«ՏՐԱՊԻԶՈՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ» , XI դ. 1-ին կեսի պատկերազարդ, տոնական ձեռագիր մատյան: Ընդօրինակվել է, հավանաբար, Բագրատունիների վերջին թագավորներից մեկի պատվերով: Գրչության վայրը, գրիչը և ծաղկողը անհայտ են: XII դ. եղել է մի ազնվականի մոտ: 1803-ին Իգնատիոս Փափազյանը Վենետիկ է բերել Տրապիզոնից (այստեղից էլ՝ անունը): Պահվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում (ձեռ. N1400, չափերը՝ 47,5x36,5 սմ, բաղկացած է մագաղաթե 634 թերթից, կազմը կաշվից է, ուշ շրջանի՝ մինչև 1425-ը): Ձեռագիրը Ս. Ղազար վանքի ամենամեծ մատյանն է: «Տրապիզոնի Ավետարան»-ի գեղարվեստական ձևավորումը լրիվ չէ: Պահպանվել են ճոխ պատկերազարդված 10 խորանները, իրենց Ավետարաններից առաջ տեղավորված 4 ավետարանիչների նկարները, շքեղ նկարազարդված անվանաթերթերը (Մատթեոսի նկարը և անվանաթերթն ավելի ուշ շրջանի աշխատանք են), մի մանրանկարում՝ 4 ավետարանիչների նկարները և 7 թեմատիկ տերունական տեսարանները («Ավետում», «Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Մկրտություն», «Պայծառակերպություն», «Դեիսուս», «Քրիստոս Ամենակալը»):
Քոթանջյան Ն.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1023:
Տես նաև՝
Ճանաշյան Մ., Հայկական մանրանկարչութիւն, [հ. 1], Վնտ., 1966:
Измайлова Т.А., Армянская миниатюра XI в., М., 1979;
Weitzmann R., Die armenische Buch malerei des 10. und beginnenden 11. Jahrhunderts, Baniberg, 1933;
Der Nersessian S., Armenia and the Byzantine Empire, Camb., 1947;
Նույնի, L’art armռnien des origins au XVII sie'cle, P., 1977.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am