ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ, վարդապետանոց, միջնադարում վանքերին կից բարձր կարգի դպրոց, որի շրջանավարտներին կարող էր շնորհվել վարդապետի գիտական աստիճան և ինքնուրույն գործելու (դպրանոց հիմնելու, վարդապետելու, քարոզելու ևն) իրավունք:

Ունեցել է կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն: Ուսումնական ծրագիրը ընդգրկել է հոգևոր և աշխարհիկ կրթությանը վերաբերող առարկաներ՝ Սուրբ Գիրք, աստվածաբանություն, փիլիսոփայություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, մատենագիտություն, թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, գրչության արվեստ, մանրանկարչություն, երաժշտություն, խազագիտություն ևն:

Վարդապետարանները եղել են նաև գրչության, գիտության ու մշակույթի արգասաբեր կենտրոններ: Ձեռագիր մատյանները հիմնականում գրվել, ընդօրինակվել, նկարազարդվել, կազմվել ու պահպանվել են Վարդապետարաններում: Անդրանիկ Վարդապետարանը հիմնադրվել է Վաղարշապատում: Մեծահռչակներից են եղել Սյունյաց, Արշարունյաց, Սանահինի, Սևանի, Անիի, Հաղպատի, Տաթևի, Գոշավանքի, Խորանաշատի, Խոր վիրապի, Մշո Առաքելոց, Գլաձորի, Հերմոնի, Գեղարդի, Երզնկայի, Խառաբաստա վանքի, Ամրդոլու, Մեծոփավանքի և Կիլիկյան Հայաստանի Դրազարկի, Ակների, Արքակաղնիի, Հռոմկլայի, Սկևռայի, Գռների վանքերի Վարդապետարաները, որոնք տվել են հոգևոր, մշակույթի, գիտության, հասարակական ու քաղաքական բնագավառների բազմարդյուն գործիչներ:

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 972:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am