Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նիկիայի Ա տիեզերական ժողով 325

 ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է բյուզանդական կայսր Կոստանդիանոս Մեծի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու խորհրդանշական թվով 318 (Ծննդ. 14.14) հայրապետներ, այդ թվում՝ Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը (Արիստակես Ա Պարթև), եկեղեցու այլ մեծանունհայրեր: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման հիմնական նպատակն էր Ալեքսանդրիայի երեց Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը:

Արիոսականության գաղափարական ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության և ինքնափակ եզակիության գաղափարը: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված. դա Հայր Աստվածն է: Նիկեայի տիեզերական ժողովը պատկերող որմնանկար Վատիկանի Սիքստինյան կապելլայումՄնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Աստվածային գոյության կատարելությունը բացառում է այն բանի հնարավորությունը, որ Աստված իր էությունը հաղորդի կամ հատկացնի մեկ ուրիշին: Ըստ այդմ, Բանը կամ Աստծո Որդին, որպես անձ, որպես գոյավոր էակ, խորթ է և նման չէ Հորը: Նա իր գոյությունը ստանում է Հորից, ինչպես այլ արարածները, և գոյության գալիս որպես միջնորդ արաչության մեջ՝ աշխարհի տնօրինության համար: Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային տարածք, և Որդին համահավերժ չէ Հորը: Հակառակ դեպքում, ըստ Արիոսի, կլինեին երկու «անսկիզբներ», այսինքն՝ երկու «սկիզբ», և մեկաստվածության ճշմարտությունը կժխտվեր: Այլ խոսքով՝ Որդին չի եղել և ապա առաջացել է, այսինքն՝ արարած է: Այդ պատճառով ունի «փոփոխական» բնություն, ինչպես այլ առաջացած բաները, իսկ Աստվածային փառքը նրան հաղորդվում է դրսից՝ «ըստ շնորհի»: Ծանոթ լինելով եկեղեցու վարդապետությանը Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին՝ Արիոսը զուգահեռ է անցկացնում դրա և միջինպլատոնականների տիեզերաբանական (կոսմոլոգիա) պատկերացումների միջև և եզրակացնում, որ Որդին (նաև Սուրբ Հոգին) պետք է դուրս հանվի աստվածային ոլորտից և վերագրվի Արարչի և արարված աշխարհի (հյուլե) միջև գտնվող «միջանկյալ ոլորտին», որը, ըստ նրա, նույնպես արարված է, թեև գերակա է մյուս արարածների նկատմամբ:

Նիկիայի Ա տիեզերական ժողովը իմաստասիրական սահմանումների միջոցով մերժել է արիոսականությունը և նզովել Արիոսին ու նրա համախոհներին: Ընդունել է ուղղափառ դավանության հիմնական դրույթները պարունակող մի Հավատո հանգանակ (Նիկիական հանգանակ), որը, համաձայն եկեղեցու սրբազան ավանդության, աստվածային հայտնությամբ տրվել է Աթանաս Ալեքսանդրացուն: Նիկիական հանգանակը որպես դավանության հիմք ցայսօր գործածվում է առաքելական եկեղեցիներում, այդ թվում՝ Հայ եկեղեցում: Հանգանակի կարևորագույն աստվածաբանական եզրն է համագոյությունը (οJբοουvσια), համաձայն որի՝ Որդին համագո (էակից) է Հորը, այսինքն՝ նույն Հոր բնությունից է: Համագոյությունը նշանավորել է քրիստոնեության հաղթանակը հրեական և միջինպլատոն. մտքի վրա՝ ցույց տալով, որ հին կրոնաիմաստասիրական համակարգերն ի վիճակի չէին ընկալելու և եզրակերպելու Բանի Մարդեղության խորհուրդը: Քրիստոնեությունը պահանջում էր հավատի սահմանման նոր և ստույգ եզրաբանական համակարգ, որը բացահայտել և ամրագրել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը՝ «Նոր գինին նոր տիկերի մեջ» (Մատթ. 9.17):

Նիկիայի Ա տիեզերական ժողովն ընդունել է 20 կանոն («Կանոնագիրք Հայոց»-ում Նիկիական կանոնները 21 են), որոնք վերաբերում են դարձի եկած աղանդավորներին և եկեղեցու հետ նրանց փոխհարաբերություններին, ձեռնադրություններին և եկեղեցու նվիրապետ. աստիճանների հետ կապված հարցերին, սիմոնականությանը, կաշառակերությանն ու վաշխառությանը, կիրակի օրն առանց ծնրադրելու՝ հոտնկ այս աղոթելուն ևն: Նիկիայի Ա տիեզերական ժողովի արձանագրությունները չեն պահպանվել: Հայտնի է, որ ժողովը քննության է առել Ալեքսանդրիայի եկեղեցում պառակտում առաջացրած Լիկոպոլսի եպիսկոպոս Մելիտիոսի հերձվածը («մելիտոսական խզում») և Զատկի տոնի շուրջ ծագած տոմարագիտ. տարաձայնությունները:

Նիկիայի Ա տիեզերական ժողովը առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Ընդհանրական եկեղեցու, այլև՝ մարդկության պատմության մեջ: Այն ոչ միայն առաջինն է տիեզերական ժողովների մեջ, այլև կարևորագույնը՝ ժողովների ժողովը, որը նախանշել է աստվածաբանական  և իմաստասիրական  մտքի հետագա զարգացման ուղին: Ոչ մի այլ իրադարձություն այդպիսի նշանակություն և ազդեցություն չի ունեցել աստվածաբանական մտքի ձևավորման վրա: Նիկիայի Ա տիեզերական ժողովի շուրջ ծավալված քննարկումները շարունակվել են ամբողջ IV դ. ընթացքում:

Հայ եկեղեցին Նիկիայի Ա տիեզերական ժողովի 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին:

                                                                    Մեսրոպ քհն. Արամյան


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am