Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Թարգմանչաց Շարժում

 

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՇԱՐԺՈՒՄ. հայ գրերի գյուտից հետո սկզբնավորված շարժում, որի խնդիրն էր՝ նախ հայերեն թարգմանել Աստվածաշունչը, հայացնել եկեղեցական ծեսը, ապա հայալեզու քրիստոնեական գրականություն տարածելու, հայոց դպրություն սկզբնավորելու միջոցով նպաստել Հայաստանի հոգևոր վերածննդին, կրոնամշակութային, ինչպես նաև գաղափարաքաղաքական անկախության հաստատմանը:

Թարգմանչաց շարժման Ա շրջանն ընդգրկում է 5-րդ դարի 1-ին կեսը, Բ շրջանը կապված է հունաբան դպրոցի գործունեության հետ (5-րդ դարի կես8-րդ դարի սկիզբ):

«Թարգմանիչ»են անվանվել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի շուրջ 100 սաները, որոնք անմիջականորեն աշակերտել են նրանց, չհաշված «կրտսեր թարգմանիչները», հիմնականում՝ աշակերտների աշակերտներըԹարգմանիչ նշանակել է նաև մեկնիչ, մեկնող, Աստվածաշնչի այս կամ այն դրույթը բացատրողԱռաջին թարգմանիչներից հայտնի են մոտ երեսունը, իսկ Տոնացույց են մտել երեքը՝ 5-րդ դար պատմիչ Եղիշեն, Մովսես Քերթողը և Դավիթ Անհաղթը: Հայ եկեղեցին «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների հիշատակը՝ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ: Այս վեցյակի մեջ են նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին:

Հայ գրերի գյուտով (405) սկզբնավորված Թարգմանչաց շարժման դարերի ընթացքում համալրվել է նորանոր անուններով և թարգմանված արժեքավոր գործերով: Հայ քրիստոնեական միտքը, ելնելով Սուրբ Գրքից, թարգմանությունը համարել է Սուրբ Հոգու շնորհներից («Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք,... մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, ...մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ», Ա Կորնթ. 12.8–10):

Մեսրոպ Մաշտոց Սահակ Ա Պարթև Վռամշապուհ արքա եռյակի առաջին նպատակն էր իրականացնել Սուրբ Գրքի թարգմանությունը: Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմիջական առաջնորդությամբ կատարված այդ թարգմանությամբ լուծվել են մի շարք խնդիրներ՝

1. թարգմանչական դպրոցի ստեղծման,

2. հոգևոր-մշակույթ,

3. գաղափարաքաղություն:

Թարգմանչական առաջին խումբը՝ հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի և այլոց, նախապես թարգմանել է Աստվածաշունչը. երկրորդխումբը՝ Եզնիկ Կողբացի, Կորյուն, Հովսեփ Պաղնացի, Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Վանանդեցի և մյուսներ՝ իրենց ուսուցիչների հետ միասին, փաստորեն կատարել է Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը՝ համեմատությամբ հունարեն Յոթանասնից թարգմանության:

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը համարվում է «թարգմանությունների թագուհի», վիթխարի դեր է խաղացել հայերենը համազգային եկեղեցական և գրական լեզվի վերածելու գործում, նպաստել ողջ Հայաստանի հոգևորմշ մակույթի զարթոնքին: Սակայն Աստվածաշնչի բազմաշերտ ու բազմանշանակ տեքստերը հստակորեն, ուղիղ դավանանքով մեկնաբանելու, ինչպես նաև ծայր առած աղանդավորական շարժումներին ի պատասխան՝ սուրբգրային իմաստները անխաթար ու ամբողջական պահելու համար հարկավոր էր նաև հայերեն թարգմանել ողջ ուղղադավան-եկեղեցական ու հայրախոս-աստվածաբանական գրականությունը:

Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հունարենից և ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու և մյուսների մեկնողաբանական, աստվածաբանական, դավանական երկերը, ինչպես նաև՝ Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագովական բնույթի երկերը:

5-րդ դարի 1-ին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ հետևյալ բաժինների.

-Լիտուրգիկա՝ ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք ևայլն),

-Պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն,

-Մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն, կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ), պատմբնույթի երկեր:

Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թվականները հիմնականում թարգմանվել են.

 

 

1. Աստվածաշունչ (405–408-ին և 430-ական թվականներուն),

2.Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թարգմանված են հունարենից և ասորերենից),

3. Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հունարենից),

4. Ժամագիրք (հունարենից),

5. Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները,

6. Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հունարենից),

7. Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին (հունարենից),

8. Հիերոնիմոսի մեկնությունը,

9. Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը՝ (416–420-ին, հունարենից),

10. Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասի» (հունարենից),

և ահագին այլ գործեր ու կարևոր երկեր...

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am