ՈՒԽՏ, երդում, խոստում, դաշինք՝ կնքված Աստծո և մարդու միջև: Աստվածաշունչը հիշ ատակում է հավիտենական Ուխտեր, որ Աստված է կնքել Նոյի («Տեր Աստված ասաց Նոյին.«Իմ ու ձեր միջև, ձեզ հետ եղող ամեն կենդանի էակի միջև գալիք բոլոր սերունդների համար իմ հաստատած ուխտի նշանն այս է. իմ ծիածանը կկապեմ ամպերի մեջ: Եվ դա թող լինի իմ ու ողջ երկրի միջև հավիտենական ուխտի նշանը... Այլևս ջրհեղեղ չի լինի, որպեսզի բոլոր էակները չոչնչանան», Ծննդ.9.12–17), Աբրահամի (Ծննդ. 15, 17), Մովսեսի կամ Իսրայելի (Ելք 24, 34.10–27) և մյուս նահապետների հետ:

Թվեր գրքում Մովսեսի ձեռքով հաստատվ ել են ուխտյալների կանոնները. ուխտյալը պիտի հրաժարվի ոգելից խմիչքից և Ուխտի ամբողջ ժամանակաընթացքում գլուխը չածիլի, քավության զոհ ու նվերներ մատուցի Տիրոջը ևն (Թվեր 6):

Խորհրդավոր ընթրիք (նկարիչ՝ Հովսիան, Ավետարան, 1306 թ.)Հիշյալ կանոնները հայ քրիստոնեական իրականության մեջ պահպանվել են և՛ նույնությամբ, և՛ բովանդակային որոշ փոփոխակներով. Ուխտ անողը խոստանում է ընծայվել՝  ծառայել որևէ սրբության (սուրբին, վանքին ևն), պատերազմել հանուն հավատքի, քահանայագործել, բարեգործել (կառուցել եկեղեցի, դպրոց, դրամ բաժանել չունևորներին ևն), զոհաբերություն կատարել, իր կամ իր զավակի վարսերը առժամանակ չկտրել, կատարել ուխտագնացություն, ծոմ պահել ևն: Այսօրինակ Ուխտերը, ի տարբերություն վերոհիշյալ հավիտենական Ուխտի, մարդն է հաստատում իր և Աստծո միջև. Դրանք ժամանակավոր Ուխտեր են, որոնց վերջնական նպատակն է՝  մաքրագործվելու միջոցով արժանի լինել փրկության, աստվածային որևէ շնորհի կամ բարեգործության: Ուխտի ձևեր են նաև ճգնավորությունը և կուսակրոնությունը:

Հայ եկեղեցին, ինչպես և ողջ  Ընդհանրական եկեղեցին, հիմնվելով Ս. Գրքի վրա, որպես հավիտենական և մեծագույն Ուխտ է ընդունում Աստծո  Ուխտ՝  Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված իր՝ Հայր Աստծո և մարդկանց միջև. դա Հայր Աստծո  ծրագիրն է՝  այն հաշտարար ու փրկարար Ուխտ, որ ի կատար ածեց Աստծո Որդին՝ մարդանալով և իր քավիչ արյունը հեղելով Գողգոթայի խաչի վրա: Մյուս Ուխտերն այս Ուխտի նախօրինակներն են: Մեծագույն ուխտյալն ինքն Աստվածն է, և Հիսուսն է նրա հաշտության հավիտենական ծիածանը:

Նոր կտակարանում, Հիսուսի ծնունդն ավետելիս, երկնային զորքերը ազդարարում են հովիվն երին հենց այդ Ուխտի կատարումը.  «..Փառք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ...» (Ղուկ. 2.14):

Ինքը՝ Հիսուսը, վերջին՝ զատկական ընթրիքի ժամանակ, օրհնելով հացն ու գինին, հայտնում է իր տնօրինական Ուխտի կատարումը՝  ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթ. 26.28, տես նաև Ղուկ. 22.19–20):

Ուխտագնացությունը Ուխտի կատարման մի ձև է, որը I դարի՝ առաջին քրիստոնյաներից եկած և ցայսօր ապրող ավանդույթ է՝  այցելել Երուսաղեմ՝ իրենց աչքերով տեսնելու Քրիստոսի կյանքի հետ կապ ունեցող սրբավայրերը՝ Բեթղեհեմը,

Գողգոթան, Հիսուսի գերեզմանը, մյուս սրբությունները: Այսօրինակ այցելուն կոչվել է ուխտյալ կամ մահտեսի: Ուխտագնացություն կատարվում է նաև այլ սուրբ տեղիներ. դա կարող է լինել որևէ վանք, մատուռ, մարտիրոսի գերեզման ևն:

Ուխտագնացության հետ սերտորեն առընչվում են ուխտագնացությ ան երգերը, որոնք հայ ժողովրդական երաժշտության մեջ մի առանձին բաժին են կազմում: Դրանցում արծարծվում են հիշյալ ծեսի հետ կապված տարբեր պահեր՝ Ուտագնացության նպատակը, ուխտատեղիի գովքն ու նկարագիրը ևն: Հատկապես նշանավոր են «մուրազատու» «Մշո սուլթան» Ս. Կարապետ վանքին նվիրված երգերը, որոնք կոչվում են նաև «Ս. Կարապետի երգեր»:

Ուխտագնացության  երգերը հայ իրականության մեջ քանիցս հրատարակվել են (Սեդրակյան Ա., «Քնար մշեցւոց և վանեցւոց»  1874, էջ 6–9):

Եղանակները հայտնաբերել է Կոմիտասը: Կան նաև հատուկ ուխտագնացության պարեր, ինչպես «Մշո շորոր»  որը նույնպես գրառել ու մշակել է Կոմիտասը:

Ուխտ է կոչվում նաև կուսակրոնների եկեղեցական այն միաբանությունը, որի անդամները խոստացել կամ ուխտել են ապրել և ծառայել ժողովրդին ու Աստծուն (օր., Մխիթարյան Ուխտ, Երուսաղեմի առաքելական աթոռի Ուխտ):

Ուխտ նշանակում է նաև վանք՝  Արքայակաղնի Ուխտ  (Արքայակաղնի վանք), Մաքենյաց Ուխտ (Մաքենյաց վանք) ևն: Ուխտի գրքեր են անվանվում Աստվածաշնչի մասերը. Հին կտակարանը՝ Հին Ուխտ, և Նոր կտակարանը՝ Նոր Ուխտ:

Ուխտի կատարման համար Ս. Գիրքը հետևյալ պատվերն է տալիս հավատացյալ ժողովր դին, նրա՛նց, ովքեր կամենում են Ուխտ կապել Աստծո հետ. «Եթե չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարվի քեզ: Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛ւյշ եղիր, որ անես այնպես, ինչպես որ ուխտել ես քո Տեր Աստծուն...» (Բ Օրինաց 23.22–23):

                                                                                Սարգսյան Լ.


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1031- 1032:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am