ԾԵՍ. աստվածապաշտություն, խորհրդաբանական գործողություն կամ գործողությունների, արարողությունների շարք՝ արտահայտելու համար որևէ նվիրական, աստվածային երևույթ. հոգևոր պաշտամունքի ձև:

Բազմաթիվ ծեսեր և ծիսական արարողություններ են նկարագրված Հին կտակարանի գրքերում, ինչպիսիք են՝ օծման ծես, զոհաբերության ծես, զատկական ծես և այլն:

Ծես նկարագրված է նաև Նոր կտակարանում: Հիսուսն ինքը իր առաքյալների հետ կատարում էր սաղմոսասացություն, օրհներգություն, այսինքն՝ պաշտամունք առ Հայր Աստծված. նա ժողովարան գնաց և ընթերցեց Եսայի մարգարեի գիրքը (Ղուկ. 4.16–21), կատարեց Հին ուխտով սահմանված Զատիկը (Պասեք), որի ընթացքում, հաց և գինի բաժանելով աշակերտներին, իբրև տերունական մարմնի և արյան խորհուրդ, հորդորեց այն կատարել այնուհետև իր հիշատակի համար. դրանով իսկ հաստատվեց սուրբ Հաղորդության ծես կամ սուրբ Պատարագը (Մատթ. 26.17–30, Մարկ. 14.12–25, Ղուկ. 22.7 20, Հովհ. 13.21–30, Ա Կորնթ. 11.23–26):

Ծես պահպանվել է նաև առաքելական շրջանում. «... և նրանք հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ» (Գործք 2.42, տես նաև Գործք 2.46, 20.7, 11, 27.35):

Եկեղեցիների կազմավորման և ճյուղավորման շրջանում յուրաքանչյուր եկեղեցի, պահելով հինկտակարանային և առաքելական շըրջանից ավանդված էական Ծեսերը, միաժամանակ նոր հավելումներ է արել՝ պատշաճեցնելով դրանք հիմնական ծեսերին: Առաջ են եկել հունական, հայկական, ասորական, լատինական, ղպտական եկեղեցական ծեսեր և իրենց հերթին՝ դրանց այլ ճյուղավորումներ:

Հայ եկեղեցական ծես սկզբնական շրջանում կատարվել է ըստ հունական և ասորական առաքելական ավանդությունների: Գրիգոր Լուսավորչից սկսած, ապա, մասնավորաբար 5-րդ դարից՝ հայոց գրերի գյուտից և Աստվածաշունչը հայերեն թարգմանելուց հետո, ընդհանրական ծես, հայացվելով, դարձել է առավել ազգային, օժտվել նոր հավելումներով ու պատշաճեցումներով: Ծեսի բովանդակային առանցքը կազմող շարականների, աղոթքների խմբագրման և հատուկ դասավորության առումով մեծ դեր են կատարել Սահակ Ա Պարթև կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը և Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը (տե/ս Մաշտոց, Հայսմավուրք, Տոնացույց):

Հայ եկեղեցու Ծես հարստացել է նաև հետագայում, մասնավորապես 8, 9, 12-րդ դարերում՝ Ստեփանոս Սյունեցու, Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրով Անձևացու, իսկ կիլիկյան շրջանում՝ Ներսես Շնորհալու և Ներսես Լամբրոնացու բարենորոգչական ներդրումներով:

Ծեսի կամ աստվածապաշտության արարողակարգի հիմնական բաղկացուցիչ մասերն են խորհուրդները (տե՛ս Խորհուրդներ եկեղեցական), ժամերգությունները, տոները և հոգևոր բարեպաշտական արարողությունները:

 

Տես նաև՝ Ծիսամատյան:

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am