ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԹԵՄ  Հայաստանյայց  առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1983-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով, որով Հվ. Ամերիկայի հայրապետ. պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի թեմերի: Առաջնորդանիստը ՝ Մոնտեվիդեոյի Ս. Ներսես  Շնորհալի եկեղեցի:  

Ուրուգվայում հայերը հաստատվել են 1920-ական թթ.: 1923-ին հիմնվել էՄոնտեվիդեոյի Ս. Ներսես  Շնորհալի եկեղեցին ուրուգվահայության առաջին ազգային կառույցը՝ Գաղութային միությունը, ընտրվել է վարչություն: Նույն թվականին Մոնտեվիդեոյի Սերրո կոչվող թաղամասում հայերը գնել են տուն, որը ծառայել է որպես եկեղեցի և դպրոց: 1929-ին համայնքում իրարից անջատ գործել են երկու եկեղեցականներ՝ Ներսես վրդ. Տոլապճյանը և Դիոնիսիոս քհն. Տրեզյանը: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր հետևորդները: 1933-ին Ուրուգվայի հայ հոգևոր համայնքն Արգենտինայի և Բրազիլիայի հետ ընդգրկվել է Հվ. Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Հայրապետական պատվիրակ է նշանակվել Գարեգին արք. Խաչատուրյանը (1937–1951, 1951–61-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): Նա շրջաբերականով դիմել է տեղի հայությանը՝ վերջ տալու հոգևոր ծխերի անջատ գործունեությանը: Հոգևոր հովվության կանոնադրությունն առանձին գրքույկով լույս է տեսել 1939-ին, նույն թվականին հաստատվել է հայրապետական պատվիրակության կողմից, հետագայում վավերացրել է նաև Ուրուգվայի կառավարությունը: 1964-ին կատարվել է Ս. Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնարկեքը, 1965-ին՝օծումը: Նախկին եկեղեցիները, որոնք պարզ շինություններ էին, դադարել են գործել: 

Համայնքը ղեկավարող և պաշտոնապես ներկայացնող կազմակերպությունը եկեղեցու կենտրոնական վարչական խորհուրդն է: Մոնտեվիդեոյում թեմի հովանավորությամբ գործում է Ներսեսյան ամենօրյա վարժարանը, կից՝ մանկապարտեզ և նախակրթարան: 

Ուրուգվայի թեմի առաջնորդն է  Հակոբ եպս. Գըլընճյանը (1984-ից):

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1041:

 

Տես նաև՝ 

Ուրուգվայի հայ համայնքի եկեղեցին:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am