Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նոր Ջուղայի ավետարան

«ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ»,  1610 թվականի հայկական ձեռագիր մատյան (Մատենադարան, ձեռ. դ 7639): Գրիչ և ծաղկող՝ Հակոբ Ջուղայեցի, պատվիրատու՝ Խոջա Ավետիք (նվիրել է Նորաշենի Տիրամայր Ս. Աստվածածին եկեղեցուն): Ավետարանը (չափերը՝ 24,5x18,5 սմ) ունի 302 թերթ, գրված է բոլոր գրով, բացառիկ հարուստ է նկարազարդումներով: Ձեռագրում նշվում է, որ 1605-ին Շահ Աբբասը Իրան է բռնագաղթեցրել Ջուղայի բնակիչներին, իսկ բուն ձեռագիրն անվանվում է «լուսազարդ և վարդափթիթ սուրբ աւետարանս...»: Ձեռագիրը պարունակում է տերուն. և վախճանաբան. թեմաներով 59 մանրանկար (որոնք զետեղված են ձեռագրի սկզբում), տասը խորան, ավետարանիչների չորս դիմանկար, զարդանկարված չորս անվանաթերթ, Քրիստոսի տոհմագրությունից 3 թերթ, տեքստում՝ մեկ մանրանկար և լուսանցազարդեր: Ձեռագրի բուն տեքստը ներառված է շքազարդ, գմբեթավոր շրջանակների մեջ, ըստ որում չորս Ավետարաններից յուրաքանչյուրը տեքստի ուրույն երիզապատման ձև ունի: Պատկերագր. տարրերի բազմազանությամբ և հարստությամբ հանդերձ նկարիչը պահպանել է կոմպոզիցիայի հստակությունը, հասել բարձր վարպետության: Բազմազան է զարդապատկերը՝ գունահագեցած, զարդաձևերը՝ համաչափ, աշխույժ խաղով: Ավետարանի կերպարները քիչ են հիշեցնում սրբերի. դրանք հասարակ մարդիկ են, նկարչի ժամանակակիցները: «Նոր Ջուղայի Ավետարան» ձեռագիրն իր գեղարվեստական առանձնահատկություններով հայկական մանրանկարչության նվաճումներից է:

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հայկական մանրանկարչություն (ալբոմ), կազմ. և առաջաբանը՝ Լ. Ա. Դուրնովո, Ե., 1967:

Դրամբյան Ի., Հակոբ Ջուղայեցու մանրանկարների պատկերագրությունը, ԲՄ, 1971, դ 10: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am