Նորություններ
Տպել


        Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշի ապրիլի 8-ին: Ի  թիվս այլ Տաղավար տոների՝ (Պայծառակերպության տոն կամ Վարդավառ, Սբ. Աստվածածնի ննջման և վերափոխման տոն, Խաչվերաց) Ս. Զատիկը նույնպես շարժական տոն է և միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Ըստ այդմ, այն տեղաշարժվում է մարտի 22-ից-ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Շաբաթ  երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, իսկ առավոտյան կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա  կրկին մատուցվում Սբ. Պատարագ:  Պատարագի գալուց առաջ քրիստոնյան պետք է ծոմ պահի, խոստովանի իր մեղքերը, իսկ պատարագից հետո ստանա հաղորդություն՝ հաց և գինի, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Այդ օրը հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսով և պատասխանում՝ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:  Տոնական սեղանը զարդարվում է ձկով, հավկիթով և գինով այլ ուտեստների հետ միասին: Ձուկը հունարենում կոչվում է իխտյուս, որը նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո Որդին Փրկիչն աշխարհի: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ցորենի հասկը իր մեջ ունի նոր կյանքի եւ հարության խորհուրդը: 

        Յուրաքանչյուր զատկից հետո եւ յուրաքանչյուր տաղավար մեծ տոնից հետո մեռելոց է: Այդ օրը պատարագ է մատուցվում ննջեցյալների համար, իսկ վերջում կատարվում է հատուկ հոգեհանգստյան արարողություն:  Զատկի օրը գերեզմանատուն այցելելը սխալ է, քանի որ այն ուրախության տոն է:

 

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am