ՎԱՐՈՍ, ճգնավոր, սուրբ Վարոս, Գյուտ (ծ. և մ. թթ. անհտ), տոնելի սուրբ, V դարի վերջի հայ ճգնավորության նշանավոր ներկայացուցիչներից, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից: Եղբոր՝ Թաթուլի հետ ճգնել է Գաբեղենից (Գաբեղյանց) գավառի լեռներում գտնվող Վիշապաձոր վայրում (արդի Կաղզվան քաղաքի մոտակայքում), ապա առանձնացել և, մարդկանցից լրիվ մեկուսացած, խստակրոն ճգնական կյանք է վարել Դիցամայր (Դիցմայր) կոչված լեռնային քարանձավում: Տարիներ անց մարդիկ պատահաբար գտել են նրան ճգնելիս և, իսկական անունը չիմանալով, անվանել են Գյուտ: Այստեղ հավաքվել են բազմաթիվ ճգնակյացներ և կառուցել Գյուտի վանքը: Առաջնորդ են ընտրել Վարոսին՝ որպես տեսանողի և Սուրբ Հոգու առաջնորդությունն ունեցողի, և հաստատել վանական կարգ ու կանոն: Վարոսը  վախճանվել է խոր ծերության հասակում և ամփոփվել ճգնավայրում՝ Գյուտի վանքում (ըստ այլ պատումի՝ Գյուտի վանքը կառուցվել է նրա մահից հետո):

Հայ եկեղեցին ս. Վարոսի, ս. Թաթուլի և ս. Թումասի հիշատակը տոնում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը՝ ս. Անտոն և ս. Կրոնիդես ճգնավորների հիշատակի հետ միասին:

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 975:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am