Նախապես ճշտված ժամադրությամբ, Ուրբաթ, նոյեմբերի 11-ին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Վատիկանի իր գրասենյակում, հանդիպում ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի՝ Արամ Ա Վեհափառի հետ։

Վեհափառ Հայրապետն առաջին հերթին իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Սրբազան Պապին, որ Հայոց Ցեղասպանության 100 ամյակի առիթով, հրապարակային երկու ելույթների ընթացքում՝ Վատիկանում ու Երևանում, հիշատակել էր Հայոց Ցեղասպանությունը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Վեհափառ Հայրապետն ասաց, որ եկեղեցին քաջությունը պետք է ունենա ճշմարտության պաշտպանն ու ջատագովը դառնալու։ Ֆրանցիսկոս Պապը վերստին շեշտեց Հայոց Ցեղասպանության իրողությունը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և այդ համատեքստում հիշատակեց նաև Թուրքիայի հակազդեցությունն այդ առումով։

Ապա, Արամ Ա Կաթողիկոսն անդրադառնալով Միջին Արևելքում քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարություններին ու մարտահրավերներին՝ ասելով, որ Միջին Արևելքում եկեղեցու պատմությունն եղել է նահատակության պատմություն. սակայն եկեղեցին, կենդանի է արյան նահատակությամբ, մնացել է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը. այսօր, եկեղեցին Միջին Արևելքում, ևս իր կոչմանը հանձնառու կմնա, շեշտեց Վեհափառ Հայրապետը և իր բարձր գնահատանքը հայտնեց Վատիկանի մոտեցմանը, որ մի կողմից հիմնված է քրիստոնյա համայնքների իրավունքների պաշտպանության, իսկ մյուս կողմից քրիստոնյա-իսլամ խաղաղ գոյակցության ու գործակցության վրա։ Սրբազան Քահանայապետն իր հերթին ընդգծեց ընդհանրապես միջ-կրոնական և հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության կարևորությունը՝ հիշելով շուրջ մի շաբաթ առաջ Վատիկանում տեղի ունեցած միջ-կրոնական համագումարը, ավելացնելով Միջին Արևելքում քրիստոնյա համայնքների պահպանման և նրանց վկայության հզորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ Վատիկանի զորակցությունը։

Խոսելով եկեղեցիների միջև տեղի ունեցող աստվածաբանական երկխոսության մասին, Ֆրանցիսկոս Պապը բաժանեց Վեհափառ Հայրապետի տեսակետը, որ հիշյալ հանդիպումների օրակարգին մաս պետք է կազմեն նաև ներկա ընկերությունը հուզող ընկերաբարոյական խնդիրները։

Եկեղեցիների միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով, Արամ Ա Կաթողիկոսը հիշեցրեց Սրբազան Քահանայապետին Զատկվան տոնին միացյալ թվական ճշտելու անհրաժեշտությունը, որպես շոշափելի արտահայտություն քրիստոնեական միության և այս ուղղությամբ անցյալում իր կատարած աշխատանքը, որպես ատենապետ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդին։ Ֆրանցիսկոս Պապը ողջունելով Վեհափառ Հայրապետին գաղափարը՝ հայտնեց, որ վերջին տասնամյակների ընթացքում Կաթոլիկ եկեղեցին բազմիցս շեշտած է նույն գաղափարը և այսօր ևս համաձայն է Զատկվան տոնի միացյալ թվականի ճշտման։

Այս առիթով Արամ Ա Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց, որ Լիբանանը ունեցավ իր նորընտիր նախագահը։ Ֆրանցիսկոս Պապն ուրախությամբ ողջունեց Լիբանանի նախագահական ընտրությունը և շեշտեց Լիբանանում քրիստոնյա-իսլամ համերաշխ գոյակցության ու սերտ գործակցության հրամայականը։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Սրբազան Քահանայապետին նվիրեց վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կատալոգը՝ «The Armenian Catholicosate of Cilicia: History, Treasures, Mission»: Ֆրանցիսկոս Պապն էլ իր հերթին հուշանվեր հանձնեց Վեհափառ Հայրապետին։

 

 

Աղբյուրը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայք, Անթիլիաս, Լիբանան. www.armenianorthodoxchurch.org