ՇԻՐԱԿԻ ԹԵՄ Հայաստանյայց  առաքելական եկեղեցու: Վերակազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի՝ 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Գյումրու Ս. Աստվածածին Յոթ վերք եկեղեցի: Ընդգրկում է ՀՀ Շիրակի մարզը: Մինչ այդ, 1988-ին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Շիրակի տարածաշրջանում ստեղծվել էր Շիրակի թեմ: Առաջնորդն էր Գրիգորիս արք. Բունիաթյանը (1988–97): Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառը IV դարից հիշատակվում է որպես Հայոց նշանավոր եպիսկոպոսանիստ: Գրիգոր Ա Լուսավորչի հունարեն վարքում անվանապես հիշվում են նրա ձեռնադրած 12 եպիսկոպոսներ, այդ թվում՝ Շիրակի Արսուկես անունով եպիսկոպոսը:

Վաղ միջնադարյան սկզբնաղբյուրներում Շիրակի եպիսկոպոսությունը չի հիշատակվում, քանի որ եպիսկոպոսական որոշ աթոռներ գործել են հայտնի նախարար. տներին զուգահեռ (նրանց տիրույթում) և կոչվել այդ տների անուններով: Շիրակը III–VIII դդ. եղել է Կամսարականների նախարար. տոհմի տիրույթը և գտնվել Կամսարական տան եպիսկոպոսի վերակացության ներքո: Կամսարական եպիսկոպոսները եկեղեցական ժողովների մասնակիցների ցուցակներում նշվել են նաև որպես Արշարունիքի եպիսկոպոսներ: IX դարից Շիրակի տեր է դարձել Բագրատունիների նախարար. տունը, որը նույնպես ուներ եպիսկոպոսական աթոռ:
X դ. կեսից մինչև XI դ. կեսը Շիրակում (Արգինա, Անի) է գտնվել Հայոց կաթողիկոսական աթոռը (տես Անիի կաթողիկոսարան, Արգինայի կաթողիկոսարան): 1046-ին Բյուզանդիան կազմալուծել է Անիի կաթողիկոսական աթոռը, 1072-ին Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը Անի քաղաքի և Շիրակ գավառի արքեպիսկոպոս է ձեռնադրել Բարսեղին: Այդ ձեռնադրությամբ հիմնվել է Անիի և Շիրակի եպիսկոպոսությունը՝ որպես Հայ եկեղեցու առանձին վարչատարածքային միավոր: Անիի վերջին եպիսկոպոսը հիշվում է XV դ., որից հետո Շիրակը դարձել է Կարսի եպիսկոպոսության վիճակներից մեկը: Ռուսական կայսրության հաստատած «Պոլոժենիե»-ով (1836) Շիրակի փոխանորդությունը Հայ եկեղեցու Երևանի թեմի կազմում ստեղծված չորս վիճակներից մեկն էր (ղեկավարում էր առաջնորդական փոխանորդը):
Թեմի տարածքում են գտնվում Լեռնակերտի (IV դ.), Սարալանջի (V դ.) եկեղեցիները, Երերույքի Ս. Կարապետ վկայարանը (V դ.), Պեմզաշենի եռաեկեղեցի համալիրը (V–VII դդ.), Նոր կյանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ (VI դ.), Սարակապի Ս. Աստվածածին (VI դ.), Մայիսյանի Ս. Աստվածածին (VII դ.), Աղինի Ս. Հակոբ (XIX դ.) եկեղեցիները, Արփիի, Բաշգյուղի, Ձորագյուղի եկեղեցիները, Գոգահովտի Ս. Աստվածածին, Թորոսգյուղի Ս. Աստվածածին, Լեռնագյուղի Ս. Հովհաննես եկեղեցիները (բոլորն էլ՝ XIX դ.), Բենյամինի, Արևիկի եկեղեցիները (երկուսն էլ՝ XX դ.), Հայրենյացի Կարմիր վանքը (V–VI դդ.), Հառիճավանքը (VII–XIII դդ.), Մարմաշենի վանքը (X–XI դդ.), Սառնաղբյուրի Հոգեվանքը (XII դ.) ևն: 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո բազմաթիվ եկեղեցիներ ավերվել են: Թեմի գործող եկեղեցիներն են Գյումրու Ս. Աստվածածին Յոթ վերք եկեղեցին, Ս. Հռիփսիմե մատուռը, Հառիճավանքը, Ազատանի Ս. Ստեփանոսը և Սառնաղբյուրի Ս. Թադեոսը:
Շիրակի թեմում գործում է Ընծայարան, որի սաներն ավարտելուց հետո ուսումը շարունակում են Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:
Շիրակի թեմի առաջնորդական տեղապահն է Միքայել եպս. Աջապահյանը (1999-ից):
 
                                                                                                   Մաթևոսյան Կ.

Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Մաթեվոսյան Կ., Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն), «Էջմիածին»1998, դ 2–3:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am