ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի թեմատիկ կայքերի շնորհանդեսը: 2012թ.-ին նախագծվել և համացանցային կիրառման են ներկայացվել ինստիտուտի թվով 7 թեմատիկ կայքերը Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հնագիտության, հայոց լեզվի, մշակույթի, կրոնի, սփյուռքի վերաբերյալ: Կայքերում կարելի է գտնել, դիտել և անվճար ներբեռնել հայագիտական համապատասխան թեմատիկ ուղղություններին առնչվող ոչ միայն դասական ու հայտնի գիտական աշխատանքներ, այլ նաև նոր հրապարակումներ, փաստաթղթեր, քարտեզներ, լուսանկարներ ու տեսանյութեր:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն իրականացնում է հայագիտական ուղղվածության հետազոտություններ, հրատարակում ուսումնասիրություններ, իրականացնում պրոֆեսիոնալ թվայնացում և համացանցային պաշարներում հիշյալ նյութերի ներկայացվածության ապահովում: Կատարված աշխատանքը շարունակաբար ներկայացվում է ինստիտուտի պաշտոնական կայքում` www.armin.am-ում, այդ թվում նոր կայքերում, որոնցում արդեն առկա են շուրջ

366 գրքեր, 1000 հանրագիտարանային գիտահանրամատչելի հոդվածներ, 168ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան գիտական հոդվածներ, շուրջ 340 քարտեզներ, 110 արխիվային փաստաթղթեր, պատմական տարաբնույթ լուսանկարներ: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համագործակցում է ինչպես առանձին հայագետների, այնպես էլ հայագիտական գիտահետազոտական այլ կենտրոնների և ինստիտուտների հետ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, կայքերը ներկայացրեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Վերջինս հանդիսանում է վերոնշյալ կայքերի հեղինակը: Ներկայացվեցին գործող կայքերի տեխնիկական բնութագրերը, հայագիտության համացանցում ներկայացվածության և անվտանգության ապահովման հիմնախնդիրները, ինստիտուտի` այդ ուղղությամբ կատարվող քայլերը: 

ՀՀԻ-ի թեմատիկ կայքերի շնորհանդես«Կարծում եմ, որ հայագիտության ոլորտում համագործակցությունը բխում է մեր համընդհանուր շահերից: Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը միշտ պատրաստ է համագործակցել և ողջունում է այս ոլորտում ձեռնարկվող քայլերը: Մեր կայքերի «Հղումներ»  և «Գործընկերներ» բաժիններում մենք տեղադրել ենք այս ոլորտում գործող այն կառույցների կայքերի հղումները, ովքեր զբաղվում են գիտական գործունեությամբ»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2008 թ.-ին: Այն ունի թվով 8 ստորաբաժանում` «Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա», «Ցեղասպանագիտության բաժին», «Հայ-օսմանական առնչությունների բաժին», «Ադրբեջանագիտության հայկական կենտրոն», «Վրացագիտության հայկական կենտրոն», «Աղբյուրագիտական լաբորատորիա», «Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին», «Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա»: