Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Տեր-Մինասյան Երվանդ

 ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ Երվանդ Գալուստի [7(19).11.1879, գ. Հառիճ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում) – 12.7.1974, Երևան], բանասեր, պատմաբան, բառարանագիր: Փիլիսոփայական (1904) և բանասիրական (1943) գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1945): Գիտությունների վաստակավոր գործիչ (1959): Նախնական կրթությունն ստացել է Հառիճի վանքի դպրոցում (1892), ապա ավարտել Էջմիածնի ԳևորգյանԵրվանդ Տեր-Մինասյան ճեմարանը (1900): 1900–04-ին սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում, ի թիվս այլ գիտությունների ուսումնասիրել աստվածաբանություն, հին և նոր լեզուներ, աշակերտել գերմանացի հայտնի աստվածաբան Ա. Հառնակին: Վերադառնալով Էջմիածին՝ ձեռնադրվել է վարդապետ (1905), դասավանդել Գևորգյան ճեմարանում, եղել Էջմիածնի տպարանի տնօրեն: 1910-ին հրաժարվել է հոգևոր կոչումից, նվիրվել գիտական, մանկավարժական գործունեության, դասավանդել Էջմիածնի, Երևանի, Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի դպրոցներում: 1921-ին նշանակվել է Էջմիածնի գիտական ինստիտուտի (հետագայում՝ Հայաստանի գիտությունների և արվեստի ինստիտուտ) գիտ. քարտուղար, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» տարեգրքի խմբագիր: 1943–49-ին՝ ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ, 1956–70-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտում բառարանագրության բաժնի վարիչ: Տեր-Մինասյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ-ասորական եկեղեցական հարաբերություններին, Ընդհանրական եկեղեցու պատմությանը, Արևելքում և հայոց մեջ տարածված քրիստոնեական աղանդների ծագմանը, V–VII դդ. Հայ եկեղեցու դավանական դիրքորոշմանը, քրիստոնյա աշխարհն ալեկոծած դավանաբանական պայքարին հայերի մասնակցության չլուսաբանված հարցերին, եկեղեցական ժողովներին, եկեղեցական մատենագիրների, հայ, հույն և ասորի աստվածաբանների դավանաբանական գործերի քննությանը ևն: Տեր-Մինասյանը շոշափելի ավանդ ունի նաև երկլեզվյան թարգմ. բառարանների ստեղծման գործում: Տեր-Մինասյանը եղել է հայ-ասորական եկեղեցական կապերի ուսումնասիրման բնագավառի հիմնադիրը և լավագույն հետազոտողը: Այդ թեմային են նվիրված նրա  «Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ» (գերմ. 1904, հայ. հրտ. 1908) և «Նեստորականությունը Հայաստանում» (1946) աշխատությունները: Հեղինակը հայ-ասորական եկեղեցադավանաբանական հարաբերությունների մի շարք մասնակի խնդիրներ է քննել նաև հետևյալ հոդվածներում. «Այսպես կոչված Պարսից ժողովը» (1907), «Մանազկերտի 726-ի ժողովի վեց ասորի եպիսկոպոսները և Խոսրովիկ Թարգմանչի հիշած երկու ասորական վանքերը» (1907), «Բաբգեն կաթողիկոսի ժողովի թվականը և տեղը» (1908), «Կնիք հաւատոյ» ժողովածուն և «Հայոց եկեղեցու դավանաբանական դիրքը Զ և Է դարերում» (1921–22) և «Տիմոթեոս Կուզի  «Հակաճառութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդոնի» երկի թարգմանության ժամանակը» (1960): Մասնավորապես Տեր-Մինասյանի անվան հետ է կապված Հայ եկեղեցու պատմության և դավանական դիրքորոշման փուլերի ուսումնասիրման համար երեք կարևոր դրույթների գիտական հիմնավորումը. 

1. Ասորական եկեղեցին Հայաստանում ազդեցություն է ունեցել միայն մինչև V դ. կեսը: Սկսած VI դարից Հայ եկեղեցին, ընդհակառակն, ինքն է  «ազդեցություն գործում բաժան-բաժան եղած Ասորական եկեղեցու թուլացած հատվածների վրա և վերջիններիս կողմից ճանաչվում իբրև ուղղափառ և օրինակելի եկեղեցի» («Հայոց եկեղեցու հարաբերությունները...», էջ 62): 

2. VI դ. կեսից մինչև VIII դ. սկիզբը Հայ եկեղեցին պաշտոնապես հարել է հակաքաղկեդոնական դավանության ամենահետևողական թևին՝ հուլիանականությանը: 

3.Նեստորականությունը թեև բազմաթիվ փորձեր է կատարել Հայաստանում հաստատվելու, բայց որևէ հաջողության չի հասել և սկզբից ևեթ վճռական հակահարված է ստացել: 

Տեր-Մինասյանը արծարծել է հայ-ասորական գրական առնչությունները իր  «Աբրահամ Խոստովանողի «Վկայք Արևելից»-ը և նրա ասորական սկզբնատիպը» (1921) գրախոսությունում և «գօն» կոչված գրքի հեղինակի հարցը» հոդվածում (1964): Իր հետազոտություններում ճշտել է մի շարք եկեղեց. ժողովների (Դվինի 506-ի և 554-ի, 613-ի Պարսից ժողովի, 726-ի Մանազկերտի ժողովի) ժամանակը, բացահայտել դրանց գումարման շարժառիթները և կայացրած վճիռները: Տեր-Մինասյանը մեծ ներդրում ունի Հայ եկեղեցու պատմության ամենաշրջադարձային իրողություններից մեկի՝ Քաղկեդոնի ժողովի նկատմամբ բռնած դիրքի, քաղկեդոնական խնդիրներին Հայ եկեղեցու մասնակցության ժամանակի և դրանց հետ առնչված, հայագիտության մեջ մեծ կարևորություն ունեցող Տիմոթեոս Կուզի  «Հակաճառութիւն» երկի թարգմանության ժամանակի պարզաբանման գործում: Տեր-Մինասյանն իր մի շարք գործերում քննել է հայ գրավոր մշակույթի, լեզվի պատմության հարցեր, ճշտել հայոց այբուբենի ստեղծման թվականը, անդրադարձել Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի լուսավորչական, թարգմանական գործունեությանը («Ոսկեդարի հայ գրականությունը», 1946 ,«Հայոց գրերի գյուտի թվականի և այլ հարակից խնդիրների մասին», ԲՄ, 1967, դ 7): «Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից» (1968) ուսումնասիրության մեջ քննության է ենթարկել սինկրետիզմը, միթրայականությունը, գնոստիկականությունը և գնոստիկյան  դպրոցները, բորբորիտների աղանդն ու մծղնեությունը, մազդակյան կրոնը, մանիքեությունը, բոգոմիլների, կաթարների աղանդը, Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումները: Տեր-Մինասյանը «Արարատ» ամսագրում առաջ է քաշել արմատական և հիմնարար եկեղեցական բարեկարգության ծրագիր («Արարատ», 1908, էջ 465–486)՝ կարևորելով Հայ եկեղեցու «հիմքից ի վեր վերածնության և վերանորոգության» խնդիրը: Ըստ Տեր-Մինասյանի, բարենորոգումները պետք է կատարվեն հիմնականում եկեղեցական վարչության և կազմակերպության, դավանանքի ու պաշտամունքի մարզերում: Տեր-Մինասյանի հրատարակած աղբյուրագիտական, բնագիտական գործերից են 1904-ին Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում նրա հայտնաբերած՝ Իրենիոս Լուգդոնացու  «Ցոյցք առաքելական քարոզութեանն» (հրտ. 1907, Կ. Տեր-Մկրտչյանի հետ), Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն...» (1908,Կ. Տեր-Մկրտչյանի հետ) և «Ընդդէմ հերձուածոց» (Դ և Ե գրքեր, 1910, Կ. Տեր-Մկրտչյանի հետ) երկերը, որոնց հունարեն բնագրերը կորել են: 1957-ին պատրաստել է Եղիշեի  «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկի քննական բնագրերը և հրատարակել աշխարհաբար զուգահեռ թարգմանությամբ: 


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1006-1008:

Տես նաև՝

Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ. 1, Հին եկեղեցին, Վաղ-պատ, 1908: Կրօնների պատմութիւն, Վաղարշապատ, 1909:

Պատմաանասիրական հետազոտություններ, Ե., 1971:

Տեր-Պետրոսյան Լ., Հայ-ասորական հարաբերությունների մեծագույն հետազոտողը, «Էջմիածին» 1980, դ 2–3:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am