ՑԻՊՆԱՎԱՆՔ, Դաստակ, Ս. Ստեփանոս  Նախավկա վանք, Արծկեի վանք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, Վանա լճի հյուսիսային մասում, Ցիպան կամ Արծկե կղզու հարավում: Հիշատակում է Թովմա Մեծոփեցին (1378–1446): Ըստ նրա, Դաստակ է կոչվել այդտեղ ս. Ստեփանոս Նախավկայի դաստակը պահելու համար: Ցիպնավանքը ունեցել է բարձրակարգ դպրոց [հիմն. XIV դ. 60-ական թթ., Վարդան Ճգնավորի (Տիրատուր րաբունապետի սան) ջանքերով], եղել միջնադարյան Հայաստանի կրթական և գրչության կենտրոններից: Հետագա գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի է, որ այդ դպրոցի սան Գրիգոր Խլաթեցու րաբունապետությամբ, 1406-ին Ցիպնավանքում է տեղավորվել Խառաբաստավանքի վարդապետարանը, որը շուտով փակվել է: Հետագայում Ցիպնավանքում Գրիգոր Խլաթեցին հիմնել է դպրոց, որտեղ գիտամանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել, խմբագրել է Հայսմավուրք, Տոնական, Գանձարան ժողովածուները, ինչպես նաև ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր, որոնցից  մի քանիսը (NN 3440, 3414, 5328, 8366 ևն) պահվում են Մատենադարանում: Ցիպնավանքում Գրիգոր Խլաթեցու աշակերտներից Հովհաննեսը, Կարապետը, Թովման, Առաքել Բաղիշեցին և այլք գրել են իրենց ուսուցչի վարքը:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1027-1028:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am