«ՎԱՐՔ ՀԱՐԱՆՑ»,  Հայրերի վարք, քրիստոնեական եկեղեցու նշանավոր սուրբերի կյանքը, գործը, խրատական իմաստախոսություններն ու խորհրդածությունները պարունակող ժողովածու: «Վարք հարանց»-ի  մաս կազմող միավորներից (հոդվածներից) շատերը թարգմանվել են V դ., հուն-ից, ասոր-ից և հետագայում՝  VIII դ. զետեղվել Սողոմոն Մաքենացու կազմած Ճառընտիր ժողովածուի մեջ, որի նյութերի թարգմանիչներից է Սիմեոն Միայնակյացը: Նա հիշվում է իբրև թարգմանիչ 70 վարքագր. միավորների: Սիմեոնից զատ, իբրև թարգմանիչներ հիշվում են Ս. Ատոմավանքի վանահայր Գագիկը (IX–X դդ.) և Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը (1113–66): «Վարք հարանց»-ի ցաքուցրիվ միավորները, առաջին անգամ մեկտեղվելով, ի մի են բերվել 1192-ին, Կիլիկիայի Սկևռա վանքում՝ Ներսես Լամբրոնացու հանձնարարությամբ:

XIV դ. Կիլիկիայում հուն-ից և ասորերենից ի նորո կատարված թարգմանություններով վերստին կազմվել է մի նոր «Վարք հարանց»-ը որն ամենայն հավանականությամբ հիմնված էր ժամանակի ընթացքում առավել ճոխացված հունարեն և ասորերեն համապատասխան ժողովածուների վրա: «Վարք հարանց» ժողովածուն կազմված է շուրջ 100 զանազանաբնույթ միավորներից, որոնք բովանդակում են անապատական հայրերի վարքն ու բարքը, հոգևոր, կենցաղավարական հրահանգները («Վարք Պաւղոսի Անապատականին»«Անտոնեայ կենցաղական»«Սերապիոնի թուղթ առ աշակերտս Անտոնի»«Վարք Պաւղոսի Միայնակեցի»,  «Պատմութիւն Մակարայ Եգիպտացւոյ»«Վասն կատարեալ առաքինութեան»«Վասն հանդարտութեան»«Վասն արիութեան եւ համբերութեան»«Սերապիոնի Թումացւոյ բանք»«Մովսէսի Միայնակեցի առ Ամոն»«Խրատք Նեղոսի» ևն):

«Վարք հարանց»-ը լայնորեն կիրառվել է հայ միջնադարի վանական դպրոցներում: Ուսումնական նպատակների համար այնտեղ առկա առավել ներկայանալի միավորները ներմուծվել են առանձին ժողովածուների մեջ: Այդպիսիներից է Վարդան Արևելցու կազմած  «Ի Հարանց վարուց քաղածոյ» (Մատենադարան, ձեռ. դդ 108, 657) բնագիրը: Տես նաև Վարքագրություն:


                                                         Քյոսեյան Հ.  

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 975-976: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am