Այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 1-ին: Սա Մեծ Պահքի 6-րդ կիրակին է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Հիսուսը գալիս է Երուսաղեմ բժշկելու կույրերին և հիվանդներին, ազատելու գերիներին:

Ժողովուրդը Հիսուսին ուրախությամբ է ընդունում՝ ձիթենու և արմավենու ճյուղերով, հանդերձները Հիսուսի առջև  փռելով և  «Ովսաննա՜, օրհնութիւն անոր, որ կու գայ Տիրոջ անունով»  բացականչություններով:   Ըստ եկեղեցու հայրերի, ձիթենու և արմավենու ճյուղերը խորհրդանշում են փառք, հաղթանակ, խաղաղություն, իմաստություն, իսկ հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատումը: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Հիսուսի՝ Երուսաղեմի տաճար մուտք գործելու ժամանակ  մանուկները նույնպես ողջունում էին Հիսուսին:

Ծաղկազարդին նախորդող օրը՝շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ կիրակի օրը՝ ժամերգությունից հետո, Ս. Պատարագ է մատուցվում: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ձիթենու և ուռենու ճյուղերով:

Կիրակի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու և ուռենու ճյուղեր և բաժանվում են ժողովրդին: 

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության արարողություն  է կատարվում: