ՏՐԴԱՏ  Գ  ՄԵԾ, սուրբ Տրդատ (250-ական թթ. – մոտ 330), Հայոց Արշակունի արքա 287-ից: Քրիստոնեությունը պետական կրոն դարձրած առաջին թագավորը, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Հոր՝ Խոսրով Ա Մեծի (211–259) դավադր. սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ Անակ Պարթևի կողմից) մանկահասակ Տրդատին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Կրթվել և դաստիարակվել է հռոմ. Արքունիքում ՝ Լիկիանեսի (Լիկինիոս, 308–324) մոտ (313-ից՝ հռոմ. Արևելքի տիրակալ): Վայելել է կայսրեր Ավրելիանոսի, Տակիտոսի, Պրոբոսի և Տրդատ Գ ՄեծԿարոսի հովանավորությունը: Կատարելապես  տիրապետել է  լատիներենին, հունարենին, և ունենալով արտակարգ ուժ, աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ ու Հռոմեական կայսրության մղած պատերազմներում: Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արմ. Հայաստանի թագավոր (274–276): 287-ին Հռոմ. կայսր Դիոկղետիանոսը Տրդատին ճանաչել է Հայոց թագավոր: Վերջինս հռոմեական զորքերի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հս-ից թիկունքն ամրապնդելով  ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան տասը տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկ. քառասնամյա խաղաղության պայմանագրով (Հայաստանին են վերամիավորվել Անգեղտունը, Ծոփքը, Աղձնիքը, Կորդուքը, Ծավդեքը) Սասանյաններն  ստիպված հրաժարվել են  «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել  Տրդատ  Գ-ի գահակալումը: 

Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված  «Արտաշիսական» սահմանները (վարչատարածքային բաժանումը բդեշխությունների ու նախարարությունների միջև), անցկացրել նոր   «աշխարհագիր», կարգավորել հարկային համակարգը ևն: Գահակալման առաջին տարիներին հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սոսկալի չարչարանքների է ենթարկել  իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Գրիգոր Ա Լուսավորիչ) և իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Խոր վիրապի մեջ (տես Խոր վիրապի վանք): Ապա հրապարակելով հրովարտակ՝ կոչ է արել ջերմորեն պաշտել հայրենի աստվածներին, իսկ քրիստոնեության հետևողներին զրկել կյանքից ու գույքից: Մոտ 300-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում նահատակվել են Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի, թագավորն ու նախարարները պատժվել են  «Տիրոջ պատուհասով»: Արքան դիվահարվել է, դարձել խոզակերպ: Խոսրովիդուխտին (թագավորաքրոջը)երևացած տեսիլքի համաձայն՝ ընկնավորներին կարող էր բուժել միայն Արտաշատում  «կապյալ Գրիգորը»: Նրան Վաղարշապատ է բերել Խոսրովիդուխտի խնամակալ Օտա Ամատունին (301): Գրիգորը նախ աղոթքով վերադարձրել է դիվաբախների զգաստամտությունը, ապա, 65 օր ժողովրդին քրիստոնեություն քարոզելուց հետո, անսալով Տրդատ Գ-ի ու ցավագարներիՖրանչեսկո Զունյո <<Գրիգոր Լուսավորիչը մկրտում է  Տրդատ Գ-ին>> աղաչանքին՝ կատարելաբար բուժել է նրանց: Ապաշխարած ու դարձի եկած թագավորի մեծագործություններից էր եռանդուն մասնակցությունը երեք վկայարանների (տես Էջմիածնի Ս. Գայանե վանք, Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանք, Շողակաթ վանք) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը: Տրդատ Գ-ն,  հաշվի չնստելով «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի հետ (որն անկախ պետության գրավականն էր), ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և 301-ին պետական կրոն հռչակել Հռոմեական պետության մեջ հալածվող քրիստոնեությունը: Տրդատ Գ-ի բուն նպատակը Հայաստանի քաղաքական և հոգևոր միասնության, անկախ գոյավիճակի ապահովումն էր, հարևան այլակրոն պետությունների ազդեցությունից նրան զերծ պահելը: Երբեմնի մոլեռանդ հեթանոս թագավորը կործանել է հին հավատի տաճարներն ու բագինները և դրանց տեղում հիմնադրել քրիստոնեական Սրբերի վկայարաններ, եկեղեցիներ: Սկզբնական  շրջանում Հռոմեական կայսրությունը թշնամաբար է վերաբերվել քրիստոնեությունը պետ. կրոն ճանաչած  Տրդատ Գ-ին, սակայն հետագայում Հայոց արքային հաջողվել է դաշնակցային հարաբերություններ ստեղծել Կոստանդիանոս Մեծ կայսրի (306–337) հետ:

 Տրդատ Գ-ն  գիտակցել և կարևորել է թագավորության ամրապնդման գործում ամրակուռ նվիրապետության ստեղծումը: Առաջնահերթ խնդիր համարելով և պետ. հիմքերի վրա դնելով Հայոց եկեղեցապետի ընտրությունը՝ հրավիրել է հայ ավագանու ժողով և Գրիգոր Լուսավորչին կարգել Հայոց եպիսկոպոսապետ, ինչը վկայում է, որ եկեղեցին և հովվապետը պետք է ենթարկվեին թագավորական իշխանությանը:

302-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա զուտ ծիսական բնույթ ունեցող ձեռնադրությունը: 303-ի հունվ. 6-ի այգալույսին՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում (Արածանիի ակունքների մոտ) Գրիգոր Ա Լուսավորիչը  մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Ըստ ավանդության՝ մկրտությունից հետո թագավորը վերանվանվել է Հովհաննես (ի սեր Հովհաննես Մկրտչի), որի նշխարների մասերից մեկն էլ Գրիգոր Ա Լուսավորիչը բերել էր Բագավան: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է  «Տրդատի արձան»: Ըստ Ագաթանգեղոսի՝ նույն վայրում, յոթ օրերի ընթացքում Նաղաշ Հովնաթան - <<Տրդատը կնոջ Աշխենի և քրոջ Խոսրովդուխտի հետ>>մկրտվել են արքունական զորքը (թվով՝  «տասնհինգ բյուր») և ժողովուրդը (ՙչորս հարյուր բյուր՚): Հայ եկեղեցու սպասավորության մեջ  Տրդատ Գ-ի կամքով ընդգրկվել են նաև նախկին քրմեր և քրմորդիներ: Նա հոգ է տարել եկեղեցու համար սպասավորներ պատրաստելու մասին, հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հուն. և ասորական լեզուներով: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով՝ Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին  հատկացվել են չորսական ծխաբաժին հողատիրույթներ, ավաններում՝ յոթական: Թագավորի կամքով հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և օժտվել ապահարկությամբ: Տրդատ Գ-ի սատարմամբ և Գրիգոր Ա Լուսավորչի ջանքերով Հայ եկեղեցին յուրացրել է հեթանոս. հավատքի առավել ժողովրդական տարրերը (տես Վարդավառ, Տյառնընդառաջ ևն), որոնք ազգային երանգներ հաղորդելով քրիստոնեությանը, էականորեն նպաստել են նրա ժողովրդականացմանը: Տրդատ Գ-ն հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ, որը հատկապես աշխուժացել էր Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց հետո՝ Արիստակես Ա Պարթև կաթողիկոսի օրոք: Պայքարն ուղղված էր հեթանոսությանը սատարող պարսից  Շապուհ II արքայի (309–379) դեմ: Վերջինս, չնայած Մծբինի պայմանագրին, չէր հրաժարվել նվաճողական նկրտումներից և ձգտում էր դրանք իրականացնել կրոնական գործոնի միջոցով (Հայաստանի հեթանոսամետ նախարարները վերածվել էին պարսկասեր  ուժերի): Շապուհին հաջողվել է Տրդատ Գ-ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հս. Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց թագավորը նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ (ըստ Մովսես Խորենացու՝ բնաջնջել է Սլկունիների տոհմը), ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում հաղթական ճակատամարտ տվել հս. ցեղերին և պահպանել Հայաստանի միասնությունն ու արմատավորված քրիստոնեությունը: Հռոմ. Կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ-ն սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկ. զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը (սահմանները՝ ըստ 64-ի Հռանդեայի պայմանագրի), քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմ. Կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն: 

330-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ-ն հեռացել է Դարանաղի գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325-ից ճգնել էր Գրիգոր Ա Լուսավորիչը: Նախարարների բարեպաշտորեն ապրելու խոստումներից հետո շուտով վերադարձել է գահին և հաղթել հս. ցեղերին: Սակայն որոշ նախարարներ, դրժելով իրենց խոստումները, կրկին վարել են հեթանոսական կենցաղ, և Տրդատ Գ-ն նորից գնացել է Մանյաայրք: Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները՝ հանգցնելով «աստվածապաշտության բազմափայլ ճառագայթը»: Նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղի գավառի Թորդան ավանում, ս. Գրիգոր Ա Լուսավորչի կողքին: 

Հայ եկեղեցին ս. Տրդատ Գ-ի հիշատակը տոնում է Հոգեգալստյան 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ ս. Աշխենի և ս. Խոսրովիդուխտի հետ: Այդ տոնին երգվում է Թագավորաց հատուկ շարականը: Տրդատ Գ-ն ըստ արժանվույն է գնահատվել թե’ միջնադարյան պատմիչների, թե’ նոր ուսումնասիրողների կողմից: Մովսես Խորենացին Տրդատ Գ-ին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր, իսկ քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու գործում առաջատար դերը վերապահել է նրան: Տրդատ Գ-ն իր արդյունաշատ գործունեությամբ պարարտ հող է նախապատրաստել գրերի գյուտի և հայ մատենագրության ստեղծման համար:

 

                                                            Հարությունյան  Հ.,  Սահակյան  Ս.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1024-1026:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am