ՊԱՐՍԻՑ ԺՈՂՈՎ 612/613 (այլ ենթադրությամբ՝ 615/616-ին), Տիզբոնի եկեղեցական ժողով: Հրավիրել է Պարսից արքա Խոսրով II Ափարվեզը նեստորականների (տես Նեստորականություն) կաթողիկոսության խնդրի առիթով:

Արծարծվել են նաև դավանական հարցեր: Ժողովի ընթացքի, ընդունած որոշումների և Պարսից արքայի դիրքորոշման վրա մեծ ազդեցություն են գործել Պարսից թագուհի, ուղղափառ ասորուհի Շիրինը, արքունի ուղղափառ դուրուստպետ (բժշկապետ) Գաբրիել Շիգգարացին և Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունին: Հայաստանից Պարսից ժողովին մասնակցել են Մամիկոնեից Կոմիտաս եպիսկոպոսը (վերադարձից հետո՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոս) և Ամատունյաց Մատթեոս եպիսկոպոսը: Ուղղափառ Գաբրիել բժշկապետը Շիրին թագուհու միջոցով այնպիսի ազդեցություն է ձեռք բերել եկեղեցական  խնդիրներում Պարսից պետության մեջ, որ ամեն կերպ աշխատել է բոլորովին ոչնչացնել նեստորականությունը և հաստատել արլ. ուղղափառությունը:

Նեստորականներին, որոնք մի քանի տարի չունեին կաթողիկոս, Պարսից ժողովում ոչ միայն չի հաջողվել իրավունք ստանալ իրենց համար կաթողիկոս ընտրելու, ինչը ժողովի գլխավոր խնդիրն էր, այլև Գաբրիել բժշկապետի դրդմամբ թագավորը նրանց գլխավորներին բանտարկել է, իսկ նեստորական նշանավոր աստվածաբան Գեորգ Իզալացուն՝ խաչել:

Գաբրիել բժշկապետին, սակայն, չի հաջողվել իր ուզած մարդուն նեստորական եկեղեցու կաթողիկոս դարձնել, ինչպես նրան լիազորել էր Խոսրով II-ը:

Պարսից ժողովին ներկայացվել է Հայ եկեղեցու Հավատո գիրը կամ Դավանության թուղթը, որ գրել էր Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը: Երկար վիճաբանություններից հետո ընդունվել են միայն երեք տիեզերական ժողովները,մերժվել է Քաղկեդոնի ժողովը, ինչպես նաև նեստորականությունը: Հայ եկեղեցու դավանանքը Պարսից տերության սահմաններում ճանաչվել է ուղղափառ դավանություն:

                                                                                              Ղազարյան Ա.  

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 859:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am