Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ցղնայի Ս. Աստվածածին վանք

 ՑՂՆԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ,  պատմական Գողթն գավառի Ցղնա գյուղում (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջանում): Հիշատակվում է XIV դարից (1349-ին վանքում Ավետարան է ընդօրինակվել): Վանքի եկեղեցին կառուցվել է 1683-ին, XII–XIIIՑղնայի Ս. Աստվածածին վանքի եկեղեցին (1683) հվ-արլ-ից: դդ. եկեղեցու տեղում, քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով, վաճառականներ Անդրեասի, Սիմոնի, Հակոբի, Բաղդասարի և Գուրգենի միջոցներով: Մահանալուց հետո նրանց, բացառության կարգով, թաղել են եկեղեցու բակում: Հվ. և արմ. դռներն ունեն ճոխ հարդարված շքամուտքեր, որոնցից արմ-ի բարավորին քանդակված է զույգ հրեշտակների կողմից թագադրվող Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, իսկ հվ-ին՝ Պողոս և Պետրոս առաքյալները: Մուտքերի ուղղանկյուն բացվածքները պարագծով եզերող լայն գոտիները ծածկված են արևմտաեվրոպական բարոկկոյի ոճի զարդաքանդակներով, ինչն արդյունք է Գողթն գավառի հայ վաճառականների՝ եվրոպական  երկրների և, առաջին հերթին, Իտալիայի հետ  XVII դ. ունեցած առևտրական սերտ կապերի: Արմ. պատին հայկական քանդակագործական արվեստում իր պատկերագրությամբ եզակի՝  Քրիստոսի մկրտության տեսարանն է. աջ կողմում կանգնած է Հովհաննես Մկրտիչը, իսկ ձախում Հորդանան գետի խորհրդանշանն է: Եկեղեցու հվ. մուտքի առջև եռաստիճան զանգակատունն է, որի առաջին հարկի մույթերին,խորշերի մեջ, խաչելության և կանգնած, ձեռքերը կրծքին խաչած Աստվածածնի խոշոր, ցցուն, համարյա ազատ ծավալով իրականացված քանդակներն են, որոնք կատարման ձևով ու ոճավորումով բացառիկ են ուշ միջնադարի հայկ. արվեստում: Եկեղեցու ներսում եղել են ս. Գրիգոր Ա Լուսավորչին և ս. Սեղբեստրոսին պատկերող որմնանկարներ (չեն պահպանվել): Վանքի պարսպապատ տարածքում գերեզմանոցն է՝ XVI դ. տապանաքարերով: 

                                                                                              Հասրաթյան Մ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  1028: 


Տես նաև՝

Ալիշան Ղ. Սիսական, Վնտ., 1893:

Լալայան Ե., Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11, 12, Թ.,1904–05:

Այվազյան Ա., Ցղնայի ճարտարապետական հուշարձանները, «Էջմիածին», 1978,N 3:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am