Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության համատեղ նախաձեռնությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» մատյանի շնորհանդեսը: Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի թարգմանել են Մատենադարանի գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը, իսկ իրանագիտական մասով զբաղվել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը: Գրքի գլխավոր խմբագիրը Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին դեսպան, պ.գ.դ. Վահան Բայբուրդյանն է, ով նաև հեղինակել է գրքի առաջաբանը: Նշենք, որ գիրքը տպագրվել է Թեհրանի «Ալիք» տպարանում: Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ «654» մատյանն է: Երկրորդ մատյանը պահվում է Երևանի Մատենադարանում, որը 1945 – 1946 թթ. Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը (ՄՄ, ձեռագիր «10555»): Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը շատ կարևոր սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի, հատկապես Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գավառների պատմության և ընդհանրապես Իրանի ուշ միջնադարի պատմության (17-18-րդ դդ.) ուսումնասիրման համար: «Ներկա աշխատությունը, որ տպագրվել է, շատ կարևոր ու արժեքավոր սկզբնաղբյուր է: Ստեփանոս Երեցն այս աշխատությունում ներկայացրել է 17-րդ դարավերջի և 18-րդ դարի պատմական իրադարձությունները: Պատմագիրքն անկեղծորեն է շարադրված, առանց որևէ միտումների, և ուղղվածությունների, որը շատ կարևոր է որպես սկզբնաղբյուր: Ստեփանոս Երեցը, լինելով քահանա, աշխատությունն ամբողջությամբ շարադրել է գրաբարով, սակայն նույն այդ գրաբարյան տեքստում մենք նկատում ենք բազմաթիվ բարբառային տարրեր, որոնք վերաբերում են թե՛ հայերենին, թե՛ պարսկերենին: Մեջբերումներ կան, որոնք գրված են հայատառ պարսկերենով: Հետևաբար, որպես սկզբնաղբյուր, բացի պատմագիտական նշանակությունից, աշխատությունն ունի նաև բանասիրական, լեզվաբանական նշանակություն: Գրքի կարևոր կողմերից մեկն այն է, որ այս աշխատությանը մի ողջ ազգագրական նյութ է պարունակում իրանահայոց կենցաղի, մշակույթի, մտածելակերպի, նույնիսկ որոշակի առումներով՝ ավանդույթների ու սովորույթների մասին: Ուստի, սա էլ մյուս կարևոր կողմն է գիտական աշխատության, որը ազգագրագետների համար ևս հավաստի տեղեկություններ է պարունակում», - նշեց Հ. Կիրակոսյանը: Իրանագետը վստահ է, որ սկզբնաղբյուրն անպայման կծառայի իր նպատակին և կարժանանա պատմաբանների, բանասեր-լեզվաբանների ու ազգագրագետների ուշադրությանը: |