Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց

 ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ: XI դ. 1-ին կեսին Մեծ Հայքում և նույն դարի երկրորդ կեսին Մեծ Հայքում ու Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտինե)] շարունակվել է Մլքե թագուհու և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը: XI դ. առաջին հայկական պատկերազարդ ձեռագիրը «Ադրիանուպոլսի Ավետարանն» է: Ձեռագրում ավետարանիչների և «Աստվածամայրը Մանկան հետ» նկարներն իրենց սառը կիսատոներով ու գույներով, նուրբ երկարացված համամասնություններով աղոտ հիշեցնում են Մակեդոնիայի XII դ. բյուզանդական որմնանկարների (Օխրիդ, Կուրբինովո, Ներեզի) ոճը: Ընդ որում, ավետարանիչների գլուխների մոտ հունարեն գրված են նրանց անունները: Գույները ջրաներկային են, տարբերվում են բյուզ. արծնափայլ մանրանկարներից: XI դ. Արմ. Հայաստանի այն ծայրամասերում (Փոքր Հայք, Հս. Միջագետք, Բարձր Հայք, Կապադովկիա), որտեղ հայ բնակչությունը գրեթե հունացել էր, վերստին վերականգնվել է հայկական աշխույժ կյանքը, երևան են եկել զանազան գրչատներ: Եփրատ գետի ափին գտնվող Կղոտ գավառի Թալաշա վանքում 1018-ին, տիկին Ծովուկի պատվերով, ընդօրինակվել է մի ձեռագիր՝ պարզունակ խորաններով, թռչուններով, ջրաներկային ցայտուն գույներով, սյունաշարքի տակ կանգնած չորս ավետարանիչների պատկերներով, որոնց դեմքերը (նեղ ճակատ, նշաձև աչքեր) հիշեցնումեն Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարների դեմքերը: X–XI դդ. այս կարգի ձեռագրերի մեջ գլուխգործոց է 1038-ի Ավետարանը (գրիչ՝ Եվարգրիս, տեղն անհայտ է, Մատենադարան, ձեռ. դ 6201), որը ոճով մոտ է «Ծուղրութի Ավետարան»-ին և «Վեհափառի Ավետարան»-ին: 1038-ի ձեռագրում Բյուզանդիայի Միքայել կայսրի անվան հիշատակումը, իսկ «Վեհափառի Ավետարան» - ում մի քանի մանրանկարներում հունարեն բառերի կամ անունների հունարեն գրությունը մատնանշում է մի վայր, որը եղել է Բյուզանդիայի իշխանության տակ: Սրանցում խորանների կառուցվածքը կորցրել է ճարտարապետական տրամաբանությունը, համակենտրոն կամարները հանգչում են սյան քիվին և ոչ խոյակին: Դուրա-Եվրոպոսի (III դ.) ասորա-պաղեստինյան վաղքրիստոնեական պարզագույն ոճն այստեղ հավատարմորեն պահպանվել է: Ասորա-եգիպտական ազդեցության արձագանքները երևում են նաև պատկերագրության մեջ. «Ծնունդում» դա ակնառու է և՛ ոճում, և՛ պատկերագրությունում: Մարիամը և Հովսեփը ներկայացված են լուսապսակներով՝ դեմ դիմաց. Հովսեփը փիլիսոփայի դիրքով է, չկա մանկան լոգանքի տեսարանը ևն: Միօրինակ չեն նաև մյուս թեմաները՝ ֆրիզաձև պատկերված «Մկրտությունը»«Պայծառակերպության» մեջ փառապսակի բացակայությունը, «Հարության» տեսարանում Տիրոջ գերեզմանն ունի սարկոֆագի ձև ևն: Այս և նմանատիպ ձեռագրերում մերկ կանանց տեսքով երևացող ծառերի ոգիները կարելի է տեսնել ղպտական վաղքրիստոնեական քանդակներում և գործվածքներում:

Գրաֆիկական-սխեմատիկ այս ուղղությունը շարունակվել է նաև XI դ. կեսին՝ հիմնականում Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում, որոնք վանական արվեստի հազվագյուտ նմուշներ են: Մանրանկարները հավաքված են տեքստին նախորդող պրակում. տերունական նկարներն ունեն պարզ շրջանակներ, իսկ գործողությունը ծավալվում է մագաղաթի ֆոնի վրա: 1041-ին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարան»-ի (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ.դ 3624) հիշատակարանում նշված են գրիչ Սամուելի, Բյուզանդիայի Միքայել կայսրի և Հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի անունները: Փոքր Հայքի ձեռագրերի խորանները զարդարված են բուսական ու երկրաչափական մոտիվներով, թռչուններով և հուշկապարիկներով: «Մալաթիայի Ավետարանը»,  ինչպես և 1057-ի ձեռագիրը (Մատենադարան, ձեռ. դ 3784) ունեն ընդարձակ պատկերաշարք: Տերունական շարքն ավարտվում է չորս ավետարանիչների և խաչի պատկերներով: Բյուզանդիայում կայունացած տասներկու մեծ տոների պատկերներն այստեղ ներգործել են նկարների շարքի վրա, որոնք թերևս ունեն ոչ թե պատմողական (ինչպես «Վեհափառի Ավետարանը»), այլ՝ ծիսական բնույթ: Խորանները կորցրել են իրենց ճարտարապետական տեսքը, մեկ ամբողջական էջի վրա նույն շրջանակում նկարվել է երկու տեսարան, որ հիշեցնում է խառը ֆրիզաձև կառուցվածքով X–XI դդ. կապադովկյան որմնանկարները: Կապադովկյան ձևով միացված են «Ավետման» և «Մարիամի ու Եղիսաբեթի հանդիպման» տեսարանները: Ասորական  ոգով ստեղծված «Խորհրդավոր ընթրիքին» հատուկ է կիսաբոլոր սեղանը: Ի հայտ են գալիս նաև նոր թեմաներ՝ «Հուդայի համբույրը»«Թաղումը»«Դժոխքի ավերումը»: Մարդկանց և առարկաների պատկերները խիստ պայմանական, սխեմատիկ բնույթ են կրում: Որպես կանոն, առատ են շղագիր և բոլորգիր մակագրությունները: 

 

                                                                            Ղազարյան Վ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am