ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ուսմունք, ուսուցում (հուն.` διδασκαλια, διδαχηv, լատ.` doctrine),աստվածաբանության մեջ Վարդապետություն եզրով բնորոշվում է ուղղափառ դավանանքի վրա հիմնված հավատի ուսուցումը, որն անհրաժեշտ է փրկության համար: Քրիստոնեական Վարդապետությունը Սուրբ Հոգու սրբազան ավանդության անբաժանելի մասն է. Աստծո Հոգին մշտապես ներգործում է եկեղեցում որպես կենդանի ուսուցիչ և հոգևոր կյանքի առաջնորդ: Ճշմարիտ Վարդապետությունը հաստատվում և վավերացվում է եկեղեցու փորձառությամբ:

Եկեղեցին Աստծուց շարունակաբար տրվող հայտնութենական ճշմարտությունների ոչ միայն կենդանի կրողն է, այլև` այդ ճշմարտությունները վարդապետական ուղիներով փոխանցողը:

Վարդապետության պատմական փոխանցումը տեղի է ունենում Աստծո «սրբազան անոթների»՝ եկեղեցու հայրերի և վարդապետների միջոցով, որոնց տրված է առանձնահատուկ վարդապետական շնորհ: Վարդապետական գիտելիքի արգասավորման համար անհրաժեշտ է, որ այն իրագործվի սեփական փորձառությամբ` թե՛ ուսուցանողի և թե' ուսուցանվողի կողմից:

Քրիստոնեական Վարդապետությունը փիլիսոփայական համակարգ չէ, այլ ճշմարիտ Վարդապետի` Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ հաստատված կյանքի գիտություն, որ տանում է մարդուն դեպի հավիտենական կյանք: Քրիստոնեական Վարդապետությունը մշտապես նորոգվում է Սուրբ Հոգու շարունակական ուսուցմամբ. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչը ես ասացի ձեզ» (Հովհ. 14.26):

Քրիստոնեական Վարդապետությունը նույնացվում է կատեխիզիսի հետ, որը նախապես նշանակել է հավատքի ուսուցում մկրտության նախապատրաստվողների համար, սակայն այսօր գործածվում է ավելի լայն իմաստով` որպես քրիստոնեական հավատքի ընդհանուր ուսուցում:

                                                          քհն. Արամյան Մ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 972-973

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am