ՆԵՐՍԵՍ Գ ՏԱՅԵՑԻ, Ներսես Գ Իշխանցի, Նե րսես Գ Շինող (ծ. թ. անհտ – 661), Ամենայն հայոց կաթողիկոս 641-ից: Հաջորդել է Եզր Ա Փառաժնակերտցուն:

Ծնվել է Տայքի Իշխան գյուղում: Կրթվել է Բյուզանդիայում և այնտեղ մտել զինվորական ծառայության: Վերադառնալով հայրենիք՝ ստացել է եկեղեցական  ձեռնադրություն, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս: Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական  գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը: Նորոգել է Դվինի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրականի Ձորո վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով: 645-ին գումարել է Դվինի 5-րդ ժողովը, որի ընդունած 12 կանոնները մտել են Կանոնագրքի մեջ: 648-ի Դվինի 6-րդ ժողովում Ներսես Գ Տայեցին  և Թեոդորոս Ռշտունին մերժել են բյուանդական  կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պյուռոսի՝ բյուզանդական եկեղեցուն միանալու և Քաղկեդոնի ժողովն ընդունելու առաջարկը (տես Դվինի եկեղեցական ժողովներ): 652-ին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը: Այդ նպատակով, մի կիրակի, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական  ծեսով մատուցել Պատարագ, և կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները: Քաղաքական պարտադրող իրադրության պայմաններում առժամանակ և հարկադրաբար ընդունված միակամության դավանությունը՝ որպես հաշտության եզր պառակտված եկեղեցիների միջև, ի վերջո մերժվել է երկուստեք և Հայ եկեղեցու համար որևէ լուրջ հետևանք չի ունեցել: 652-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է Կ. Պոլիս՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը: Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև 659-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը. չհեռանալով հայրապետական առաջնորդությունից՝ մեկուսացել է երկրի քաղաքական գործերից: Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659-ին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը:

Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր ս. Խաչի գյուտը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի (տես Խաչի տոներ) հաստատումը (653), որը Հայ եկեղեցու տոներից է: Կաթողիկոսը նույն վայրում՝Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին: Ներսես Գ Տայեցին  ամփոփվել է Զվարթնոցի հս. կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում:

Կաթողիկոսական գահին Ներսես Գ Տայեցիուն հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցին:


 

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Սեբեոս, Պատմություն, Ե., 1979: 

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am