ՏԵՍԻԼՔ, տեսիլ, երեվում, արթմնի երազ, աստվածային հայտնության կերպ, անդենական իրողությունների դրսևորում: Տեսիլքը  իր բնույթով հայտնութենական է: Աստվածային նախախնամությամբ, մարդկային տեսողությանը մատչելի աննյութեղեն պատկերների միջոցով Տեսիլքը հաղորդում կամ ակնարկելով մատնանշում է Ֆրանչեսկո Մագիոտո <<Կաթողիկոս Սահակ Պարթև>>ճշմարտություններ, որոնք վերաբերում են թե՛ անցյալին, թե՛ ներկային և թե՛ ապագային, բայց այն գլխավորաբար միտված է վերջինին: Այս իմաստով Տեսիլքն ունի մարգարեական ուղղվածություն:

Տեսիլքի վաղագույն օրինակներ առկա են Եսայու (6), Եզեկիելի (1), Դանիելի (8) մարգարեություններում, ինչպես նաև՝  Գործք առաքելոցում (10.10–20 ևն):

Տեսիլքներից է բաղկացած Զաքարիայի մարգարեությունը (ա. Ձիերի տեսիլքը, բ. Եղջյուրների տեսիլքը, գ. Չափելու լարի տեսիլքը, դ. Մեծ քահանայի տեսիլքը ևն):

Նոր կտակարանային Տեսիլքներից ուշագրավ են Պետրոս առաքյալի Տեսիլքը Հոպպեում (կենդանիներով ու թռչուններով լեցուն անոթ՝ «ինչպես մի մեծ սփռոց» Գործք 10.1–16), որով Պետրոսին ծանուցվում էր, թե Ավետարանը պիտի քարոզվի նաև հեթանոսներին և նրանց վրա էլ պիտի իջնի Սուրբ Հոգինինչպես նաև Սողոսի՝  նույն ինքը Պողոս առաքյալի Տեսիլք  (Գործք 9.3–9)` Դամասկոսի ճանապարհին (երկնքից փայլատակող լույս և ձայն, որն ասում էր. «Սավուղ, Սավուղ, ինչու՞ ես հալածում ինձ», Գործք 9.4): Հովհաննեսի Հայտնությունը ևս լեցուն է Տեսիլքներով, որոնք ցույց են տալիս Քրիստոսի Երկրորդ գալուստը: Տեսիլքներ առկա են ինչպես հինկտակարանային («Տեսիլք Ենովքայ արդարոյն»«Տեսիլք Դանիելի Եօթներորդ», տես Թանգարան հին եւ նոր նախնեաց, Ա, Անկանոն գիրք Հին կտակարանաց, Վնտ., 1896), այնպես էլ նորկտակարանային («Տեսիլք ս. Աստուածածնի»,«Տեսիլք ս. առաքելոյն Պօղոսի», տես Թանգարան հայկական հին եւ նոր դպրութեանց, Բ, Անկանոն գիրք Նոր կտակարանաց, Վնտ., 1898) պարականոն գրվածքներում:

Հայրախոսական մատենագրության մեջ հայտնի են աստվածաշնչականՆերսես Ա Մեծ Տեսիլքների՝ Հովհան Ոսկեբերանի (Եզեկիելի՝ «Էջմիածին»  1996, դ 2–3, էջ 189–198, Դանիելի՝ Vasiliev A., Anecdota graeco-byzantia, 1893, p. 33–38), Թեոդորետոս Կյուրացու (V դ., Մեկնութիւն Եզեկիէլի, 2000), Վարդան Անեցու (X–XI դդ., Անեցի Վարդան վարդապետի երգել ի կառս, ԲՄ,դ 10, 1971, էջ 276–291), Վարդան Արևելցու (Ճառք, ներբողեանք, 2000, էջ 122–134), Եսայի Նչեցու (Եզեկիելի՝ Մատենադարան, ձեռ. դ 6573, թ. 75 ա–101 ա), Հովհաննես Երզնկացի Ծործորեցու (Դանիելի՝ Մատենադարան,ձեռ. դ 1187, թ. 305ա–379 բ) մեկնություններն ու ներբողական բացատրությունները:

Համաձայն իր դրսևորման կերպի՝ Տեսիլքն անդենական բնույթի 2 կարգի իրողություն է ներկայացնում. անդրանցական-աստվածաշնչական (ա. Աստվածության՝ մարդուն մատչելի պայմանական դրսևորում կամ ակնարկ կատարվելիք որևէ իրողության մասին,  բ. երբ Տեսիլքում երևացողը Աստվածաշնչում հիշվող անձ կամ երևույթ է՝  Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին, մարգարեներ, Հովհաննես Մկրտիչ, խաչ ևն) և վախճանաբան-եկեղեցաքաղաքական (երբ Տեսիլքում ուղղակի թե անուղղակի ակնարկվում են ազգային պատմության մեջ բացառիկ կարևոր դեր կատարած կամ կատարող դեմքեր, դեպքեր, որոնք ունեն վախճանաբ. երանգ): Առաջին կարգի իրողության ա ենթակետին են պատկանում Եզեկիելի և Դանիելի Տեսիլքները, որոնցում Աստվածությունը երևում է քառակերպ Կառքի, Ծերունու, մարդու Որդու և գրող Ձեռքի (Դանիել 5) կերպարանքով:

Առաջին կարգի իրողության բ ենթակետին են պատկանում Հովհաննես Գառնեցու (XII–

XIII դդ.) Տեսիլքը (երբ երևում են Մովսես և Եղիա մարգարեները. տես Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, գլ. ԾԴ), «Վարք հարանց», Հայսմավուրք ժողովածուներում բազմիցս նկարագրված Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնիերևումները ճգնակյաց անապատականներին ու սրբերին: Երկրորդ կարգին են պատկանում (վախճանաբանական-եկեղեցաքաղ. Տեսիլքներ) Գրիգոր Ա Լուսավորչի Տեսիլք, որում նկարագրվում է Միածնի էջքը (Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, գլ. ՃԲ, ¢731–755), Գրիգոր Ա Լուսավորչի հանդիպումը և զրույցը հրեշտակի հետ («Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, զոր եհարց հրեշտակն Տեառն մինչ էր յայրին՝ վասն հոգւոց մարդկան», Մատենադարան, ձեռ. դ 715, թ. 37բ–45ա), ինչպես նաև՝ Վաղարշապատում նրա տեսած Տեսիլք (Մատենադարան, ձեռ. դ 952, թ. 216բ–223բ, ձեռ. դ 8029, թ. 103ա–109ա, ձեռ. դ 4505, թ. 133բ–137ա):

Հայ միջնադարում լայն տարածում են ունեցել Ներսես Ա Մեծ և Սահակ Ա ՊարթևԳրիգոր Լուսավորիչ հայրապետների Տեսիլքները, որոնք Մեթոդիոս Պատարացու (մահ. 311, «Տեսիլք սրբոյն Մեթոդի եպիսկոպոսի Պատարայ և վկայի՝ յաղագս անցեալ, ներկայիս և ապառնեացն...», Մատենադարան, ձեռ. դ 1487, թ. 18բ–26ա), Հիպպողիտոս Բոստրացու (մահ. 236, «Երանելւոյն Հիպպողիտեայ եպիսկոպոսի ասացեալ վասն կատարածի աշխարհիս և վասն Նեռինն եւ յերկրորդ գալուստ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ասացեալ բան մարգարութեան», Մատենադարան, ձեռ. դ 944, թ. 36բ–55 բ), Ագաթոնի կամ Ագադրոնի («Ագաթոնի անյաղթ փիլիսոփայի ասացեալ վասն ժամանակին, որ յայտնելոց է ս. թագաւորին Կոստանդիանոսի...», Մատենադարան, ձեռ. դ 3839, թ. 198բ, ձեռ. դ 4669,թ. 233ա, հրտ.՝ Ավգերյան Հ., «Բազմավեպ»1913, էջ 396–400 և շար.) անուններով 

քրիստոնեական իրականության մեջ շրջանառված Տեսիլքների վերապատումներն ու տեղայնացված վերաիմաստավորումներն են:

Ըստ Ներսես Ա Մեծի Տեսիլքի («Սոփերք հայկականք», հ. 6, 1853)՝  հայ Արշակունիների և հայ Պարթևների անկումից հետո պարսիկները նվաճելու են Երուսաղեմը և գերեվարելու Խաչափայտը, որը պետք է գերեդարձվի հույների միջոցով: Սակայն հույների իշխանությունը հետագայում խորտակվելու է «աղեղնավորների» կամ «նետողների» (սելջուկներ) հարվածներից: Շատ չանցած  «նետողները» պարտվելու են  «ֆրանկների» (խաչակիրների) զինական ուժի հարվածներից:

Հռոմեական իշխանության հաստատումով վերջ է դրվելու հայոց տառապանքին: Տեսիլքում արտահայտված է ոչ միայն հայերի՝ հույների հանդեպ հուսախաբությունը, այլև՝ ազատագրական նոր սպասումները: Վախճանաբան-եկեղեցաքաղաքական միտումներ է բովանդակում նաև Ագաթոնի Տեսիլքը:

Համաձայն դրա՝  ֆրանկների Մեծն Կոստանդինոս կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Ա Լուսավորչի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ, ապա ուղևորվում Հռոմ: Նրանց ուղեկցում է 70-հազարանոց հայոց զորքը: Հյուրերին ճանապարհելով Հայաստան՝  կայսրն իր մոտ է պահում հայոց զորքից 200 մարդ, որոնցից սերվում է «որմանք» կամ  «արամանք» (= արմենք) հորջորջվող ժողովուրդը: Հետագայում սրանց միջից դուրս է գալու մի նոր Կոստանդինոս, որը 12 խաչապաշտ թագավորների խնդրանքին անսալով, ձեռնարկելու է տիեզերքի փրկագործումը և հույներին ազատելու է «նետողների» (սելջուկներ) լծից: Կոստանդինոսի ջանքերով ի մի է բերվում ցրված հայությունը, հայոց բանակի զորավար է կարգվում Արշակունի թագավորազն Վաղարշակը: Վերջինս, պատերազմելով Բյուզանդիայի դեմ, վերականգնելու է Հայաստանի հին սահմանները:

Կոստանդինոսի մահից հետո հռոմեական  գահին նստելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրերը:

Վերջինիս օրոք կրկին պիտի երևան իսմայելացիները (արաբներ՝ մուհամեդականներ) և ավերեն Կարինը: Սրի ճարակ դարձած հայերից շատ քչերը պիտի փրկվեն: Վիզանդը վրեժխնդիր պետք է լինի հայերի համար: Նրան հաջորդելու է Թեոդենը, որի ժամանակ ծնվելու է Նեռը:

Սրա բռնությունը վերջ է գտնելու Քրիստոսի զորությամբ: Այստեղ ուշագրավն այն է, որ Թեոդենի ժամանակ, 56 տարի թագավորելուց հետո, մահանալու է Վաղարշակը: 

Եզեկիելի տեսիլքը (նկարիչ՝ Կարապետ Աղթամարցի, Ավետարան, 1498 թ.)

Նրան հաջորդելու է ծագումով Արշակունի խաղաղասեր ու շինարար մեկը՝  «Թորգոմի ազգից և տոհմից Շիրակի որդի Արշավանի որդին»: Սրա օրոք վերջանալու է Արշակունյաց և Գրիգոր Լուսավորչի իշխանությունը: Եթե Ագաթոնի Տեսիլքի հին տարբերակում արտահայտված է հայերի հուն. կողմնորոշումը, ապա նորում դրսևորված է արևմտյան (ֆրանկներ կամ խաչակիրներ), այսինքն՝ հակահունական միտումը. Տեսիլքի նոր տարբերակում ազատարար Արշակունիները նվաճում են Յոթ բլուրների վրա հանգչող Բյուզանդիոնը: Սահակ Ա Պարթևի Տեսիլքում նմանապես արտացոլված է Արշակունիների և Պարթևների իշխանության վերականգնման գաղափարը (տես Ղազար Փարպեց ի, Պատմություն Հայոց, գլ. Դ), որը VII–VIII դդ. վերակենդանացել է Բյուզանդիայի քաղաքական օժանդակության հետ հույսեր կապող հայ իրականության մեջ:

Հայոց քաղաքական ակնկալությունների դրսևորումն է Հովհաննես Կոզեռնի անվան հետ կապված Տեսիլքը: Ըստ Տեսիլքի՝  1023-ին տեղի ունեցած երկրաշարժն ու Արեգակի խավարումը, նմանությամբ Հովհաննեսի Հայտնության, նշանավորում է Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանայի ազատումը: Հայ պատմագրության մեջ (Սամուել Անեցի) այդ Տեսիլքի իրականացումն է նկատվում «Քրիստոսի մկրտության հազարամյակին»՝  1030-ին թուրքերի գրոհը Բերկրիի վրա, ինչպես նաև 1037-ին Եդեսիայի գրավումը թուրքերի կողմից և նույն այդ տարում տեղի ունեցած զարհուրելի երկրաշարժն ու Արեգակի խավարումը: Դրանք համարվում էին հազարամյակի նախանշանները, երբ կապանքներից ազատված սատանան ավերելու էր աշխարհը (ըստ Մատթեոս Ուռհայեցու): Համաձայն Հովհաննես Կոզեռնի Տեսիլքի՝  Հայաստանում հաստատվելու էր թուրքերի 60-ամյա բռնատիրությունը: Սրան հետևելու էր Երուսաղեմի գրավումը ֆրանկների կողմից, իսկ 50 տարի հետո՝ քրիստոնյաների համատարած ազատագրումը: Հովհաննես Կոզեռնի Տեսիլքում արտացոլված են հայոց փրկությունը Արևմուտքի (ֆրանկներ) հետ կապող բյուզանդամետ և լատինամետ հոգևոր ու աշխարհիկ վերնախավի քաղաքական հույսերն ու ակնկալությունները:

Եկեղեցաքաղաքական բնույթի է Գրիգոր Տաթևացու Տեսիլքը.՝  կապված Աղթամարի կաթողիկոսության վրայից նզովքը վերացնելու խնդրի հետ:

Այդօրինակ Տեսիլք  է Թովմա Մեծոփեցու նկարագրածը, որտեղ ակնարկվում է Սսից կաթողիկոսական աթոռի վերադարձը Ս. Էջմիածին: Ըստ այդ Տեսիլքի և դրա մեկնաբանության՝ երկնքից կախված կանթեղը, որ պայծառ լույս է տարածում շուրջբոլորը, Ս. Էջմիածինն է, որ «շատ վաղուց խավարել էր և հիմա Աստված ողորմություն արեց, և ուզում է լուսավորել... և հայկազյան աշխարհի հավանությամբ, աղոթքով, բոլոր սրբերի բարեխոսությամբ հայրապետ և կաթողիկոս հաստատեցինք Թադեոսի, Բարդուղիմեոսի և մեր Լուսավորչի Առաքելական աթոռի վրա» (Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, 1892, էջ 41, 45):

 


                                                                                            Քյոսեյան Հ.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1004-1006:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am