ՏԱՂԱՎԱՐ, Տաղավար տոներ, Հայ առաքելական եկեղեցու հինգ մեծ Տերունի տոների անվանումը, որոնք ունեն շաբաթապաս (տես Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր: Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն (8 օր), Զատիկ (50 օր, Զատիկից մինչև Հոգեգալուստ 50 օրերը, կոչվում են Հինունք կամ Հիսունք, Տերունի են՝ ի պատիվ Հարության տոնի), Վարդավառ (Այլակերպություն և Պայծառակերպություն՝ 3 օր), Վերափոխումն Ս. Աստվածածնի (9 օր) և Խաչվերաց (7 օր): Հին կտակարանում նկարագրվում է հրեաների մեծահանդես արարողությամբ տոնակատարվող Տաղավարահարաց տոնը՝ աշնանային բերքահավաքի տոնը. կատարվել է յոթերորդ ամսվա 15-րդ օրը և տևել յոթ օր (Ղևտ. 23.33–43, Բ Օր. 16.13–17): Տաղավարահարաց տոնը հիշատակվում է նաև Նոր կտակարանում (Հովհ. 7.2–10), նաև հիշատակվում են Հիսուսի ուսուցումները տոնակատարության ժամանակ (Հովհ. 7.11–24, 37–39): Այդ օրերին հրեաները յոթ օր ապրել են վրաններում (տաղավարներում, այստեղից էլ՝ տոնի անունը) և մեծ տոնախմբություններով, ողջակեզ մատուցելով, հանդեսներով երախտագիտություն հայտնել Աստծուն՝ պարգևած բարիքների համար: Ենթադրվում է, որ Տաղավար անվանումն առաջացել է այդտեղից և գործածական դարձել քրիստոնեական մեծ Տերունի տոների համար:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1000:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am