ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ (ծ. և մ. թթ. անհտ), Vդ. մատենագիր, պատմիչ: Ստ. Մալխասյանցի կարծիքով` Բուզանդ մականունը բաղկացած է  «բու» և «զանդ» հնդեվրոպական արմատներից  և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ: Ըստ նրա` մատենագրի  «Պատմութիւն Հայոց»-ի  իսկական և համապատասխան անունը եղել է «Բյուզանդարան պատմութիւնք» բնորոշ հոգնակի ձևով, այսինքն` պատմությունների ժողովածու Բուզանդի: 

Փավստոս Բուզանդի վերաբերյալ առաջին տեղեկությունը հաղորդող Ղազար Փարպեցին նրաՓավստոս Բուզանդ  «Պատմութիւն»-ը  համարում է երկրորդը (Ագաթանգեղոսի երկից հետո) և նրանում հանդիպող թերությունները վերագրում հետագա թերուս մարդկանց: Երկասիրությունը պարունակում է Տրդատ Գ Մեծից հետո  Հայաստանի պատմությունը` մինչև նրա առաջին բաժանումը (387) Բյուզանդիայի և  Պարսկաստանի միջև: Այն բաղկացած է առաջաբանից և չորս դպրություններից (Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ, Վեցերորդ), որոնք բաժանվում են մանրամասն վերնագրեր ունեցող գլուխների: Երրորդ դպրությունը (21 գլուխ, վերնագրում գրված է «Ի սկիզբն» բառը) ընդգրկում է Խոսրով Բ Կոտակի (330–338) ու Տիրանի (338–350) թագավորությունների ժամանակաշրջանը: Չորրորդը (59 գլուխ)` Արշակ Բ-ի (350 – մոտ 368) գահակալության շրջանը մինչև նրա` Անհուշ բերդում բանտարկվելը: Հինգերորդը (44 գլուխ) վերաբերում է Պապի (370–374) ու Վարազդատի (374–378), Արշակ Գ-ի (378–390) և աթոռակից Վաղարշակի թագավորելու ժամանակահատվածներին: Վեցերորդը (վերնագրում նշվում է «Վերջ») բաղկացած է 16 գլխից, որոնցից առաջինում Հայաստանի բաժանման պատմությունն է (Պարսից և Հունաց միջև), իսկ հաջորդ 15-ում` համառոտ տեղեկություններ հայ եպիսկոպոսների մասին: 

Փավստոս Բուզանդը երկը շարադրելիս օգտվել է Աստվածաշնչից, վարքաբան-վկայաբան. գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից («Արշակ և Շապուհ»): Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված  «Պարսից պատերազմը» ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է: Հայրենասիրությամբ տոգորված գիրքը կոչված էր Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագրական ոգին, նրան սատարել  հայրենապաշտպան պայքարում: Այն միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ (երկի գրեթե մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ ևն): Երկում բացակայում է ժամանակագրությունը, առկա են անճշտություններ և պատմական դեպքերի ու դեմքերի որոշակի վիպականացում: Մեծ տեղ է տրված Մամիկոնյան սպարապետներին  (Վասակ, Մուշեղ, Մանվել)` նրանց ներկայացնելով իբրև քաջահաղթ կռվողներ եկեղեցու, հայրենիքի ու Արշակունի հայ թագավորների պաշտպանության համար: Քաղաքական պատմությանը ներհյուսված ընդարձակ տեղեկություններ են հաղորդվում հայ նշանավոր հոգևորականների մասին: Փավստոս Բուզանդի աշխատությունը երկրորդն է (Ագաթանգեղոսի երկից հետո) իր պատմական արժեքով, որի շնորհիվ հնարավոր է պարզել Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորման և գոյության առաջին հարյուրամյակի պատմությունը: Սկսելով Գրիգոր Ա Լուսավորչի, Արիստակես Ա Պարթևի և նրանց շիրիմների մասին պատմությամբ`  հեղինակը տեղեկություններ է հաղորդում հաջորդների վերաբերյալ (Վրթանես Ա Պարթև, Հուսիկ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ), որոնք  ժառանգաբար նստել են կաթողիկոս. աթոռին: Փավստոս Բուզանդը նկարագրել է նրանց պայքարը հեթանոսական սովորությունների դեմ, մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին, ներքին հակասությունները եկեղեցու և թագավորական իշխանության միջև (Հուսիկ Ա Պարթև և Տիրան, Ներսես Ա Մեծ և Արշակ Բ, Պապ): Կարևոր տեղ է գրավում Ներսես Ա Մեծի գործունեությունը. եկեղեցու բարեկարգում,  Աշտիշատի եկեղեցական ժողովի հրավիրում (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ), մասնակցությունը պետ. գործերին, միջնորդությունը հայ-հռոմ. Հարաբերություններին ևն: Անդրադարձել է Գրիգորիսի, Խադ եպիսկոպոսի (տեղապահ), Արտաշատի Զվիթ քահանայի գործունեությանը (վերջինս գերեվարվելով Պարսկաստան` մերժել է մոգությունն ընդունելու Պարսից Շապուհ արքայի պահանջը և նահատակվել): 

Պատմությունը արժեքավոր  տեղեկություններ է պարունակում IV դ. Հայ եկեղեցու կառուցվածքի, Աշտիշատի Մայր եկեղեցու, կաթողիկոսարանի որոշ գործակալությունների մասին: Մեծարժեք է Փավստոս Բուզանդի վկայությունը Ներսես Ա Մեծից հետո Աղբիանոսյանների տոհմից ընտրված Շահակ Ա Մանազկերտցուն (ըստ  հեղինակի` Հուսիկ եպիսկոպոս) Պապ թագավորի կողմից Կեսարիա ձեռնադրության չուղարկելու մասին: Կեսարիայի Բարսեղ եպիսկոպոսը ցասումնալից նամակ է գրել Հայոց թագավորին ու կաթողիկոսին և վերջինիս զրկել եպիսկոպոս ձեռնադրելու իրավունքից: Սակայն նրա այդ կարգադրությունը չի կատարվել: Պատմագրի եզակի հաղորդումները (Դանիել  եպիսկոպոսի պաշտոնների թվարկում ևն) պատկերացում են  տալիս Հայ եկեղեցու վերին ատյաններում կառավարման կարգի մասին. եղել է եկեղեցիների կառավարչի և վերահսկողի պաշտոն (կամ պաշտոններ), որը կենտրոնացվել է Դանիել եպիսկոպոսի ձեռքում: Ըստ  հաղորդումների` Տարոնի եկեղեցին (նկատի ունի Աշտիշատի Մայր եկեղեցին) գլխավորն էր բոլոր   «Մայր եկեղեցիների» թվում: Նշված են նաև Հայ եկեղեցու սրբատեղիները` Հովհաննես Մկրտչի մարգարեանոցը և առաքյալների հանգստարանը: Համաձայն Փավստոս Բուզանդի մեկ այլ վկայության, Աշտիշատի եկեղեցին եղել է  «նախնեաց եկեղեցական ժողովների ժողովատեղին» (Չորրորդ դպրություն, գլուխ Դ, էջ 119): 

«Պատմութիւն Հայոց»-ը  շարադրված է ճոխ և պատկերավոր լեզվով: Այն հայկական  մատենագրության արժեքավոր երկերից է: Առաջին անգամ «Բիւզանդարան պատմութիւն...» խորագրով հրատարակվել է 1730-ին, Կ. Պոլսում: Մ. Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսերեն (1867), Մ. Լաուերի թարգմանությամբ` գերմաներեն (1879): Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում: 

                                                                                        Մաթևոսյան Ռ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1042-1044:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am