ՆՈՒՆԵ, սուրբ Նունե կույս, սուրբ Նինո [ծ. թ. անհտ – մոտ 340, Վիրք (Վրաստան)], III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, որ քրիստոնեություն է քարոզել Հայաստանում և Վրաստանում: Նրա քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ քրիստոնեություն է ընդունել վրաց արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը:

Հայսմավուրքներում և այլ աղբյուրներում պահպանված վկայաբանության համաձայն, Նունեն եղել է ս. Հռիփսիմյանց կույսերից մեկը, որը նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան: Վանի սահմաններում, Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և, ըստ վկայաբանության, «երկնային ազդմամբ» մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ (Մծխիթա) քաղաքի մոտակայքում:

Այստեղ քրիստոնեություն է քարոզել և Սուրբ Հոգու զորությամբ կատարել բժշկումներ: Ըստ ավանդության, այնքան է հռչակվել, որ Վրաց Միհրան թագավորն ու Նանա թագուհին նրան հրավիրել են արքունիք՝ բուժելու իրենց հիվանդ զավակին: Կույսը բուժել է նրան՝ խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած թագուհուն: Իսկ Վրաց Միհրան թագավորը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով:

Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն. խավարը փարատվել է, որից հետո թագավորը հրաման է արձակել՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու: Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, 1997, գլ. ՁԶ): Այդ փայտե անշուք խաչը տեսնելով՝ նախարարները և ժողովուրդը հիասթափվել են, բայց երբ Նունեի աղոթքով ամպի սյուն է իջել ու երկնային բուրմունքով պարուրել բլուրը, և հետո ծագել է խաչանման պայծառ լույս ու տասներկու աստղերով կանգնել փայտե խաչի վրա, այդ հրաշքին ի տես, բոլորը դարձի են եկել և ընդունել քրիստոնեական կրոնը:

Նունեի խորհրդով Վրաց թագավորը պատգամավորություն է ուղարկել Կոստանդիանոս կայսրին (ըստ վրաց վկայաբանության) կամ՝ Գրիգոր Ա Լուսավորչին (ըստ հայկական վկայաբանության), որպեսզի հոգևորականներ առաքվեն Վրաստան՝ քրիստոնեական կարգ ու կանոն հաստատելու և պաշտոնավարելու համար: Ժողովրդային մկրտություն է տեղի ունեցել Կուր գետում: Ապա Մցխեթում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին: Իսկ Նունեն շրջել է վրացական մյուս գավառներում և քարոզել երկնքի արքայությունը:

Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով: Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել: Ըստ վրաց. աղբյուրների՝ ս. Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ՝ տեղեկանալու, թե որտեղ է Մցխեթը: Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն, որը սովորել էր ոմն դվնեցի հայուհուց (տես Մելիքսեթ - Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին, հ. 1–3, 1934–55, հ. 1, էջ 13, 18–20, 22, 125, 140, 169, հ. 2, էջ 37, 98, 103, 104):

Վրացական վկայաբանությունը ս. Նունեի հիշատակի տոնը նշանակել է հունվարի 14-ին: Հայ եկեղեցին ներկայումս այն նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ ս. Մանե կույսի հիշատակի հետ միասին:


Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ակինյան Ն., Քրիստոնէութեան մուտքը Հայաստան և Վրաստան. ս. Հռիփսիմե և ս. Նունե, Վնն., 1949: 

Գալուստյան Շ., Համաքրիստոնէական սուրբեր, Ե., 1997: 

Հայոց եկեղեցու սրբերը և  սրբակենցաղ անձինք, կազմ. Ռ. Մաթևոսյան, Էջմիածին, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am