ՇՈՂԱԳԱՎԱՆՔ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի, վանքը, բազմամարդ միաբանությամբ, հիմնել է Գեղարքունիքի իշխանուհի Մարիամը (Հայոց իշխան Աշոտ Բագրատունու դուստրը): Վաղամեռիկ ամուսնու՝ իշխան Վասակ Գաբուռի հիշատակին 877–886-ին կառուցելով Ս. Պետրոս եկեղեցին (արձանագրության մեջ՝ Ս.Պողոս)՝ վանքին որպես կալվածք նվիրել է հարկերից ազատված Շողագա և Գներ գյուղերը: Եկեղեցին ունի հայկ. ճարտ-յան Սյունիքի դպրոցի IX–X դդ. մշակած՝ կենտրոնագմբեթ, ներսից խաչաձև (եռախորան, արմ. ուղղ անկյուն թևով), չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Պահպանվել է հս. պատը, վրան՝ մեկ տողով շենքի պարագծով ձգվող շինարարական արձանագրության մի հատվածը: Վանքի հս-արմ-ում գտնվում են թաղածածկ, արտաքուստ հնգանիստ խորանով եկեղեցու (V–VI դդ.) ավերակները, շուրջը՝ տապանաքարեր: 910-ի արաբների արշավանքի պատճառով Արցախում ապաստանած և այնտեղ մահացած Մարիամ իշխանուհու դին որդիները բերել և թաղել են Շողագավանքում: Հետագայում Շողագավանքում կառուցվել են Շողակաթ, Ծիրանավոր, Ս.Աթանագինես եկեղեցիները (չեն պահպանվել): Շողագավանքը գործել է մինչև ուշ միջնադար, XVII դ. վանքում Հայր ապետ գրիչը ընդօրինակել է ձեռագրեր:

 

                                                              Հասրաթյան Մ., Ղազարոսյան Ա.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:

Մնացականյան Ստ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960:

Դիվան հայ վիմագրության, պր. 4, Ե., 1973:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am