ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, գեղանկարչության տեսակ. պատերի, առաստաղների կամ ճարտարապետական շինության տարբեր մակերեսների վրա պատկերներ, զարդապատկերներ ստեղծելու արվեստը: Որմնանկարչությունը, որը մեծ մասամբ կատարվում է ֆրեսկոյի (իտալ. fresco –թարմ), սոսնձաներկերի, մոմանկարչության,տեմպերայի (ներկի տեսակ), յուղաներկերի ընձեռած հնարավորություններով, պատկանում է մոնումենտալ արվեստի բնագավառին:
Վաղ միջնադարում որմնանկարներից բացի, օգտագործվել է նաև խճանկարը: Միջնադարյան Հայաստանի խճանկարային արվեստի մասին են վկայում խճանկարների մի քանի բեկորները [զարդանախշային հատվածը Դվինի V դ. բազիլիկում, Աստվածամոր պատկերի մնացորդները Դվինի Մայր տաճարում (VI–VII դդ.), Զվարթնոցի ավերակներում և Էջմիածնի Մայր տաճարի հատակի տակ գտնված սմալտայի (հախճաքարի) կտորները]: Հայկական IV–VII դդ. խճանկարների նմուշներ են պահպանվել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Երուսաղեմի հին հայկական գերեզմանոցներում հայտնաբերվել են երկրաչափական և կենդանակերպ նախշազարդ յոթ խճանկարային պաննոներ (մեծ չափի նկար): Ի տարբերություն խճանկարչության, որը հատուկ էր վաղ միջնադարին, Որմնանկարչությունը հայկական եկեղեցական շինարարության մեջ օգտագործվել է գրեթե ողջ միջնադարի ընթացքում: Ինչպես քրիստոնյա երկրների մեծ մասում, այնպես էլ Հայաստանում որմնանկարներն ստեղծվել են ֆրեսկոյի տեխնիկայով. աշխատանքը կատարվել է խոնավ, չչորացած սվաղի վրա: Խոնավ ավազի կիրն ու մանր ավազը ներծծել են ջրաներկը և չորանալուց հետո, առանց սոսնձի կամ ամրացնող որևէ նյութի խառնուրդի, ձուլվել միմյանց: Հայկական Որմնանկարչությանը բնորոշ է նաև արդեն պատրաստ նկարի վրա տեմպերայի օգտագործումը՝ վերջնական մանր ուղղումներ կատարելու համար (ներկերը սոսնձվել են ձվով): Այդ նպատակով երբեմն գործածվել են նաև ոսկին (Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի) և արծաթը (Անիի Ս. Առաքելոց եկեղեցի): Հայկական որմնանկարների գրունտի շերտը բարակ է (հաստ շերտը երկար չէր դիմանա), որովհետև այն ծածկել է ոչ թե աղյուսի, այլ սրբատաշ քարի մակերեսը, որի շնորհիվ էլ որմնանկարը պահպանվել է դարեր շարունակ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղմիջնադարյան գրեթե բոլոր հայկ. եկեղեցիները [Աղցի (IV դ.), Ծիծեռնավանքի, Քասաղի (V–VI դդ.), Թանահատի վանքի, Եղվարդի Ս. Թեոդորոս վանքի, Զովունու Ս. Պողոս-Պետրոս (V–VI դդ.) եկեղեցիները, Երերույքի Ս. Կարապետ վկայարանը, Օձունի, Երևանի Ս. Պողոս-Պետրոս (VI–VII դդ., վերակառուցված XVII դ.), Աշտարակի Ծիրանավոր (V–VI դդ.) և Կարմրավոր (VII դ.), Արթիկի Ս. Աստվածածին (V դ.), Եղվարդի Ս. Զորավոր (VII դ.) և այլ եկեղեցիներ] հարդարվել են որմնանկարներով, որոնցից սոսկ բեկորներ են մնացել: Միայն Արուճի Ս. Գրիգոր, Թալինի Կաթողիկե, Լմբատավանքի, մասամբ՝ Կոշի Ս. Ստեփանոս վանքի եկեղեցիների մի քանի որմնանկարներ հնարավորություն են ընձեռել որոշելու դրանց գեղ. որակը, պատկերագր. առանձնահատկությունները, գաղափար կազմելու վաղ շրջանում հայկական եկեղեցիներում ընդունված որմնանկարների ընդհանուր դեկորատիվ ծրագրի մասին: Դա այն ժամանակահատվածն էր, երբ քրիստոնեական պատկերագրությունը դեռ նոր էր ձևավորվում, և Հայաստանն այդ արվեստի հիմքերը դնող երկրների թվում էր: Վաղ միջնադարի հայկական Որմնանկարչության պատկերագրական ընդհանուր գծեր է ունեցել քրիստոնյա Արևելքի և Արևմուտքի Որմնանկարչության հետ, միաժամանակ դրսևորել ինքնուրույն որոնումների տարրեր: Որպես կանոն, ամենից լավ պահպանվել են եկեղեցիների գլխավոր՝ արլ. կամ Ավագ խորանի որմնանկարները: Վաղ միջնադարի բոլոր հայկական եկեղեցիների Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է Քրիստոսի «Համբարձումը»: Բայց «Համբարձման» տեսարանի պատկերագրությունը դեռևս խիստ կանոնականացված չէր. գրեթե յուրաքանչյուր որմնանկարում տրվել է այդ տեսարանի յուրովի տարբերակը: Այսպես, Լմբատավանքի և Կոշի Ս. Ստեփանոս վանքի եկեղեցիների որմնանկարներում Քրիստոսը բազմած է գահի՝ շրջապատված քառակերպերով և սերովբեներով, Թալինի Կաթողիկե եկեղեցում Քրիստոսի կերպարը փոխարինված է էթիմասիայով (եռմիասնական Աստծո գահով), իսկ Արուճի Ս. Գրիգոր եկեղեցում, որտեղ հասակով մեկ կանգնած Փրկիչը ձախ ձեռքում պահում է ավետարանական քաղվածքով գալարը, «Համբարձման» տեսարանը համատեղված է Օրենքի արձակման հետ: Հատկանշական է, որ այդ բոլոր որմնանկարներում «Համբարձումը» պատկերված է ոչ թե «պատմական» տեսանկյունից, այսինքն՝ ըստ Ավետարանների և Գործք առաքելոցի, այլ ընդգրկում է Հին կտակարանի տեքստերով ներշնչված տարրեր: Վաղ շրջանի հայկական եկեղեցիների մյուս՝ հս., հվ., արմ. պատերի որմնանկարների մասին պատկերացում է տալիս Վրթանես Քերթողը: Նա իր «Յաղագս պատկերամարտից» գրվածքում անդրադարձել է եկեղեցիներում ավետարանական թեմաներ պատկերող որմնանկարներին: «Համբարձման» հետ մեկտեղ նա թվարկել է մի շարք այլ պատկերագրական տեսարաններ Քրիստոսի կյանքից («Ծնունդ», «Մկրտություն», «Չարչարանքներ», «Խաչելություն», «Թաղում», «Հարություն»), ինչպես նաև՝ հայոց սրբերի ու նահատակների վարքերից (Գրիգոր Լուսավորչի, Գայանեի, Հռիփսիմեի և Հայաստանում առանձնապես մեծարված Ստեփանոս Նախավկայի):
Հայկական վաղմիջնադարյան Որմնանկարչության մեջ գեղարվեստական առումով առանձնանում է երկու հիմնական ուղղություն. առաջինը (Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի) պահպանել է կապերը հելլենականացված գեղանկարչության պատկերման համակարգի հետ, մյուսը (Լմբատավանքի, Թալինի Կաթողի եկեղեցիներ) հենվել է արլ. ժողովրդական արվեստի առավել պայմանական սկզբունքների վրա:
Արաբական տիրապետության շրջանը (VII–IX դդ.) ընդհատել է հայկական մշակույթի բնականոն ընթացքը, արգելակել նաև Որմնանկարչության զարգացումը, որն ավելի, քան գեղանկարչության մյուս բնագավառները, կախված է եղել պատմաքաղաքական, տնտեսական և սոցիալական բարենպաստ պայմաններից: Որմնանկարչության զարգացման հաջորդ շրջանը սկսվել է X դ. և շարունակվել մինչև XI դ. կեսը: Ազգային մշակույթի նոր վերելքը Որմնանկարչության բնագավառում արտահայտվել է ոչ միայն նշանավոր կոթողների ստեղծմամբ, այլև դեկորատիվ ծրագրի հետագա զարգացմամբ:
X–XI դդ. Որմնանկարչության նմուշներից ամենից լավ պահպանվել են Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցում (915–921) և Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարում (930): Միմյանցից հեռու գտնվող այս եկեղեցիները տվել են դեկորատիվ ծրագրի երկու տարբերակ՝ իր ժամանակի համար բավական առաջատար (Տաթևհամեմատաբար հնավանդ (Աղթամար): Բայց երկու դեպքում էլ գեղ. կերպարների որոնումները ենթարկվել են խաչագմբեթ տաճարի առանձնահատկություններին (Աղթամարում՝ դասական տիպի, Տաթևում կառուցվածքը ներդաշնակվել է գմբեթավոր դահլիճի տիպին): Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարները և՛ իրենց ծրագրով, և՛ուրույն գեղարվեստական ոճով կապված են արևելաքրիստոնեական ավանդույթներին և տերունական շարքի տեսարանների հետ մեկտեղ ներառում են նաև խորհրդանշական իմաստ ունեցող հինկտակարանային իրադարձությունները: Թեմաները դասավորված են գոտիներով և իրադարձությունների պատմական հաջորդականությամբ հետևում են միմյանց:
Տաթևի որմնանկարներում միջադեպերը կազմում են պարզ ու հստակ տոնական շարք: Բացի այդ, Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարն այն ամենավաղ քրիստոնեական կառույցներից է, որտեղ պատկերվել է (արմ. պատի վրա) «Ահեղ դատաստանի» լայնածավալ հորինվածքը: Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցում նույնպես առկա է «Երկրորդ գալստյան» տեսարանը (հվ. պատի դռան վերին մասում), սակայն պակաս զարգացած հորինվածքով: Ս. Պողոս Պետրոս եկեղեցու Ավագ խորանում վաղ ծրագրից պահպանվել է «Համբարձման» տեսարանը, Ս. Խաչ եկեղեցում՝ «Դեիսուսը» («Բարեխոսություն», Քրիստոսը Աստվածամոր և Հովհաննես Մկրտչի միջև), իսկ երկու որմնանկարների հաջորդ շարքում պատկերված են առաքյալները:
Որմնանկարչության բեկորներն Անիի եկեղեցիներում՝ Անիի Մայր տաճարի (1001) խորանում (որտեղ ներկայացված են գահին բազմած Փրկիչը և խաչը խնկարկող հրեշտակները), Ս. Փրկչի ութանիստ եկեղեցում (1035, «Փրկիչը հրեշտակների հետ»՝ Ավագ խորանում,«Խորհրդավոր ընթրիքը», ավետարանիչների պատկերները և նկարչի՝ Սարգիս Փառշիկի ինքնանկարը) վկայում են, որ Անիում գոյություն է ունեցել մայրաքաղաքային հրաշալի արվեստանոց: Վերջինս, որոշ առումով կապված լինելով բյուզնադական լավագույն ավանդույթներին, միևնույն ժամանակ տարբերվել է գործող անձանց պատկերների ավելի ազատ մշակումով, կենսական մեծ ուժով, կերպարների որոշակի անհատականացմամբ և ընդհանրապես՝ պակաս կանոնականությամբ:
X–XI դդ. Որմնանկարչության բեկորներ են պահպանվել նաև Գնդեվանքի, Հաղպատի վանքի, Կապուտկողի Ս. Հակոբ վանքի և Թիլի (Եկեղյաց գավառ) եկեղեցիներում: XI դ. սելջուկների արշավանքների հետևանքով կրկին ընդհատված հայոց հոգևոր, մշակութային կյանքը նոր վերելք է ապրել Հս. Հայաստանում Զաքարյանների ժամանակաշրջանում: Մեծ աշխուժություն է նկատվել նաև Որմնանկարչության ոլորտում և շարունակվել XIII–XIV դդ.: Այդ շրջանից մեզ են հասել Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու [պահպանվել են միայն որմնանկարների 4 բեկորներ, գտնվում են Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ)], Տիգրան Հոնենցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ) և Հոնենցների տոհմական գերեզմանատան, Ախթալայի Ս. Աստվածածին վանքի, Քոբայրավանքի, Կիրանց վանքի, Հաղպատի վանքի հվ. և հս. պատերի, Ծիծեռնավանքի հս. պատի, Անիի Ս. Առաքելոց եկեղեցու, Կեչառիսի վանքի, Դադիվանքի և Առաչաձորի եկեղեցու որմնանկարները: Այդ ժամանակաշրջանի ընդհանուր դեկորատիվ ծրագիրը հետևյալն է՝ գմբեթում (եթե գմբեթային կառույց է) «Համբարձումն» է (Կիրանց վանք), թմբուկի վերին մասում՝ հրեշտակներով ու առաքյալներով շրջապատված աղոթող Աստվածամայրը (օրանտ): Ավագ խորանի որմնանկարների համար ընտրվել է երկու հիմնական տարբերակներից մեկը՝ կամ «Դեիսուսը» (Տիգրան Հոնենցի եկեղեցի, Հոնենցների գերեզմանատուն, Քոբայրավանքի փոքր եկեղեցի, Հաղպատի, Կեչառիսի վանքեր), կամ «Աստվածամայրը Մանկան հետ» («Օդիգիտրիա», Ախթալայի Ս. Աստվածածին վանք, Քոբայրավանքի մեծ եկեղեցի, Կիրանց վանք):
Որմնանկարի հաջորդ երկու հարկաշարում, որպես կանոն, «Հաղորդությունն» է և սրբերի դասը: Տերունական տեսարաններում տաճարների հիմն. մասը լրացվել է շարքերով՝ կապված այն սրբի վարքի հետ, որին նվիրված էր եկեղեցին (Գրիգոր Լուսավորչի վարքաշարքը Տիգրան Հոնենցի եկեղեցում, Աստվածամոր շարքը Ախթալայի Ս. Աստվածածին վանքում և Քոբայրավանքի փոքր եկեղեցում):
Միջնադարում հայկական եկեղեցիները որմնանկարներով զարդարվել են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նշանավոր են Սոխակ եկեղեցու (Լիբիական անապատում, մոտ XI դ.), Լվովի Ս. Աստվածածին եկեղեցու, Ղրիմի եկեղեցիների (XIV–XV դդ., տես Սուրխաթի Ս. Խաչ վանք), Նոր Ջուղայի(XVII–XVIII դդ.) աշխարհիկ և եկեղեցական որմնանկարները: Ինքնօրինակ են Կիլիկյան Հայաստանի որմնանկարները (հավաստում են գրավոր աղբյուրները), որոնք վատ են պահպանվել և գրեթե ուսումնասիրված չեն: Համեմատաբար լավ վիճակում է վաղ շրջանի կիլիկյան որմնանկարներից Զորավարաց (Անազարբայում) եկեղեցունը (կառուցել է Թորոս Ա իշխանը XII դ. 1-ին քառորդին): Որմնանկար է պահպանվել այդ եռանավ քառասյուն ոչ մեծ բազիլիկի խորանում (պատկերված է Քրիստոսը գահին նստած՝ ավետարանիչների խորհրդանիշներով ու երկու սերովբեներով), ինչպես նաև՝ ավանդատան արմ. մասում (ս. զինվորի պատկերը): Այդ սխեման հիշեցնում է VII դ. հայկ. եկեղեցիների գեղանկարչական հարդարանքը:
Եկեղեցական շինությունների հետ մեկտեղ միջնադարում զարդարվել են նաև աշխարհիկ շինությունները՝ հիմնականում թագավորական պալատները: Այդ որմնանկարները, սակայն, չեն պահպանվել. մեզ են հասել միայն գրավոր աղբյուրների վկայությունները: Թովմա Արծրունին նկարագրել է Աղթամար կղզում Գագիկ թագավորի պալատի որմնանկարները, որտեղ պատկերված են եղել գահին բազմած թագավորը, նրան սպասարկող պատանիները, պարուհիներն ու երգիչները, որսի տեսարաններն ու կրկեսային ներկայացումները: Որմնանկարներով է զարդարվել նաև Անիի Բագրատունիների պալատը: Ն. Մառը նկատել է, որ 1907–1908-ի պեղումների ժամանակ հայտնաբերված պատերին նկարված են եղել ծաղկազարդ պարտեզներ և հեծյալների խումբ՝ թագավորների ու թագուհիների պատկերներով: XVII–XVIII դդ. նկարազարդվել են հայկական բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր՝ Էջմիածնի Մայր տաճարը, Ագուլիսի, Քանաքեռի, Երևանի, Գնդեվանքի (ուշ շերտ), Մեղրիի, Նոր Ջուղայի եկեղեցիները (Ս. Հովսեփ Հարեմաթացի, Ս. Կատարինե, Ս. Նիկողայոս, Ս. Հովհաննես ևն), ինչպես նաև բնակելի տներ (հայտնի են հատկապես Նոր Ջուղայի հայ խոջաների առանձնատների աշխարհիկ որմնանկարները): Այդ որմնանկարները կատարվել են հիմնականում տեմպերայով, անգամ յուղաներկով՝ կտավի վրա (Նոր Ջուղա): Կրոնական (եկեղեցիներում) և աշխարհիկ (տներում) թեմաների հետ մեկտեղ մեծ դեր է կատարել նաև զարդանկարը: Երբեմն այն ծածկել է ողջ մակերեսը, երբեմն՝ զուգակցվել թեմատիկ տեսարաններին՝ իբրև շրջանակավորում: Իրենց բնույթով բուսական այդ մոտիվները՝ ցանցկեն գծանկարներով ու հարուստ մանրամասներով, արլ. արվեստի համար տիպական նմուշներ են: Թեմատիկ պատկերներում հաճախ նկատվում է արմ. գեղանկարչության ազդեցությունը: Կատարող վարպետները, անշուշտ, քաջատեղյակ են եղել եվրոպական արվեստի կոթողներին, իսկ ոմանք, հավանաբար, համապատասխան դպրոց են անցել: Պահպանվել են նաև նկարիչների անունները՝ Մինաս Զոհրաբյան (XVII դ., Նոր Ջուղա), Հովհաննես Մրքուզ և Հովնաթանյանների տոհմի երեք սերնդի ներկայացուցիչները, որոնք պատկերազարդել են Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներ Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում:
Կանոնական համակարգերի համեմատաբար ազատ մեկնաբանումը, գեղ. լեզվի ինքնատիպությունը, որ արդյունք է տեղական ժողովրդական արվեստի և հելլենիստական գեղանկարչության ավանդույթների զուգորդման, և, վերջապես, տեխնիկայի յուրօրինակությունը միջնադարյան հայկական Որմնանկարչության (որի մի աննշան մասն է մեզ հասել) դասում են արևելաքրիստոնեական մոնումենտալ գեղանկարչության նվաճումների շարքը:
Դրամբյան Ի. Քոթանջյան Ն.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Տեր - Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am