ՈՍԿՅԱՆՔ, սուրբ Ոսկյանք (նահ. Ք.ծ.հ. 100 կամ 107, Եփրատի վտակ Արածանիի ակունքների մոտ), I դարի տոնելի վկաներ, ճգնավորներ (5 հոգի, հռոմեացիներ), Թադեոս առաքյալի աշակերտներ: Հայոց Տոնացույցում հիշատակվում են Քահանայք անունով: Ըստ հայոց վկայաբանության (գրի է առնվել V դ., VII–VIII դդ. թարգմանվել վրացերեն), հռոմեական կայսրը նրանց, որպես արքունի պատգամավորների, ուղարկել է Հայոց Սանատրուկ թագավորի մոտ, բայց Ոսկյանք, Հայաստանում հանդիպելով Թադեոս առաքյալին, մկրտվել են նրա ձեռքով, հրաժարվել իրենց աշխարհիկ առաքելությունից ու հաստատվել քրիստոնեական հավատի և քարոզության մեջ: Թադեոս առաքյալը նրանց գլխավորին, որ կոչվել է Խրյուսոս (հայերեն՝ Ոսկի), ձեռնադրել է քահանա: Նրա անունով էլ խումբը անվանվել է Ոսկյանք:

Թադեոս առաքյալի նահատակությունից հետո նրանք հաստատվել են Եփրատ գետի հվ-արլ. ակունքների մոտ, Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կամ Ծաղկոտն լեռներում: Ավելի քան 40 տարի, ինչպես պատմում է վկայաբանությունը («Սոփերք հայկականք»,  հ. 19, 1854, էջ 59–66, Ավգերյ ան Մ.,«Լիակատար վարք և վկայաբանութիւն..», հ.2, 1811, էջ 127)՝«հրեշտակային վարքով» ճգնելուց հետո, աստվածային ազդումով, իջել են լեռներից և գնացել Արտաշատ՝ Հայոց արքունիք՝ Ավետարանը քարոզելու Հայոց Արտաշես թագավորին, Սաթենիկ թագուհուն և ողջ պալատին: Նրանց քարոզչությամբ քրիստ. հավատք են ընդունել թագուհու ազգականները՝  ալանաց իշխաններ Սուքիասյանները (տես Սուքիասյանք): Հայոց արքայորդիները, գտնելով արքունիքը լքած Սուքիասյանց և չկարողանալով նրանց տարհամոզել՝ վերադառնալու արքունական կյանքին, իրենց զայրույթը թափել են Ոսկյանց վրա, որպես իրենց մոր ազգականներին մոլորեցնողների, և սպանել են նրանց: Հայ եկեղեցին ս. Ոսկյանց հիշատակը նշում է Առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի կամ Տյառնընդառաջի նախընթաց երեքշաբթի օրը՝ ս. Սուքիասյանց հիշատակի հետ:

Ս. Ոսկյանց է ձոնված «Որք արժանաւորեցաք կոչիլ յաշակերտութիւն առաքելոյն Թադէոսի, Եւ աստուածային հրով մաքրութեան Ոսկի փորձեալ գըտայք ի բնակարանս հրեշտակաց»  սկսվածքով շարականը (Շարական, 1853, էջ 638):

                                                                                 Տեր-Դավթյան Ք.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Սուրբերու կեանքը, 3 հրտ., Բեյրութ, 1994:

Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am