Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արարատյան Հայրապետական Թեմ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄ  Հայաստանյայց առաքելական եկեղեցու: Առաջնորդանիստը՝ Երևանի Ս. Սարգիս եկեղեցի: Կազմավորվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին, երբ Գրիգոր Ա Լուսավորիչը ձևավորում էր Հայ եկեղեցու նվիրապետական կառույցը: Ինքն էլ եղել է առաջին թեմակալ առաջնորդը: Ագաթանգեղոսի Պատմության հունարեն և արաբաերն խմբագրությունների համաձայն՝ «Սուրբը ինքը մշտական եպիսկոպոսարաններ կառուցեց Այրարատում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Դվինում, և հիշյալ քաղաքները իր աթոռին ենթարկեց»: Թեմում ընդգրկված էին Արարատյան դաշտի Մասյացոտն, Մազազ, Ոստան գավառները, նաև՝ Կոտայք, Նիգ, Ծաղկոտն, Արագածոտն գավառների ու Շարուրի դաշտի տարածքները, որոնք կառավարում էին անմիջականորեն Հայոց կաթողիկոսին ենթակա Վաղարշապատ, Արտաշատ և Դվին քաղաքների եպիսկոպոսները: Ամենայն հայոց կաթողիկոսը միաժամանակ Այրարատյան թեմի առաջնորդն է (ինչի համար էլ թեմը կոչվում է Արարատյան Հայրապետական Թեմ): 449-ի Արտաշատի ժողովի ժամանակ կաթողիկոս տեղապահ Հովսեփ եպիսկոպոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի) միաժամանակ հիշատակվում է որպես «եպիսկոպոս Այրարատոյ»: Պահպանվել են թեմի շուրջ երկու տասնյակ նշանավոր վանքերի անուններ՝ իրենց առաջնորդների անուններով հանդերձ. «Աբրահամ՝ սրբո Կաթուղիկե վանից երեց (Ս. Էջմիածնի), Սամուել սրբո Հռիփսիմեի, Բաբյուլաս սրբո Հովհաննու վանաց, Խոսրով Օշականու, Հավիտյան Եղիվարդա, Դավիթ Երևանա, Իսմայել Գառնո, Հունանես Ավանի, Իսրայել Պտղավանից, Ջոջիկ Արամունից, Հովհանիկ Արտավազդա Ապարանից, Աբաս, Որդյակ և Աբրահամ Փարպիո, Միքայել Աղցից, Գրիգորիս Արճո, Կոզմաս Ուրդա, Մահեն Մյուս Արճո, Հովհանիս Արծափաց, Սիմոն Դարունից, Սամոտ Բագարանի»: 607-ի այս ցուցակը հիշյալ վանքերից շատերի առաջին հիշատակությունն է պատմական աղբյուրներում:

Բագրատունյաց թագավորության շրջանում (911 դարերին) Արարատյան հայրապետական թեմի մասին հավաստի տվյալներ չկան, իսկ հայկական պետականության անկումից (1045) հետո և կաթողիկոսական աթոռի երկարատև դեգերումների շրջանում Հայոց կաթողիկոսներն այլևս չեն կարողացել անձամբ կամ իրենց նշանակած փոխանորդների միջոցով մասնակցել երբեմնի ընդարձակ այդ թեմի կառավարման գործերին:

Ձեռագրերի հիշատակարանների համաձայն, 1390-ին Արարատյան թեմը միացվել է Բջնո թեմին, և այս երկուսը կառավարել է մեկ եպիսկոպոս: Կես դար անց Արարատյան թեմը մեկ անգամ էլ է հիշատակվում՝ կապված կաթողիկոսական աթոռն Էջմիածնում վերահաստատելու (տես Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողով 1441) իրադարձությունների հետ, և, ինչպ ես պարզվում է, նրա երեք վարդապետները՝ Կիրակոս Ռշտունեցին, Սարգիս Ձագավանեցին և Տիրացու Վանանդեցին, գործուն մասնակցություն են ունեցել 1441-ի ազգային-եկեղեցական ժողովին:

Բացի Վաղարշապատի առաջնորդարանից ու Մայրավանքից թեմի կյանքում շոշափելի դեր են խաղացել Հավուց թառի, Հովհաննավանքի, Բջնիի, Խոր վիրապի, Կողբի, Բագարանի վանքերն իրենց միաբանություններով: Դարավերջից Արարատյան թեմ անվանումն անհետանում է պատմության վավերագրերից, և ժամանակ անց նույն տարածքում հիշատակվում է Երևանի թեմը: Դա հետևանք էր 14-րդ դարի վերջից երկրամասում կազմավորված մահմեդական կիսանկախ իշխանությունների, որոնց մայրաքաղաքն է դառնում օրեցօր բարգավաճող Երևանը:

Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու և Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1763–80) վկայությունների, 1518-րդ դարերում Երևանը ձևավորվել է որպես նվիրական թեմ, իսկ նրա մեջ ընդգրկված բնակավայրերը սեփականության իրավունքով բաժանվել են մեծ ու փոքր վանքերի միջև: Ըստ այդմ, Երևանի առաջնորդը միաժամանակ Հավուց թառի վանահայրն էր, որը նշանակվում էր քաղաքացիների ցանկությամբ և կաթողիկոսի հաստատմամբ: 15-րդ դարից Հավուց թառի վանահայրեր են հիշվում Զաքարիա (1441), Հովհաննես (1465), Զաքարիա Բ (1487), Համազասպ և Զաքարիա Պահլավունիներ (1526–77), Սահակ (1602), Համազասպ (1618), Մկրտիչ (1630-ական թթ.), Սիմեոն Ջուղայեցի (1640–50-ական թթ.), Հովհաննես (1650–60-ական թթ.) և այլ եպիսկոպոսներ:

Հավուց թառն ամայացել է 18-րդ դարի 50-ական թթ., որից հետո Երևանը դարձել է Ս. Էջմիածնի տերունական թեմերից մեկը: Երևանում Հայոց կաթողիկոսներն ունեին իրենց մշտական իջևանը՝ Ձորագյուղի անապատը: Այստեղ կառուցվել են կաթողիկոսարան, կաթողիկոսական փոքր եկեղեցի՝ Ս. Գևորգ անունով, Ս. Հակոբ Հայրապետ և Ս. Սարգիս եկեղեցիները: Էջմիածնից ուղարկված վարդապետները, հաստատվելով այստեղ, կառավարել են Մայր աթոռի երևանյան կալվածները՝ այգիներ, ջրաղացներ, կրպակներ և այլն:

1610-ական թթ. Մովսես Սյունեցու նախաձեռնությամբ քաղաքի հյուսիսային մասում գտնվող Ս. Անանիա առաքյալի անշուք մատուռի կողքին կառուցվել են Ս. Աստվածածին եկեղեցին, դպրանոց և վանական այլ շինություններ, որոնք կարևոր դեր են խաղացել քաղաքի կյանքում: Այդ կառույցները փայտից էին և կործանվել են 1634–35-ին՝ թուրք-պարսկական կռիվների շրջանում: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը վերականգնել է վանական այդ համալիրը, բայց 1679-ի երկրաշարժի հետևանքով հիմնահատակ կործանվել են ոչ միայն Երևանի, այլև Արարատյան աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը՝ վերաշինվելով միայն 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին: Ս. Անանիա առաքյալի վանքը գործել է մինչև 1835-ը, ապա վերածվել է ծխական եկեղեցու (այժմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի): Ըստ Ոսկան Երևանցու ցուցակի, 1670-ին Երևանի թեմում ընդգրկված էին խանության տարածքում գործող վանական հին թեմերը կամ եպիսկոպոսարանները և մի քանի շրջանների փոխանորդություններ՝ Առինջի, Եղվարդի, Մուղնու, Սաղմոսավանքի, Կոշավանքի, Հովհաննավանքի, Գեղարդի, Մաղարդավանքի, Վարդիհայրի, Կարբիի, Աղջոց վանքի ու Ձագավանքի (Գետարգելի) վանական թեմերը և Խոր վիրապի, Ուշիի պատվակալ արքեպիսկոպոսարանները, ընդհանուր թվով՝ ավելի քան մեկ ու կես տասնյակ: Այս թեմին էր ենթարկվում նաև Տփղիսի հայ համայնքը: 18-րդ դարի կեսին, երբ վերջնականապես կարգավորվել են Հայ եկեղեցու թեմերի սահմանները, Երևանը հիշատակվում է կիսով նվիրական և կիսով տերունի թեմ, որի մեջ համախմբված էին Երևան քաղաքը և շրջակա բոլոր գյուղերը, Արաքսի աջ ափին գտնվող Բլուրավանն ու շրջակա տարածքները: Այս իրավիճակը հարատևել է մինչև 1836-ին «Պոլոժենիե»-ի ընդունումը: 19-րդ դարի կեսին ռուսական կայսրության սահմաններում ձևավորվել են Հայ եկեղեցու 6 ընդարձակ թեմեր կամ վիճակներ, որոնցից երրորդը Երևանի թեմն էր, որի իրական առաջնորդն էր Ամենայն հայոց կաթողիկոսը:

Թեմն ունեցել է 4 փոխանորդություն՝ Երևանի, Նախիջևանի, Շիրակի ու Տաթևի: Կարսը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1878) հետո՝ 1880-ական թթ., թեմի կազմում ավելացել է նաև հինգերորդ՝ Կարսի փոխանորդությունը, որն ընդգրկում էր ողջ Կարսի մարզը: 1900-ին Երևանի թեմում կար 643 եկեղեցի, 47 վանք, 788 քահանա, 585004 ծխական համայնքի անդամներ՝ որոնցից 66500-ը՝ քաղաքաբնակ, իսկ 518504-ը՝ գյուղաբնակ: Գործում էր 1837-ի սեպտեմբեր 2-ին բացված մեկ թեմական դպրոց՝ 460 աշակերտով և 20 ուսուցչով: Նախախորհրդային շրջանում Երևանի թեմի առաջնորդարանը մշտապես գործել է Ձորագյուղի անապատի նախկին կաթողիկոսարանում: Ս. Գևորգ եկեղեցին վերակառուցվել է և օգտագործվել որպես թեմական խորհրդարան և գրատուն: Երևանի թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնն են վարել նշանավոր հոգևորականներ Զաքարիա վարդապետ Գյուլասպյանը, Հովհաննես վարդապետ Շահխաթունյանցը, Ստեփանոս արքեպիսկոպոս Արղությանը, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, Սուքիաս արքեպիսկոպոս Պարզյանը, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանը, Խորեն վարդապետ Մուրադբեկյանը (1932–38-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան) և ուրիշներ:

Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսության նվիրապետական կարգը ենթարկվել է արմատական փոփոխությունների. Երևանի թեմը՝ իբրև հայրապետական, շարունակել է իր գոյությունը, այն տարբերությամբ, որ տրոհված էր երկու փոխանորդությունների՝ Հին Նախիջևանի ու Դարալագյազի և Նոր Բայազետի: Թեմի կազմում էին նաև Սևանի մենաստանը, Մուղնու Ս. Գևորգ և Գնդեվազի վանքերը: 1930-ական թթ. սկզբին փոխանորդությունները վերացել են, և մի կարճ ժամանակ թեմը տրոհվել է 15 գործակալությունների՝ Բաշ Գառնիի, Գառնիի, Վեդի-Բասարի, Հին Նախիջևանի և Գողթնի, Մեղրու, Կոտայքի, Ծաղկաձորի, Գեղարքունյաց, Դարալագյազի, Վաղարշապատի, Աշտարակի, Ապարանի, Բաշ Ապարանի, Սարդարապատի, Հրազդանակողմյան, որոնք նույնպես շուտով վերացել են, և Երևանի թեմը դարձել է ձևական կամ անվանական: Ստալինյան հալածանքների տարիներին փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, բանտարկվել, աքսորվել կամ գնդակահարվել է հոգևորականների զգալի մասը, Երևանում քանդվել են Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում), Գեթսեմանիի մատուռը (Օպերայի և բալետի ազգային թատրոնի տեղում), Ս. Գրիգոր Լուսավորիչ եկե- ղեցին (Ե. Չարենցի անվան դպրոցի տեղում), Ս. Հակոբ եկեղեցին, Կոզեռնի մատուռը և միջնադարյան համանուն գերեզմանոցը (ԱԺ շենքի տեղում) և այլն: Երևանի թեմը, արդեն հին անունով (Արարատյան հայրապետական), աննշան արտոնություններ է ստացել 1960-ական թթ., Վազգեն Ա-ի կաթողիկոսության շրջանում: 1989-ին նրանից առանձնացվել է Սյունյաց թեմն իր այժմյան տարածքով, իսկ 1991-ին՝ Գուգարքի թեմը: 1996-ի մայիսի 30-ին, Գարեգին Ա-ի հայրապետական տնօրինությամբ թեմից անջատվել և առանձին միավոր են կազմել Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի թեմերը:

Արարատյան հայրապետական թեմը ներկայումս իր մեջ ներառում է Երևան քաղաքը, Արարատի մարզը և Սևանի վանքը: Թեմն ունի 17 գործող եկեղեցի և վանք, 8 մատուռ: Արարատյան հայրապետական թեմի տարածքում են գտնվում Դվինի կաթողիկոսարանի համալիրը, Խոր վիրապ (ենթարկվում է Մայր աթոռին), Ս. Հովհաննես Կարապետ, Հավուց թառ, Աղջոց վանքերը, Երևանում՝ Ավանի Ս. Հովհաննես (6-րդ դար), Քանաքեռի Ս. Աստվածածին (17-րդ դար), Նորագավթի Ս. Ծիրանավոր (18-րդ դար), Ս. Սարգիս (19 դար, վերակառուցված՝ 20-րդ դար) եկեղեցիները, Արարատի մարզում՝ Մրգավանի Ս. Հակոբ, Արգավանդի Ս. Սարգիս, Վերին Արտաշատի Ս. Աստվածածին, Արարատի Ս. Հակոբ, Դալարի Ս. Աստվածածին, Գեղարքունիքի մարզում՝ Սևանավանքի Ս. Առաքելոց և Ս. Կարապետ եկեղեցիները:

Արարատյան հայրապետական թեմի գործող եկեղեցիներն են՝ Երևանում՝ Ս. Սարգիս, Ս. Զորավոր, Ս. Կաթողիկե, Կոնդի Ս. Հովհաննես, Նորագավթի Ս. Գևորգ, Նորք-Մարաշի Ս. Աստվածածին, Քանաքեռի Ս. Հակոբ, Մալաթիայի Ս. Աստվածածին, Եռաբլուրի Ս. Վարդանաց, Շենգավիթի Ս. Խաչ մատուռը:

Երևանում գործում են 3 Հայորդաց տներ (Արաբկիր, Մալաթիա, Նորք թաղամասերում), Հայ եկեղեցու երիտասարդաց միությունը (ՀԵԵՄ), Քրիստոնեական դաստիարակության դպրոցների կենտրոնը (ՔԴԴԿ), Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի մասնաճյուղը, «Շողակաթ» հեռուստակենտրոնը, Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը, Քանաքեռի մանրանկարչության կենտրոն դպրոցը, բարեգործական ճաշարաններ: 2000-ից լույս է տեսնում «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթը: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է Նավասարդ եպսիսկոպոս Կճոյանը (1999-ից):

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am