Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ

 ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1966-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով՝ Նոր Նախիջևանի, Հս. Կովկասի և Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորման հիման վրա (տես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ, Աստրախանի թեմ): Առաջնորդանիստը՝ Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցի:

Հայ առաքելական եկեղեցին մշտապես մեծ դեր է խաղացել ռուսահայ համայնքների ազգային  կյանքում: Հիմնել է դպրոցներ, մշակութային, բարեգործական, լուսավորչական ընկերություններ և միություններ՝ հանդես գալով որպես հայապահպանության գլխավոր գործոն: Հայկական եկեղեցիներ են գործել Ռուսաստանի գրեթե բոլոր համայնքներում, եկեղեցու շուրջն է կազմավորվել նրանց ազգային  կյանքը:

Խորհրդային իշխանության տարիներին Ռուսաստանի հայկական եկեղեցիները փակվել են, մի մասը՝ ավերվել: Ամբողջատիրական համակարգի փլուզումից հետո, ազգային և հոգևոր զարթոնքի պայմաններում, Հայ եկեղեցին կրկին իր տեղն է գրավել Ռուսաստանի հայերի կյանքում: XVIII դ-ից Հայ եկեղեցին Ռուսաստանում ունեցել է իր թեմերը: Մինչև 1990-ական թթ. սկիզբը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի  թեմ  ունեցել է 7 եկեղեցի՝ Մոսկվայի Ս. Հարությունը, Սանկտ Պետերբուրգի, Արմավիրի, Դոնի Ռոստովի, Չալդըրի, Վլադիկավկազի, Բուդյոնովսկի (Ս. Խաչ) եկեղեցիները: Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքը XVIII դ. վերջից մինչև XX դ. սկիզբը եղել է հասարակական և մշակութային կարևոր կենտրոն: Այս վանքում է բացվել Նոր Նախիջևանի առաջին հայկ. դպրոցը (1784-ին) և Ռուսաստանի առաջին հայկական տպարանը (1789–95): Վանքի պատերի մոտ թաղված են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Մ. Նալբանդյանը, Ռ. Պատկանյանը, Հ. Ալամդարյանը և ուր.: 1972-ից վանքում գործում է ռուս և հայ ժողովուրդների բարեկամության պատմության թանգարան:

Երկրում կատարված ժողովրդավար. արմատական փոփոխությունների, Հայաստանի անկախացման, հայկական համայնքներում ազգային կյանքի աշխուժացման շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ռուսաստանի հայկական համայնքներում եկեղեցու գործունեության ծավալման, եկեղեցու դերի բարձրացման համար:

Հայկական  համայնքները խնդիր են դրել ոչ միայն վերադարձնել հայկ. եկեղեցիները, այլև կառուցել նոր եկեղեցիներ (Սարատովում, Վոլգոգրադում, Կոստրոմայում, Տվերում, Ռյազանում և այլ վայրերում): Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցին վերադարձվել է համայնքին: Թեմի խնդրանքով Մոսկվայի իշխանությունները մայր աքաղաքում տարածք են տրամադրել՝ հայկական նոր եկեղեցիներ (Ս. Խաչ և Ս. Հովհաննես Մկրտիչ) կառուցելու համար:

1988-ի ապրիլին գրանցվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սանկտ Պետերբուրգի համայնքը: Նույն թվականին վերաբացվել և հայ համայնքին է վերադարձվել Սանկտ Պետերբուրգի Ս. Հարություն եկեղեցին, իսկ 1993-ին՝ Ս. Կատարինե եկեղեցին (կառուցվել է 1770-ին Նևսկի պողոտայի վրա, XVIII դ. վերջից մինչև XX դ. 1-ին տասնամյակները եղել է հայ հասարակական կյանքի կենտրոն): 1993-ինՍ. Հարություն եկեղեցուն կից բացվել է կիրակնօրյա հայկական դպրոց, որը վերածվել է ուսումնական կենտրոնի: 1993-ից լույս է տեսնում Սանկտ Պետերբուրգի հայ հոգևոր համայնքի «Հավատամք» ամսաթերթը (հայ., ռուս.), գործում է «Նաիրի» հայկական ռադիոժամը: 1999-ին հիմնովին նորոգվել և վերաօծվել է Ս. Կատարինե եկեղեցին: 1990-ական թթ. ընթացքում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի  թեմը զգալի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանից գաղթած և Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապաստանած հայ փախստականներին, մասնակցել է հայկական նոր համայնքների կազմավորմանը: 1997-ի հունվարին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կոնդակով Նոր Նախիջևանի և Ռուսաստանի  թեմը  վերակազմավորվել է երեք թեմերի՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ, Հարավային Ռուսաստանի թեմ, Ուկրաինայի թեմ: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի  թեմի առաջնորդը միաժամանակ Մայր աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչն է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության մոտ: Ներկայումս թեմի վարչական սահմաններն ընդգրկում են Ռուսաստանի Դաշնության տարածքը (բացառությամբ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի և Հս. Կովկասի ինքնավար միավորումների), ինչպես նաև Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Բելառուսը, Մոլդովան և Մերձբալթիկան: Թեմի առաջնորդն է Եզրաս եպս. Ներսիսյանը (2001-ի ապրիլից):

Թուրքմենստան: XIX դ. վերջին քառորդում, Թուրքմենստանում հայ բնակչության հաստատմանը զուգընթաց, ձևավորվել է հոգևոր կյանքը: Հայկ. առաջին եկեղեցին հիմնադրվել է 1884-ին, Աշգաբադում (օծվել է 1887-ին): Տարիների ընթացքում եկեղեցիներ են կառուցվել Ղզըլ Արվադ, Կրասնովոդսկ, Թեջեն քաղաքներում: 1910-ին Թուրքմենստանի հինգ քաղաքներում գործել են հայկական եկեղեցիներ: Դրանց կից հիմնվել են ծխական դպրոցներ:

Սկզբնական շրջանում Թուրքմենստանի, ինչպես նաև ամբողջ Միջին Ասիայի հայկական եկեղեցիները պատկանել են Շամախու թեմին: 1892-ին, ցարական իշխանության պահանջով երկրամասի հայկական եկեղեցիները հանձնվել են Աստրախանի թեմին, ավելի ուշ՝ Ադրբեջանի և Թուրքեստանի թեմին: Թուրքեստանում խորհրդ. իշխանության հաստատումից հետո հայկական եկեղեցիները փակվել են, մի քանիսը՝ քանդվել: Հոգևորականները ենթարկվել են հալածանքների: 1990-ական թթ. վերջին հայկ. շրջանակները աշխատանք են ծավալել Թուրքմենստանում հայ հոգևոր կյանքը վերստեղծելու, մասնավորապես՝ Թուրքմենբաշի քաղաքում պահպանված հայկական եկեղեցին համայնքին վերադարձնելու, ինչպես նաև Աշգաբադում նոր եկեղեցի կառուցելու ուղղությամբ:

Ուզբեկստան: Ուզբեկստանում հայերի ազային կյանքը կազմակերպվել է եկեղեցիների շուրջ, որոնց հովանու ներքո գործել են հայկական ծխական դպրոցներ: Առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Աստվածածինը, կառուցվել է Սամարղանդում, XIX դ. վերջին: Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին հատուկ կոնդակով շնորհավորել է վաճառական Թադևոս Հովսեփյանցին, որի բարերարությամբ կառուցվել էր եկեղեցին: 1903-ին կառուցվել է Տաշքենդի Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցին, 1910-ին՝ Կոկանդի հայկական եկեղեցին: XX դ. սկզբին եկեղեցիներ են կառուցվել նաև Անդիժանում, Բուխարայում: Ուզբեկստանի հայկական եկեղեցիները գտնվել են Աստրախանի թեմի, իսկ հետագայում՝ Ադրբեջանի և Թուրքմեստանի թեմի իրավասության ներքո:

Խորհրդային իշխանության տարիներին հայկական բոլոր եկեղեցիները փակվել են, մեծ մասը՝ քանդվել: Եկեղեցիների ունեցվածքը բռնագրավվել է, հայ քահանաները ենթարկվել են հալածանքների: 1990-ական թթ. սկզբին, երբ արտերկրի հայ համայնքներում սկսվել է ազգ. ինքնագիտակցության վերելքը, Ուզբեկստանի հայերը պահանջել են իրենց վերադարձնել հայկական եկեղեցիները: 1995-ի օգոստոսին, ուզբեկահայ բարերար Արթուր Մարտիրոսյանի միջոցներով հիմնովին վերանորոգվելուց հետո, օծվել է Սամարղանդի Ս. Աստվածածին եկեղեցին, որը ներկայումս Միջին Ասիայի միակ գործող հայկական եկեղեցին է:

Ղազախստան: Ալմա Աթայի քաղաքային իշխանությունները հայ համայնքին տրամադրել են հողամաս՝ եկեղեցի կառուցելու համար: Կուստանայի հայերը նույնպես հարց են հարուցել քաղաքում հայկական եկեղեցի կառուցելու համար:

Բելառուս: Տեղի հայ համայնքը պաշտոնապես հիմնվել է 1989-ին (վերագրանցվել է 1992-ին): Համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթամշակութային  ընկերությունը: Երկրում առայժմ հայկ. եկեղեցի չկա, սակայն ձեռք է բերվել կառուցելու թույլտվություն: 1992-ից Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն:

Մոլդովա: 1803–04-ին կառուցվել է Քիշնևի Ս. Աստվածածին եկեղեցին (1870–85-ին և 1976–82-ին վերանորոգվել է): 1991-ին հայ համայնքի օժանդակությամբ և Գուլկանյան եղբայրների բարերարությամբ եկեղեցին վերանորոգվել է, 1993-ին՝ օծվել: Բելցիի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1912-ին (չի պահպանվել): Օրգև քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1902– 1903-ին: 1812-ից Մոլդովայի հայ համայնքը մտել է Բեսարաբիայի, 1830-ից՝ Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի մեջ:

Լատվիա: Լատվիայում հայ համայնք ստեղծելու առաջին քայլերը կատարվել են 1988-ի նոյեմբ., երբ մի խումբ հայ մտավորականների նախաձեռնությամբ գումարված Լատվիայի հայության համընդհանուր համագումարում հիմնվել է հայ ազգային  մշակութային  կազմակերպություն՝ Լատվիա-հայկական ընկերությունը (ԼՀԸ): 1993-ի հուլիսին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի  թեմի կազմում գրանցվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը: Ռիգայի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնական մասում համայնքին հատկացրել է հողակտոր՝ եկեղեցի կառուցելու համար: 1997-ին սկսվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը՝ համայնքային գործիչներ Վաչագան Պողոսյանի, Սերգեյ Ավետիսյանի, Արթուր Իսախանովի, Սպարտակ Տեր-Ավետիսյանի, Արամ Ավետիսյանի, Սերգեյ Իսախանովի բարերարությամբ:

Լիտվա: Լիտվահայ համայնքը պաշտոնապես գրանցվել է 1994-ին: Նույն թվականին ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու Լիտվայի հոգևոր համայնքը՝ «Սուրբ Վարդան» անունով, ընտրվել է եկեղեց. խորհուրդ: Համայնքը գտնվում է Սանկտ Պետերբուրգի հոգևոր հովվության հովանու ներքո: 1994-ից գործում են հայ համայնքի Կաունաս, Վիսագինաս քաղաքների բաժանմունքները:

Էստոնիա: Հայոց համայնքային կյանքը սկզբնավորվել է 1980-ական թթ. վերջին: 1989-ին պաշտոնապես գրանցվել են Տալլինի և Տարտուի հայկական մշակուային ընկերությունները, 1993-ի նոյեմբերին Տալլինում՝ Հայ առաքելական եկեղեցու էստոնահայ կրոնական համայնքը (Ս. Գրիգորի ծուխ), որը նույն թվականին անդամակցել է Էստոնիայի եկեղեցիների խորհրդին:

1994-ին Էստոնիայի Ավետարանական եկեղեցու խորհուրդը էստոնահայ համայնքին է հանձնել (անհատույց վարձակալությամբ, 99 տարով) Տալլինի Սուրբ Իանի անկելանոցի շենքը (XVI–XVII դդ.), որը վերակառուցվելուց հետո գործում է որպես հայկական եկեղեցի: Համայնքի հոգևոր ղեկավարությունն իրականացնում է Սանկտ Պետերբուրգի հայոց հոգևոր հովիվը:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am