ՊՈՂԱՐՅԱՆ Նորայր (ավազանի անունը՝ Ադամ-Նորայր) (17.1.1904, Այնթապ – 19.12.1996, Երուսաղեմ), ձեռագրագետ, հայագետ, բանասեր, մանկավարժ: Գրչանունները՝ Ծովական և Վանատուր: Նախնական կրթությունն ստացել է Այնթապի Վարդանյան, ապա՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում (1922–27): Աշակերտել է Ե. Դուրյանին, Մ. Նարոյանին, Բ. Կյուլեսերյանին: Լոնդոնի Քինգս քոլեջում և Մանչեստրի համալսարանում հետևել է աստվածաբանության դասընթացների (1928–30): 1928-ից՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբանության անդամ: 1923-ին ձեռնադրվել է սարկավագ, 1928-ին՝ կուսակրոն քահանա, 1951-ին՝ եպիսկոպոս, 1973-ին Վազգեն Ա կաթողիկոսը նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս: 1930– 1935-ին և 1941-ից՝ ուսուցիչ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, 1935–40-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նորաստեղծ Դպրեվանքի վերատեսուչ և ուսուցիչ:

Դասավանդել է Սուրբ Գիրք և մեկնություն Սուրբ Գրոց, ժամակարգություն, աստվածաբանություն, եկեղեցական կանոնագիտություն, Հայ և Ընդհանրական եկեղեցու պատմություն, հայոց լեզու, հայ մատենագրություն, ծիսագիտություն, Նոր կտակարանի ներածություն ևն:

Կազմել ու հրատարակել է հայ մատենագրության, կանոնագիտության, ծիսագիտության, տոմարագիտության և այլ դասագրքեր: 1943–1957-ին եղել է վանքի ելևմտից տեսուչը, միաբանության ընդհանուր ժողովի ատենապետը, 1949–92-ին՝ Երուսաղեմի մատենադարանապետը: Աշխատակցել է «Սիոն»«Հայ խոսնակ»«Բանբեր Մատենադարանի»«Հասկ» (1936–1939-ին՝ խմբագիր), «Էջմիածին»«Արմաշ» և այլ պարբերականների:

Պողարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հիմնականում պատմագիտությանը, բանասիրությանը, աստվածաբանությանը, ծիսագիտությանը, վավերագրությանը, ինչպես և գրչությանը, գրչագրերին, անտիպ երկերին:

Ուսանելի և երախտիքի արժանի է նրա՝ հայ մատենագիրներին նվիրած «Հայ գրողներ (Ե– ԺԷ դար)», (1971) երկը: Պողարյանը հեղինակել է նաև «Հայ նկարողներ (ԺԱ–ԺԷ դար)» (1989), «Ծիսագիտութիւն» (1990), «Տաթևյանց սերունդ» (1991), «Հայկական խաչեր» (1991), «Հայ գրիչներ (Թ–ԺԷ դար)» (1992),«Հայ եկեղեցվո Հավատո հանգանակները» (1993), «Գրիգոր Նարեկացի – ներբողներ» (1995), «Ժամակարգութիւն (ԺԶ դար)» (1996) և այլ, թվով 37 գիրք ու շուրջ 1600 հոդված: Խմբագրել, գիտականորեն վերակազմել և լույս է ընծայել «Գիրք թղթոց» (1994) ժողովածուն: Պողարյանի գիտական վաստակի գլուխգործոցը Երուսաղեմի ձեռագրատան գրչագրերի՝ ժամանակագրություններով, հիշատակագրություններով մատենագիտությունն է՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբեանց» (հհ. 1–11, 1966–1991), որի շնորհիվ հազարավոր գրչագիր մատյաններ, հայոց մշակույթի պատմությանը վերաբերող բազմաթիվ նյութեր փրկվել են մոռացությունից: Ցուցակում ամփոփվել է 3890 ձեռագրի նկարագրություն, առաջին անգամ ներկայացվել բնագրագիտ. մի շարք նորահայտ մեծարժեք ձեռագրեր:

                                                                                         

                                                                                       Տեր-Վարդանյան Գ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 865-866:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am