Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Այս տոնը վիրված քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն՝ Երուսաղեմի տաճարում, որտեղ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ընդառաջ են եկել Հիսուսին: Հայ եկեղեցին Տյառնընդառաջը կատարում է փետրվարի 14-ին: Փետրվարի13-ի երեկոյան, եկեղեցական ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, անդաստան. ծիսակատար քահանան վառում է ս. Սեղանի վրա դրված մոմերը: Հավատացյալները, վառելով իրենց մոմերը, տանում են տուն:
Տյառնըդառաջի օրը եկեղեցում ս. Պատարագ է մատուցվում, եկեղեցու չորս անկյուններում կարդացվում են Ավետարանի համապատասխան մասերը, գովերգվում է լույսը, հիշատակվում են նույն Սիմեոնը և Աննա մարգարեուհին, երգվում են շարականներ: Այնուհետև եկեղեցու բակում, հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում, ինչը սահմանված չէ քրիստոնեական և եկեղեցական որևէ օրենքով կամ կանոնով: Կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից. հայոց մեջ՝ կապված Միհր կամ Տիր կուռքերի կուռքի պաշտամունքի հետ:
|