ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (ավազանի անունը՝ Սմբատ, 1153, Լամբրոն – 14.7.1198, Սկևռայի վանքի Ս. Աստվածածին եկեղեցի), աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, պետ. գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, շարականագիր: Լամբրոնի բերդատեր, Հեթումյան իշխան Օշին Բ-ի և Ներսես Շնորհալու Շահան եղբոր դուստր Շահանդուխտ Պահլավունու որդին:

Առաջին ուսուցիչն ու դաստիարակը եղել է մայրը, որից էլ սովորել է հունարեն (տիրապետել է նաև լատիներենին, ասորերերնին, եբրայերենին, ղպտերենին): Սովորել է Սկևռայի վանքում, ապա Հռոմկլայի կաթողիկոսարանի բարձրագույն դպրոցում՝ Հայոց կաթողիկոսներ Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Շնորհալու հովանավորությամբ: Ներսես Շնորհալին նրան 16-ամյա հասակում ձեռնադրել է քահանա՝ տալով իր անունը: 1175-ին Գրիգոր Դ Տղան Ներսես Լամբրոնացուն ձեռնադրել է Տարսոն քաղաքի արքեպիսկոպոս: Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Լևոն Բ Մեծագործի արքունիքում ՝ որպես ատենադպիր, խորհրդատու և թարգմանիչ:

Ներսես Լամբրոնացին XII դ. 2-րդ կեսի Մերձավոր Արևելքի ամենահայտնի եկեղեցաքաղաքական գործիչներից է: Մասնակցել է 1178-ի Հռոմկլայի եկեղեցական ժողովին, Լևոն Բ Ռուբինյան իշխանի հանձնարարությամբ ուղարկվել է դիմավորելու Ֆրիդրիխ Շիկամորուսի (Բարբարոսա) գլխավորած երկրորդ խաչակրաց բանակին (1189), պաշտոնական  դեսպանագնացությամբ այցելել Կ. Պոլիս (1197), մասնակցել Կիլիկյան Հայաստանի արտաքին գործերի կարգավորմանը: Գործելով Տարսոնում, Լամբրոնում, Հռոմկլայում, Սաղրիում, Սկևռայում, Սև լեռներում և այլուր՝ Ն. Լ. նպաստել է Կիլիկյան Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքի վերելքին, հորից ժառանգած նյութ. միջոցներով օժանդակել դպրոցներին, գրադարաններին, գրչատներին, 30 հզ. ոսկի դահեկան է նվիրաբերել ձեռագրերի գնմանը, ընդօրինակմանը, վանքերի, եկեղեցիների կառուցմանը: Պատվիրել կամ անձամբ ընդօրինակել է բազմաթիվ հին հայկական ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մեզ (պահվում են Երևանի, Վենետիկի, Վատիկանի, Փարիզի և այլ մատենադարաններում): Ներսես Լամբրոնացու պատվերով ընդօրինակված՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը մեզ հասած ամենահին (1173) ու լավագույն ձեռագիրն է (պահվում է Մատենադարանում): Ներսես Լամբրոնացին իր ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի և քարոզչի համբավ (հայ և օտարազգի հեղինակները նրան համեմատել են Դեմոսթենեսի, Կիկերոնի, Հովհան Ոսկեբերանի և այլոց հետ): Երկար տարիներ ճգնել է Տավրոսի, Սեպուհ, Սև լեռների անապատներում ու վանքերում, հռչակվել իր սրբակրոն վարքով և իմաստությամբ նաև հույների, լատինների ու ասորիների շրջանում: Ներսես Լամբրոնացու աշակերտները (Խաչատուր Սկևռացի, Գրիգոր Սկևռացի) նրան ձոնել են երկեր, գրի առել նրա կյանքն ու գործը: Բնութագրելով ուսուցչին՝ Գրիգոր Սկևռացին գրել է. «Բղխէր իբրև զաղբիւր, յառաջէր որպէս զգետ, ծաւալէր իբրև զծով»:

Նրան անվանել են «երկրորդ Պօղոս Տարսոնացի առաքեալ», մեծարել «սքանչելի և կատարեալ այր»«Հայաստանեայց եկեղեցու լուսաւոր վարդապետ»«առաքելաշաւիղ հայրապետ»«սուրբ»«բերան քարոզութեան սրբոյ եկեղեցւոյ»«տիեզերական վարդապետ» և այլ մակդիրներով: Հանկարծամահ է եղել քարոզի ժամին:

Ներսես Լամբրոնացին եղել է Հայ առաքելական եկեղեցու ինքնուրույնության և պետականության մեծ գաղափարախոսներից: Պայքարել է Հայ եկեղեցու և Կիլիկյան Հայաստանի անկախության ու բարեկարգության համար: Եկեղեցիների միության հարցում պաշտպանել է իր մեծ նախորդի և ուսուցչի՝ Ներսես Շնորհալու գաղափարական գիծը, այն է՝ բոլոր եկեղեցիների հավասարության սկզբունքի և ավանդական-ազգային դիմագծի պահպանումով հասնել քրիստոնեական եկեղեցիների համերաշխությանն ու միաբանությանը, քարոզել լուսամիտ, մարդասիրական գաղափարներ, ազգամիջյան համերաշխություն և դավանական հանդուրժողականություն:

Մերժել է Հույն և Կաթոլիկ եկեղեցիների միության առաջարկները՝ դրանցում տեսնելով քաղաքական նպատակներ, Հայ եկեղեցու և պետության անկախության դեմ ոտնձգության փորձեր, քննադատելով և՛ քաղկեդոնականներին, և՛ այն հայ հոգևորականներին, հատկապես արևելյան վարդապետների առավել արմատական թևի ներկայացուցիչներին (Գրիգոր Տուտեորդի և ուր.), որոնց գործելակերպը և մտայնությունը խորացնում էին եկեղեցիների բաժանումը:

Բազմաժանր ու բազմաբնույթ է Ներսես Լամբրոնացու մատենագրական ժառանգությունը: Չնայած իր կարճատև կյանքին և պետական-եկեղեցական. բուռն գործունեությանը, եղել է չափազանց բեղմնավոր հեղինակ և հայ միջնադարյան ամենանշանավոր մեկնիչներից: Նրա գրչին են պատկանում Աստվածաշնչի գրքերի բարձրարժեք մեկնություններ, որոնցից մեզ են հասել Արարածոց, Առակաց, Ժողովողի, Իմաստության, Երգ երգոցի, տասներկու մարգարեների, Դանիելի, Սաղմոսների, Մատթեոսի, Կաթողիկե թղթերի, Հովհաննեսի Հայտնության, Հովհաննեսի ննջման պարականոն պատմության մեկնությունները: Գրված լինելով ճգնավորական կյանքի առանձնության մեջ՝ դրանք հագեցած են ոչ միայն աստվածաբանական նրբին լուսաբանումներով, այլև ներանձնական աստվածապաշտական սկզբունքներով: Եկեղեցու վարդապետության ուղղափառ մեկնողական ավանդությունը համակարգելուց և զարգացնելուց բացի դրանք ամփոփում են խրատականներ՝ հիմնված կենդանի ճգնավոական փորձառության վրա:

Ներսես Լամբրոնացու գրած առաջին մեկնությունը (գրել է 23–24 տարեկանում) և նրա ստեղծագործության թագն ու պսակը «Պատարագի մեկնութիւն»-ն է («Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ Պատարագին», 1847), որը համաքրիստոնեական մեկնողական գրականության և, հատկապես, Պատարագի մեկնությանը նվիրված նշանակալի երևույթ է ու համաշխարհային  ճանաչում ստացած աշխատություն (բազմիցս թարգմանվել և վերահրատարակվել է լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն և այլ լեզուներով): Իրավամբ համարվել է «եռահրաշ և հոգիազարդ մատեան»«գիրք աստուածային և խորհուրդ բարձրագոյն», իսկ Ղ. Ալիշանն այն բնութագրել է որպես «հայերեն դպրության գլուխ և նախադաս» այդ ժանրի գրվածքների մեջ:

Ներսես Լամբրոնացու «Պատարագի մեկնութիւն»-ը, ըստ էության, ինքնուրույն և քննական մի ստեղծագործություն է՝ նվիրված Հայ եկեղեցու կարգերին, ծեսերին, ավանդություններին, և հատկապես՝ Պատարագի արարողությանը: Նպատակն էր վերականգնել հատկապես Կիլիկյան Հայաստանում Հայ եկեղեցու խախտված կարգերը, ավանդական և կանոնական արարողություններն ու ծիսակատարությունները մաքրել խորթ նորամուծություններից ու աղավաղումներից: Ներսես Լամբրոնացու խնդիրն էր Հայ եկեղեցում կատարվող Պատարագը (որը Կիլիկյան Հայաստանի հոգևորականության զգալի մասը դարձրել էր առուծախի առարկա և վերածել սոսկ հարուստ հանգուցյալների հոգին երի փրկության համար վարձով կատարվող անշուք ու նսեմացած մի արարողության) ծառայեցնել իր նպատակին՝ «ի պէտս հաշտութեան, փրկութեան և խաղաղութեան աշխարհի»: Նա եկեղեցու բոլոր սպասավորներին կոչ է արել վերականգնել հայոց Պատարագի երբեմնի վսեմությունն ու պարզությունը, նախկին տպավորիչ ու վեհ արարողությունը և, ընդհանրապես, այն ամենը, ինչը կանոնական ու նվիրական է եղել Հայ եկեղեցու համար:

Ներսես Լամբրոնացին քարոզել է եղբայրություն մարդկանց միջև, համերաշխություն ազգերի միջև: Ըստ նրա, ամեն ազգ իր եկեղեցում միաժամանակ աղոթում է մյուս ազգերի բարեկեցության և խաղաղության համար: Թեև տարբեր ազգեր Պատարագը կատարում են տարբեր լեզուներով, ազգային  ծեսերով, այն իր բովանդակությամբ համաքրիստոնեական է՝ «Խորհուրդ պատարագին համահաւասար է ամենայն ազգացս»:

«Պատարագի մեկնութիւն»-ը կարևոր աղբյուր է հայոց Պատարագի զարգացման փուլերը և պատմությունն ուսումնասիրելու համար: Հոգևոր-պատմական արժեքի հետ ունի նաև գրական-գեղարվեստական  նշանակություն: Հարուստ է համեմատություններով, այլաբանություններով ու փոխաբերություններով:

Ներսես Լամբրոնացու մեկնողական աշխատություններից ուշագրավ են Հովհաննեսի Հայտնության գրքի մեկնության հայերեն թարգմանության վերանայումն ու սրբագրումը (Երուսաղեմ, 1855), ինչպես նաև՝ Հովհաննես ավետարանչի ննջմանմ պարականոն պատմության մեկնությունը: Վերջինս եզակի երևույթ է համաքրիստոնեական մեկնողական գրականության մեջ: Այդ պատմության հունարեն բնագիրը չի պահպանվել և տեղ է գտել միայն հայերեն Աստվածաշունչ մատյաններում: Հովհաննես ավետարանչի ննջման պատմությունը լայն գործածություն է ունեցել Հայ եկեղեցու ծիսակարգում՝ զետեղված լինելով Ճաշոցներում և Ճառընտիրներում: Իր մեկնությամբ Ներսես Լամբրոնացին նպատակ է ունեցել ընթերցողին ոչ թե սոսկ տեսական իմացություններ հաղորդել, այլև նրա առջև բացահայտել այդ պատումի մեջ խորհրդանշանական (սիմվոլիկ) ու սեղմ խոսքերով «ծածկագրված» ներքին աստվածապաշտական կյանքի խորհուրդներն ու նշանակությունը:

Նոր կտակարանի Հայտնության գրքի հայերեն թարգմանությունը և Աստվածաշնչի հայկական կանոն ներմուծելը վերագրվում է Ներսես Լամբրոնացուն:

Ներսես Լամբրոնացու նշանավոր «Ատենաբանութիւն»-ը (առաջին հրտ. 1749, 1810-ին թրգմ. լատ., 1834-ին՝ գերմ., 1865-ին՝ ռուս.) հայ միջնադարյան հոգևոր ճարտասանության լավագույն կոթողն է իր ձևով և մարդասիրական  գաղափարներով: Ելակետ ունենալով քրիստոնեական վարդապետության խաղաղասիրական սկզբունքը և հայ ժողովրդի աշխարհիկ ու հոգևոր կյանքի պայմանները՝ Ներսես Լամբրոնացին շեշտել է եղբայրության, խաղաղության, համամարդկային սիրո, տարբեր ազգերի միջև համերաշխություն հաստատելու անհրաժեշտությունը: Բարձրացրել է Կիլիկյան Հայաստանի ժամանակի հուզող կրոն., աշխարհիկ, ազգային և միջազգային բնույթի խնդիրներ, անաչառ քննադատել քրիստոնեական բարոյականությունիցշեղվող երևույթները: Ըստ Ներսես Լամբրոնացու, պետք է համարձակ քննադատել և վեր հանել նույնիսկ օրենքներում եղած թերությունները, եթե դրանք իրենց էությամբ վնասակար են ներկայի համար: Հեղինակը խիստ քննադատել է քրիստ. զանազան աղանդները: Մանավանդ վերջիններիս առաջնորդները, ըստ ատենախոսի, խոտորված քրիստոնեական իսկական վարդապետության և ճշմարտության լուսավոր ճանապարհից, աղետալի հետևանքների պատճառ են դարձել շատ ժողովուրդների համար: Ներսես Լամբրոնաց չի խնայել նաև տարբեր ազգերի այն հոգևոր ականներին, ովքեր չարաշահել են իրենց կոչումը, մեծ վնասներ հասցրել ժողովուրդներին՝ նրանց մեջ սերմանելով թշնամություն: Այդպիսիներին հակադրել է անցյալի հոգևոր հայրերին, ովքեր, արհամարհելով անձնական շահն ու փառքը, քարոզել են ճշմարտություն և մարդասիրություն:

Ներսես Լամբրոնացին ձաղկել է նրանց, ովքեր մյուս ազգերի վարքն ու բարքը համարում են պիղծ, անմաքուր, անարգում ուրիշների կրոնը՝ հայտարարելով, որ միայն իրենց ազգ. հավատն է ճշմարիտ և ուղղափառ: Նա գտնում է, որ ազգերի միջև խտրականություն, գժտություն և թշնամանք առաջացնող պատճառները նաև դավանական և ծիսական տարբերություններն են: Ներսես Լամբրոնացին հատկապես խիստ և պատկերավոր ոճով մերկացնում է երկաբնակներին (հույներին և լատիններին), որոնք դավանանքի պատրվակի տակ ձգտում են իշխել փոքր ազգերի վրա և՛ կրոնով, և՛ պետական իրավունքներով:

Ներսես Լամբրոնացին, որպես իր ժամանակի համար առաջադեմ և համարձակ գաղափարների քարոզիչ, մեծ մտածող ու հայրենասեր, երբեք չի նահանջել Հայ առաքելական եկեղեցու սկզբունքներից և չի թերագնահատել ազգային արժեքները, ինչպես փորձել են ներկայացնել ժամանակի և հետագայի որոշ հոգևորականներ: «Ատենաբանություն»-ում նա այն կարծիքն է հայտնել, որ աստվածադիր օրենքներին (սուրբգրային) հավասարարժեք ու նվիրական են նաև մեր հայրերի ավանդներն ու կարգերը, իսկ ազգային ավանդությունները նույնպիսի սրբություններ են, ինչպիսին աստվածային օրենքներն են: Ներսես Լամբրոնացին քարոզել է սեր և խաղաղություն, ազգային և կրոնական անհանդուրժողականությունից զերծ ազգամիջյան հարաբերություններ, հույս և հավատ ճշմարտության հաղթանակի հանդեպ:

«Թուղթ առ Լևոն արքայն» երկը («Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք», 1838, էջ 203–242) հայ բանավիճային գրականության ընտիր նմուշներից է, որով Ներսես Լամբրոնացին ջանացել է հերքել Գրիգոր Տուտեորդու և արևելյան մյուս վարդապետների՝ իր դեմ հարուցած մեղադրանքները Հայ եկեղեցու շահերն անտեսելու և բյուզանդական կողմնորոշման մեջ: Որպես երաժիշտ Ներսես Լամբրոնացին հորինել է ավելի քան երկու տասնյակ շարականներ և անձամբ երգել: Շարակնոցում տեղ են գտել Ներսես Լամբրոնացու՝ Զատկի («Այսօր յարեաւ»), Նոր կիրակիի («Նորոգեալ կըղզի»), Համբարձման («Համբարձաւ Տէրն մէր») և Գրիգոր Ա Լուսավորչի որդվոց և թոռանց («Որ ըզլոյս աստուածային») կանոնները: Նշանավոր են «Համբարձումն Տեառն» և «Գալուստ Հոգւոյն Սրբոյ» ներբողյանները, Ներսես Շնորհալուն և Պահլավունյաց տոհմին նվիրված «Գովեստ ներբողական, պատմագրական բանիւ» չափածո երկը ևն: Կարևոր են նաև ասորերենից և հունարենից Ներսես Լամբրոնացու թարգմանած (1191–96) օրենքները, որոնք հայտնի են Ներսես Լամբրոնացու օրենքներ անունով: Դրանք [«Աւրէնք յաղթող թագաւորաց քրիստոնէից՝ Կոստանդիանոսի, Թէոդոսի և Լևոնի» (Ասորա-Հռոմեական դատաստանագիրք), «Համառօտ ժողովումն օրինաց վերստին»«Աւրէնք և գիրք ի ձեռն Մովսեսի յելից գրոց»«Օրէնսգիրք, քաղուած ի Ղևտական գրոց...»«Զինուորական օրէնք» (բյուզ. «Էկլոգայի» չորս հավելվածներից մեկը)] Ներսես Լամբրոնացին հարմարեցրել է հայ իրականության պայմաններին: Ներսես Լամբրոնացու օրենքներն ունեցել են միջնադարյան հայ իրավական առօրյան կարգավորելու և օրինականություն հաստատելու գործնական դեր և սահմանել քաղաքացիական, ամուսնաընտանեկան, դատական, զինվորական և այլ հասարակական հարաբերությունների ոլորտներին վերաբերող իրավական նորմեր, նպաստել Կիլիկյան Հայաստանի միասնական պետության ու բանակի, ինքնուրույն ու համահավաք ազգային օրենսդրության ստեղծմանը:


Գրականության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am