ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄ, Վիրահայոց թեմ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, առաջնորդանիստը՝ Թբիլիսիի Ս.Գևորգ (Կաթողիկե Ս. Գևորգ) եկեղեցի: Ենթադրվում է, որ թեմը հիմնվել է XII դարում: Առաջնորդանիստն է եղել Տփղիս (Թբիլիսի) քաղաքի Ս. Գևորգ եկեղեցին (XIII դարից):

Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցիԹեմակալ առաջնորդների մասին ամենահին հիշատակությունը վերաբերում է XII դ. 70-ական թթ.: Հիշվում է Բարսեղ (Բասիլիոս) արքեպիսկոպոսը, որը 1178-ին մասնակցել է Հռոմկլայի եկեղեցական ժողովին: Նախքան Վրաստանի թեմի հիմնվելը, դեռևս VII դ. վիրահայ համայնքը ղեկավարել են հայ եպիսկոպոսներն ու քահանաները, հայերն ունեցել են իրենց եկեղեցիներն ու մատուռները: 754-ին Տփղիսում կառուցվել է հայկական Հրեշտակապետաց եկեղեցին (1593-ին ավերվել է, հիմնովին վերակառուցվել է 1781-ին և վերջնականապես քանդվել 1937-ին): Պատմիչ Ուխտանեսի վկայությամբ, 850-ական թթ. Տփղիսում գործել է հայ Կիրակոս քահանան, որը գերազանց տիրապետել է վրաց գրին ու գիտությանը: 931-ին կառուցվել է Հարանց վանքը (վերանորոգվել է 1430, 1715-ին, իսկ 1900-ին՝ հայ մեծահարուստ բարերար Ա. Մանթաշովի միջոցներով): Եկեղեցուն կից եղել է հայկական գերեզմանատուն:

Ըստ հս-արմ. արտաքին պատի արձանագրության, Կաթողիկե Ս. Գևորգ եկեղեցին կառուցել է հայազգի իշխան Ումեկը 1251-ին՝ վերակառուցելով արաբ. արշավանքների ժամանակ հիմնահատակ քանդված եկեղեցին: Եկեղեցու հս. պատի տակ են գտնվում գուսան Սայաթ-Նովայի (ավանդություն) և գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանի գերեզմանները: Եկեղեցու բակում են թաղված հայ նշանավոր զորավարներ կոմս Մ. Լոռիս-Մելիքովը, գեներալներ Ա. Տեր-Ղուկասովը, Հ. Լազարյանը, Բ. Շելկովնիկովը և ուր.:

Հետագա դարերում Տփղիսում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Մուղնու Ս. Գևորգը (կառուցվել է 1356-ին, նորոգվել՝ 1752, 1860-ին), Նորաշենի Ս. Աստվածածինը (կառուցվել է 1507-ին, նորոգվել՝ 1650, 1795, 1830-ին): Վերջինիս ներսում պահպանվել են XVIII դ. պալատական նկարիչ Հ. Հովնաթանյանի որմնանկարները:

Հիշատակության արժանի են նաև Թիֆլիսի Բեթղեհեմի Ս. Աստվածածին (կառուցվել է XIII դ. 2-րդ կեսին, նորոգվել՝ 1718, 1884, 1898- ին), Կուսանաց Ս. Ստեփանոս (կառուցվել է 1727-ին, նորոգվել՝ 1868, 1910-ին), Ս. Նշան Նիկողայոս (կառուցվել է 1703-ին, նորոգվել՝ 1784, 1868-ին) եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատան եկեղեցին: Վերջինս հայ իշխան Բեհբութովները 1655-ին կառուցել են որպես տապանատուն, որը վերածվել է պանթեոնի:

Այստեղ են թաղվել հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի հայտնի դեմքեր Րաֆֆին, Ղ. Աղայանը, Մուրացանը, Գ. Արծրունին, Ջիվանին, Նար-Դոսը, Պ. Պռոշյանը, Գ.Սունդուկյանը, Հ. Թումանյանը, Ա. Ծատուրյանը, Մ. Եկմալյանը և ուր.: 1804-ին Թիֆլիսում գործել է շուրջ 35 հայկական եկեղեցի և մեկ մենաստան: Վիրահայոց թեմի առաջնորդներից շատերը եղել են ականավոր հոգևորականներ, մտավորականներ, հասարակական-քաղաքականՀավլաբարի Էջմիածնեցոց Ս. Գևորգ եկեղեցի գործիչներ, ովքեր ազգանվեր աշխատանք են կատարել ոչ միայն Վրաստանի, այլև համայն հայության կյանքում: Նրանցից վեցը՝ Սարգիս Դ Վրաստ անցին, Հովհաննես Ը Կարբեցին, Ներսես Ե Աշտարակեցին, Մակար Ա Թեղուտցին, Գևորգ Ե Սուրենյանցը, Գևորգ Զ Չորեքչյանը, հետագայում օծվել են Ամենայն հայոց կաթողիկոս,Գարեգին Ա Հովսեփյանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս: Վիրահայոց թեմի առաջնոր դներ են եղել բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն վրդ. Ալամդարյանը, Ստեփանոս արք. Արղությանը, որի օրոք Թիֆլիսում կառուցվել է թեմի եռահարկ առաջնորդարանը: 1824-ին Ներսես արք. Աշտարակեցին հիմնել է Ներսիսյան դպրոցը, որը նշանակալից դեր է խաղացել հայոց կրթական, հոգևոր և մշակութային կյանքում:

1826–28-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Թիֆլիսում Ներսես արք. Աշտարակեցու և Հ. Ալամդարյանի նախաձեռնությամբ ստեղծվել են հայկ. կամավոր. գումարտակներ՝ ռուսական բանակի կովկասյան կորպուսի ռազմական  գործողություններին աջակցելու նպատակով:
1827-ի մայիսի 15-ին Ս. Գևորգ եկեղեցու գավթում առաջին գումարտակին հանձնվել է հատուկ զինադրոշ: Առաջին աշխարհամարտի ժամանակ Վրաստանի թեմի եռանդուն աջակցությամբ հայկական կամավորական  ջոկատներ են ստեղծվել Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով:
Վիրահայոց թեմում իր գործունեությամբ աչքի է ընկել հատկապես արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունին: Նրա առաջնորդության 20 տարիների ընթացքում կառուցվել են շուրջ 60 եկեղեցի, բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնցից նշանավոր են նոր Կարապետյան վարժարանը (հիմն. 1842–44-ին) Ախալցխայում և Մեսրոպյան արական դպրոցը՝ Ախալքալաքում: 1837-ին Վրաստանում հաշվվում էր 198 հայկական եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903-ին, ներառյալ Արդվին-Արտանուշ շրջանը, եկեղեցիների թիվը հասել է 256-ի:
Խորհրդային  իշխանության տարիներին ծավալված բռնությունների և հալածանքների հետևանքով փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը: Թբիլիսիում քանդվել են Կուկիայի Ս. Գրիգոր (կառուցվել է 1789-ին), Հավլաբարի Ս. Կարապետ (կառուցվել է 1400-ին, վերակառուցվել 1790-ին), Ս. Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1894-ին), Խարփուխի Ս. Սարգիս (կառուցվել է 1716-ին), Հարանց վանք, Հրեշտակապետաց, Մետեխիի Ս. Վարդան (կառուցվել է 1893-ին), Ջիգրաշենի Ավետյաց Ս. Աստվածածին (կառուցվել է 1704-ին), Նավթլուղի Ս. Գևորգ (կառուցվել է 1897-ին), Խոջիվանքի և այլ եկեղեցիներ ու վանքեր: Վրաստանում VII–XX դդ. կառուցվել է մոտ 650 հայկական եկեղեցի, որոնցից կանգուն են շուրջ 320-ը:
Թբիլիսիում ներկայումս գործում են Կաթողիկե Ս. Գևորգ և Հավլաբարի Էջմիածնեցոց Ս. Գևորգ, Ախալքալաքում՝ Ս. Խաչ, Նինոծմինդայում (նախկին Բոգդանովկա)՝ Ս. Սարգիս, Ախալցխայում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Ախալցխայի Ծուղրութ գյուղում ցայսօր պահվում է միջնադարյան արվեստի և մանրանկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններ «Ծուղրութի Ավետարանը» (X դ.) և «Գինոսենց Ավետարանը» (X դ. 1-ին կես): Վերականգնողական աշխատանքներից հետո սկսել են գործել ևս 4 եկեղեցի Ախալցխայի շրջանում, Ս. Փրկիչը՝ Բաթումում, Ս. Աստվածածինը՝ Մառնեուլի շրջանում:
Վրաստանի թեմի առաջնորդն է Գևորգ արք. Սերայտարյանը (1973-ից): Մեսխեթ-Ջավախքում առաջնորդական փոխանորդ է նշանակվել Բաբկեն աբեղա Սալբիյանը (2000-ից), Բաթումում հոգևոր հովիվ կարգվել Աբգար աբեղա Հովակիմյանը (1998-ից):

 
 
Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 985-986:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am