ՇԱԲԱԹԱՊԱՀՔ, հիմնականում հինգ օրվա՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ ընկած Պահքն  է: Հայ եկեղեցու շաբաթապահքերի կարգադրությունը վերագրվում է Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսին (548–557): Շաբաթական Պահքերը 12 են՝

Ծննդյան, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման (Աստվածածնի), Խաչվերացի, Վարագա Խաչի, Հիսնակաց, ս. Հակոբի, Առաջավորաց, Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Ավագ շաբաթ:

Շաբաթապահքերը բաժանված են երեք խմբերի.

1. Հինգ Տաղավարների կամ Տերունական օրերի շաբաթապահքեր՝ Ծննդյան, Հարության, Վարդավառի, Աստվածածնի, Խաչի:

ա. Ծննդյան Պահք, Հիսուսի ծննդյան շաբաթվա յոթնօրյակն է, տևում է վեց օր: Այդ ընթացքում ոչ մի տոն չկա, վեց օրերը պահոց օրեր են և ոչ՝ ուտիքի: Ի հակադրություն նախածննդյան շաբաթապահքի, հետծննդյան առաջին շաբաթը (հունվ. 6–13) պահոց օրեր չեն:

բ. Հարության Պահք, կոչվում է նաև Ավագ շաբաթի Պահք, որովհետև վերաբերում է Զատկին նախորդող վեց օրերին: Ավագ երկուշաբթիից Ավագ շաբաթ օրը Հարության շաբաթապահքի օրերն են: Այս Պահք անբաժան մասն է Քառասնօրյա կամ Մեծ Պահքի: Այս ընթացքում չկա ոչ մի տոն, հետևաբար վեց օրերն էլ պահոց են:

գ. Վարդավառի Պահք, Այլակերպության այս շաբաթապահքը տևում է հինգ օր և տոն

չունի:

դ. Աստվածածնի կամ Վերափոխման Պահք, նույնպես տևում է հինգ օր և տոն չունի:

ե. Խաչի Պահք, Խաչվերացի շաբաթապահքը տևում է հինգ օր և տոն չունի:

2. Տարվա չորս եղանակների շաբաթապահքեր՝ Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Եղիական, Վարագա Խաչի, ս. Հակոբի Պահքեր:

ա. Մեծ պահոց երկրորդ շաբաթվա Պահք, այս շաբաթապահքը (մարտին) կոչվում է նաև Գարնանամուտի Պահք: Պատկանում է Մեծ պահոց շարքին: Առանձնացված է եղանակային լինելու պատճառով: Տևում է հինգ օր և տոն չունի:

բ. Եղիական Պահք, լինելով ամառնամուտի (հունիս) Պահք, կոչվում է նաև Ամռան Պահք, իսկ ժողովրդական լեզվով՝ նաև «Թրթուրի պաս»:

Զատկից հետո առաջին շաբաթապահքն է: Եղանակային Պահք լինելով՝ կապ չունի Եղիա մարգարեի հետ, սակայն Եղիական է կոչվում, որովհետև շաբաթապահքի վերջին օրը հիշատակն է Եղիա մարգարեի: Տևում է հինգ օր և տոն չունի:

գ. Վարագա Խաչ ի Պահք, աշնանամուտի (սեպտեմբեր) այս շաբաթապահքը կոչվում է նաև ս. Գևորգի Պահք, որովհետև շաբաթավերջը ս. Գևորգի տոնն է: Այս Պահքն ունի սրբոց տոներ և տևում է հինգ օր:

դ. ս. Հակոբի Պահք, եղանակների շաբաթապահքերից վերջինն է, սկսվում է ձմեռնամուտին (դեկտեմբեր): Զուգադիպում է ս. Հակոբի տոնին, այստեղից էլ՝ իր ժողովրդական անունը: Ունի սրբոց տոներ և տևում է հինգ օր:

3. Այլևայլ շաբաթապահքեր, դրանք են՝ Առաջավորաց, Հիսնակաց և Լուսավորչի Պահքերը:

ա. Առաջավորաց Պահք, կոչվում է նաև Առաջավորք, նշանակում է առաջինը: Տևում է հինգ օր, ունի սրբոց տոներ: Շաբաթավերջը ս. Սարգսի տոնն է և կոչվում է նաև (ժողովրդական), ս. Սարգսի Պահք:

բ. Հիսնակաց Պահք, Հիսնակ նշանակում է հիսուն օրերի ժամանակաշրջան: Հնում հիսնակաց պահեցողությունն սկսվել է Քրիստոսի ծնունդից հիսուն օր առաջ և պահվել մինչև Աստվածահայտնության տոնը: Ներկայումս Հիսնակաց Պահք պահվում է միայն հինգ օր:

գ. Լուսավորչի Պահք, այդպես է կոչվում, որովհետև նվիրված է ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտին: Տևում է հինգ օր և իր մեջ պարփակում է սրբոց այլ տոներ:

Կան նաև այլ՝ տարբեր առիթներով պահվող Պահքեր: Այսպես, եկեղեցականներն իրենց ձեռնադրությունից հետո 40 օր պետք է Պահք պահեն, ոմանք Պահք են պահում նաև հաղորդությունից առաջ ևն:

 

                                                                         Ղազարյան Ա.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 346-348:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am