը նաև լուրջ սպառնալիք էր Հայոց պետականության համար Կիլիկյան Հայաստանում:

Արևմուտքից քաղ. աջակցության ակնկալիքներով Սսի կաթողիկոսարանի լատինամետ քաղաքականությանն աջակցել, հաճախ էլ որպես նախաձեռնող է հանդես եկել Կիլիկիայի Հայոց արքունիքը:

Վերջինս 1307-ի Սսի և 1316-ի Ադանայի եկեղեցական ժողովների լատինադավան որոշումները փորձել է բռնի ուժով պարտադրել ժողովրդին, բայց, հանդիպելով ժողովրդի և արևելյան վարդապետների անզիջում դիրքորոշմանը, ոչ մի արդյունքի չի հասել: Արքունիքի և Սսի կաթողիկոսարանի քաղաքականությանը և հատկապես 1307-ի Սսի ժողովի որոշումներին ընդդիմացել է նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և 1311-ին խզել հարաբերությունները Սսի կաթողիկոսարանի հետ: Կիլիկյան Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների քաղաքականության դեմ անհաշտ պայքար են ծավալել նաև Սյունյաց վարդապետներն ու իշխանները: Ստեփանոս Օրբելյանի գլխավորությամբ  Գրիգոր Է Անավարզեցուն գրած նշանավոր թղթում նրանք քննադատել են Հայոց կաթողիկոսի լատինամետ քաղաքականությունը և հորդորել չհեռանալ հայրենի սրբագործված ավանդներից: Չնայած Սսի Հայոց կաթողիկոսներից ոմանք (Կոստանդին Դ Լամբրոնացի, Հակոբ Բ Անավարզեցի, Մեսրոպ Ա Արտազեցի) ընդդիմացել են լատինամետությանը, այնուամենայնիվ հոգևորականության ազդեցիկ մասին, լատինադավան թագավորներին և իշխաններին հաջողվել է խարդավանքների, ճնշումների, գահընկեցությունների միջոցով չեզոքացնել նման փորձերը:

Սսի կաթողիկոսարանի վիճակն ավելի է վատթարացել Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) և Սսի վրա թուրքմեն ամիրա Ռամազանի արշավանքներից (1404) հետո: Հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին, Կիլիկիայի կառավարիչ, զորավար Կոստանդին Կիլիկեցին և Սսի կառավարիչ պարոն Կարապետը, ձգտելով Սսի բնակիչներին փրկել կոտորածներից, նրանց բոլոր իշխանների հետ գաղթեցրել են Կիպրոս և Եվրոպա: Քաղաքում մնացած Հայոց կաթողիկոսը և փոքրաթիվ բնակիչները, չկարողանալով դիմագրավել Ռամազանի զորքերին, 1404-ի հունիսի 6-ին անձնատուր են եղել: 1441-ի Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական  ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: 1446-ից Սսի կաթողիկոսարան դարձել է նորահաստատ Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը:

 

 

Տես՝ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո:

 

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 921-923:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am