Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Շահխաթունյանց Հովհաննես

 ՇԱՀԽԱԹՈՒՆՅԱՆՑ Հովհաննես Գեորգի [20.5.1799, գ. Շահրիար (Շարուր գավառ) – 1.3.1849, գ. Շահրիար], պատմաբան, հնագետ, մատենագետ: Ս. Էջմիածնի միաբանության անդամ: Սերել է ազնվական ընտանիքից: Ուսանել է Էջմիածնում՝ վանեցի Մկրտիչ վարժապետի մոտ, ապա Եփրեմ Ա Ձորագեղցին նրան ուղարկել է Կ. Պոլիս, Ս. Էջմիածնի նվիրակ Աստվածատուր եպիսկոպոսի մոտ՝ որպես սպասավոր: Վերջինս Շահխաթունյանցին հանձնել է «արժանավոր վարժապետաց», որոնցից նա սովորել է հունարեն և թուրքերեն: Ս. Էջմիածին վերադառնալուց հետո Աստվածատուր եպիսկոպոսը 1826-ին Շահխաթունյանցին ձեռնադրել է կուսակրոն քահանա: 1830-ին Եփրեմ Ա Ձորագեղցու հրամանով նշանակվել  է Ս. Էջմիածնի Բարձրագույն խորհրդարանի ատենադպրի օգնական, 1832-ին՝ Բարձրագույն խորհրդարանի անդամ և մատենադարանի վարիչ: Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսի դեմ ծայր առած հուզումների պատճառով 1833-ին հրաժարվել է այդ պաշտոններից, հանդես եկել կաթողիկոսի գործելակերպի դեմ բողոքող ութ եպիսկոպոսների և վարդապետների խմբում: Սակայն Գրիգոր Արդվինցու և Ստեփանոս Արարատյանցի հետ բաժանվել է բողոքողներից ու կրկին անդամակցել խորհրդարանին: 1834–35-ին եղել է Երևանի վիճակի առաջնորդական փոխանորդ: «Պոլոժենիե»-ի (1836) ընդունումից հետո մինչև մահ եղել Հայ եկեղեցու նոր կանոնադրությամբ ստեղծված Սինոդի անդամ, միաժամանակ վարել տարբեր պաշտոններ՝ Մայր աթոռի տպարանի կառավարիչ, ժառանգավորաց դպրոցի ուսուցիչ ու վերատեսուչ, վանական կառավարության անդամ: 1841-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: Սինոդի հանձնարարությամբ Շահխաթունյանցը  կազմել է Ս. Էջմիածնի գրատան ձեռագրացուցակը (312 անուն), որի մասին գովեստով է արտահայտվել հայագետ ակադեմիկոս Մ. Բրոսսեն: Վերջինս թարգմանել է ձեռագրացուցակը և 1840-ին հրատարակել ֆրանսերեն  ու ռուսերեն: Շահխաթունյանցը գրել է Դավիթ-Դանիելյան անցքերի պատմությունը, «Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» (հ. 1–2, 1842) աշխատությունը, որը փաստական նյութեր է պարունակում քաղաքամայր Վաղարշապատի սրբավայրերի ու հուշարձանների, Այրարատի հինգ գավառների վերաբերյալ: «Պատմութիւն գետնաշարժին ի 1840 ամի» ձեռագիր երկում նկարագրել է Այրարատի 1840-ի երկրաշարժը և Ակոռի գյուղի ու Ս. Հակոբ վանքի կործանումը: Շահխաթունյանցը իբրև գիտնական հայտնի է եղել նաև օտարներին: 1844-ին Ստ. Նազարյանցի միջնորդությամբ ընտրվել է Կազանի համալսարանի թղթակից անդամ: Մշտական հարաբերություններ և նամակագրական  կապեր է ունեցել Խ. Աբովյանի, Ստ. Նազարյանցի և ուրիշ առաջադեմ գործիչների հետ: Նա Մ. Մսրյանի, Խ. Աբովյանի, Մ. Սալլանթյանի հետ ցանկացել է Սևանա կղզում գիտական միաբանություն ստեղծել, բայց այդ մտահղացումը չի իրականացել: Ներսես Ե Աշտարակեցին մեծ հարգանքով ու հավատով է վերաբերվել նրան: 1843-ին Շահխաթունյանցը  նշանակվել է Վրաստանի հայոց թեմի նվիրակ և մեկնել Թիֆլիս:

                                                                                             Դիլոյան Վ.

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Սեդրակյան Ա., Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը, ՍՊԲ, 1898:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am