ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ (պահլավ. vem – քար, արձան և գրություն բառերից, որի տարբերակն է` արձանագրություն): Նեղ իմաստով նշանակում է քարի վրա փորագրված գրություն, սակայն գործածության ընթացքում իմաստն ընդլայնվել է` ընդգրկելով նաև իրերի, առարկաների, պատերի վրա փորագրված հիշատակության ու մակագրության նմուշները: Գրանյութի առանձնահատկության պատճառով վիմագիրները համառոտել են հաղորդելիքը և քանդակել հիմնականում եզակի օրինակով: Վիմագրություները բազմաբնույթ են (քաղաքական, ռազմական, շինարարական, օրենսդրական, տնտեսական, առևտրական, կենսագրական ևն) և առաջնակարգ նշանակություն ունեն այս կամ այն ժամանակաշրջանի համակողմանի ուսումնասիրման համար: Դրանց հետազոտությամբ զբաղվում է վիմագիտությունը:

Վիմագրությունն առավելապես տարածված է եղել Հին Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում, Իրանում, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում և այլուր: Հնագույնները Ք. ծ. ա. V–III հազարամյակից են: Հայաստանը Վիմագրություններով հարուստ մշակութային միջավայր է. այստեղ հայտնաբերված ամենահին Վիմագրությունները Ք.ծ.ա. XII–VI դդ-ից են (աքքադական և ուրարտական), որոնց փոխարինել են արամեերեն, հունարեն, պահլավերեն, լատիներեն արձանագրությունները:

Հայկական վիմագրության անդրանիկ նմուշներն ստեղծվել են մեսրոպյան գրերի գյուտից հետո (V դ., Տեկոր, Երուսաղեմ): Պատկառելի թիվ են կազմում VII դ. շինարարական արձանագրությունները (Բագավան, Բագարան, Մրեն, Նախճավան, Արուճ, Եղվարդ, Ավան, Մցխեթ ևն): Հայոց մեծ թվականը առաջին անգամ գործածվել է Բագավանի 639-ի վիմագրում` Հայոց ՁԸ թվականին (88+551): Հայկական վիմագրությանը բնորոշ է թվագրման ստուգությունը (այստեղ անվերապահ է Մովսես Խորենացու ազդեցությունը), բազմաքանակությունը: Վերջինս հետևանք է քաղաքական անկայունության, երբ դժվար էր ապահովել վավերագրերի, վճիռների, նվիրատվությունների, հարկային սահմանումների և այլ պայմանավորվածությունների պահպանումը արքունական, կաթողիկոսական կամ իշխանական դիվաններում: Սրբատաշ քարակերտ պաշտամունքային կառույցների պատերը երաշխավորել են, որպես ուխտատեղի, վավերագրերի պահպանման տևականություն և անվերապահ կատարում: Իբրև անփոխարինելի աղբյուր Վիմագրությունները պատմական շարադրանքում օգտագործել են Մովսես Խորենացին, Սեբեոսը, Ստեփանոս արք. Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Քանաքեռցին և այլք: XVIII դարից սկսվել և XIX դ. կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հորդորով լայն ծավալներ է ստացել վիմագրերի հավաքման և հրատարակման գործը: Հազարավոր արձանագրություններ են ընդօրինակել և հրապարակել Հովհ. Շահխաթունյանցը, Հ. Շնողեցին, Ս. Ջալալյանցը, Մ. Բրոսսեն, Ն. Սարգսյանը, Ղ. Ալիշանը, Ա. Մխիթարյանը և այլք: Սակայն կազմված անդրանիկ ժողովածուն Կ. Կոստանյանցի «Վիմական տարեգիրն» է (1913)` ակադ. Նիկողայոս Մառի գիտական խմբագրությամբ: Հայ վիմագրության հավաքման ու վերլուծության մարզում բացառիկ է ակադ. Հովսեփ Օրբելու վաստակը: Նրա գործը շարունակել են հնագետ-վիմագրագետներ Ս. Բարխուդարյանը, Կ. Ղաֆադարյանը, Ա. Քալանթարը և հայագետ Ս. Ավագյանը: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակում է «Դիվան հայ վիմագրության» մատենաշարը (պր. I–VIII, 1960–99): Մեծարժեք են Պ. Մուրադյանի, Գ. Գրիգորյանի, Ս. Սաղումյանի, Գ. Սարգսյանի և այլոց հրատարակությունները:

 

                                                               Մուրադյան Պ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 981:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am