Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Փիլիպոս Ա Աղբակեցի

 ՓԻԼԻՊՈՍ Ա ԱՂԲԱԿԵՑԻ [1593, գ. Էրնկան (Աղբակ գավառ) – 1655, Էջմիածին, ամփոփվել է Ս. Հռիփսիմեի տաճարի հս. խորանում],Ամենայն հայոց կաթողիկոս 1632-ից: Հաջորդել է Մովսես Գ Տաթևացուն: 1630-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: Մինչ կաթողիկոս դառնալը եղել է իր ուսուցչի՝ Մովսես Գ Տաթևացու գործակիցը, իսկ հայրապետական գործունեությամբ շարունակել նրա եկեղեց-բարեկարգչական, կրթական-լուսավորչական, շինարարական աշխատանքները, վերականգնել Մայր աթոռի տնտեսությունը, աշխուժացրել վանական-միաբանական կյանքը: Վերանորոգել է Էջմիածնի Մայր տաճարն ու հարակից շինությունները, Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե, Հաղպատի, Սանահինի վանքերը, Երևանի Ս. Անանիա առաքյալ անապատը, կառուցել նորերը: 1654-ին սկսել է Մայր տաճարի զանգակատան կառուցումը, որն ավարտվել է նրա վախճանից հետո՝1658-ին: Էջմիածին է փոխադրել Հովհաննավանքի դպրատունը՝ ուսուցիչ նշանակելով Սիմեոն Ջուղայեցուն: Փիլիպոս Ա Աղբակեցին 1638-ին ուղևորվել է Սպահան և Մայր աթոռ փոխադրել 1612-ից Պարսկաստանում պահվող Հայոց հայրապետական գլխավոր  մասունքը՝ Լուսավորչի Աջը

Հայ եկեղեցու բարեկարգության, Մայր աթոռի իրավասությունների պաշտպանության, Երուսաղեմի և Սսի աթոռների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով Փիլիպոս Ա Աղբակեցին 1651-ին ուղևորվել է Երուսաղեմ, կարգավորել աթոռների միջև՝հատկապես եպիսկոպոս. ձեռնադրության շուրջ ծագած  խնդիրները: Նույն թվին Երուսաղեմում  գումարվել է եկեղեցական ժողով, որտեղ ընդունվել է 13 կանոն: Երուսաղեմից ուղևորվել է Կ. Պոլիս՝ Հայոց պատրիարքության ներսում տիրող անհամաձայնությունները հարթելու նպատակով: Կաթողիկոսի ջանքերով կարգավորվել են նաև լեհահայոց գաղութում Նիկոլ արք. Թորոսովիչի լատինամետ գործունեության պատճառով առաջ եկած հուզումները: 1653-ի օգոստոսին, ավարտելով իր երկարատև ուղևորությունը, Փիլիպոս Ա Աղբակեցին վերադարձել է Ս. Էջմիածին:  

Կաթողիկոսական գահին Փիլիպոս Ա Աղբակեցուն հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցին

 

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1044:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am