ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ, Նոյի նավ (եբր. տապան՝ նավ բառից. ըստ այլ մեկնության՝ տապան նշանակում է տապ կենալու, թաքնվելու, պահվելու տեղ՝ տապարան կամ թաքնարան), Նոյ Նահապետի՝ աստվածային հրահանգով պատրաստված նավը, որով փրկվեց մարդկային սերունդը՝ ապաստանելով Արարատ (Մասիս) լեռան գագաթին («Յոթներորդ ամսի քսանյոթին...», Ծննդ. 8.4): Նոյյան տապանի պատրաստման մասին պատմվում է Ծննդոց գրքում.

«...Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կշինես: Տապանը բաժանմունքներով կպատրաստես և ներսից ու դրսից կուպրով կծեփես: Տապանն այսպես կշինես. թող երեք հարյուր կանգուն լինի տապանի երկարությունը, հիսուն կանգուն՝ լայնությունը, և երեսուն կանգուն՝ բարձրությունը՚ (6.14–15): Նոյը, նույն աստվածային հրահանգով, տապանի մեջ կուտակում է սնունդ՝ Ջրհեղեղի օրերին կերակրվելու և իր հետ տապան մտած կենդանիներին ու թռչուններին կերակրելու համար: Երբ սկսվում է Ջրհեղեղը («Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում, երկրորդ ամսի քսանյոթին...», Ծննդ. 7.11), ինքը Աստվ ած փակում է Նոյյան տապանը, որը, Ջրհեղեղից հետո, բացվում է երկրորդ ամսին («Նոյի կյանքի վեցհարյուրմեկերորդ տարում...», Ծննդ. 8.13–14):

Էդուարդ Հիքս - Նոյյան տապանՆոյյան տապանին հար և նման տապանի ու մեծ Ջրհեղեղի վերաբերյալ հիշատակություններ կան նաև հնագույն ազգերի ավանդությունների մեջ: Հայ եկեղեցին Ս. Էջմիածնի Մայր տաճարում, ի թիվս այլ սուրբ մասունքների, պահում է նաև մի փայտի բեկոր՝ Նոյյան տապանից, որը, ըստ ավանդության, Մասիսի լանջին հրեշտակից ստացել է ս. Հակոբ Մծբնացին: Ցայսօր ողջ քրիստոնյա աշխարհը և գիտական հասարակայնությունը մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Մասիս լեռանը՝ ջանալով նրա գագաթին հայտնաբերել Նոյյան տապան:

                                                                    Սարգսյան Լ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am