Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ուշիի Ս. Սարգիս վանք

 ՈՒՇԻԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՎԱՆՔ,  ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղից 1 կմ արևմուտք, բարձունքի վրա: Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները: Ըստ Հայսմավուրքում պահպանված տեղեկության, հիմնադրվել է V դ., երբ Մեսրոպ Մաշտոցը ս. Սարգսի աճյունը բերել է սկզբում Կարբի, ապա՝ Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել վանք: Հնագույնը Ս.Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հս-ից կից ավանդատուն: Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով: XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր տորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն): Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը: 

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ: 1264-ին Ս. Աստվածածին եկեղեցուն հվ-ից կից կառուցվել է վանքի գավիթը՝ քառակուսի հատակագծով, հզոր  որմնամույթերի վրա հիմնվող երկու զույգ խաչվող կամարներով իրականացված ծածկով (այժմ՝ քանդված): Ունի երկու մուտք՝ հս-ից՝ Ս. Աստվածածին եկեղեցուց, և արմ-ից, հվ. պատին կան լայն, զույգ լուսամուտներ: 

Գավթի և Ս. Աստվածածին եկեղեցու արմ. ճակատի դիմաց կցվել է ուղղանկյուն սրահ, որի հվ. ծայրին 1311-ին կառուցվել է զանգակատուն (չի պահպանվել): 

1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացված պարիսպներ, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ: Հվ-արմ. կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը: Վանքի գլխավոր մուտքը հվ-արլ-ից է: 

1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է: 1999-ից, Շահե արք. Աճեմյանի նախաձեռնությամբ և  հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները, հայտնաբերվել են մշակութային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ ևն:

                                                                                                     Բաբայան Ֆ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1039-1040:


Տես նաև՝

Յայսմաւուրք, ԿՊ., 1706:

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց,  Ե., 1990:  

Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842:

Գասպարյան Ռ., Ուշիի Ս. Սարգիս վանքի վիմագրական  արձանագրությունները, ԼՀԳ, 1993, N 1: 

 

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am