ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ, սուրբ Ներսես Ա Պարթեվ (մոտ 329–373, ամփոփված է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 353-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Վրթանես Ա Պարթևի թոռը և Գրիգոր Ա Լուսավորչի ծոռը:

Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցուն: Հունական կրթությունն ստացել է Կեսարիայում: Հայաստան վերադառնալուց հետո Հայոց թագավոր Արշակ Բ նրան նշանակել է արքունի սենեկապետ: 351-ին, Արշակ Բ-ի հանձնարարությամբ Ներսես Մեծմեկնել է Կ. Պոլիս և վերականգնել հայ-բյուզանդական դաշինքը, Հայաստան բերել Կոստանդիոս կայսրի մոտ պատանդ պահված Հայոց թագավորի եղբորորդիներ Գնելին և Տիրիթին, ինչպես նաև կայսրի վաղամեռ եղբոր նշանածին՝  Օլիմպիային՝  Արշակ Բ-ի հետ ամուսնանալու: Ներսես Ա Մեծի՝  Հայաստան վերադառնալուց հետո Արշակ Բ մեծամեծների ժողովում նրան շնորհել է հոգևոր բոլոր աստիճանները, 13 եպիսկոպոսների հետ ուղարկել Կեսարիա՝  Հայոց կաթողիկոս օծվելու: 356-ին Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ գումարվել է Աշտիշատի ժողովը (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ): 359-ին, դժգոհելով Արշակ Բ-ի՝  որոշ հայ նախարարական տների հալածելու քաղաքականությունից, Ներսես Ա Մեծը թողել է կաթողիկոսական գահը: Մոտ 364-ին, Արշակ Բ-ի խնդրանքով, կրկին նստել է կաթողիկոսական աթոռին և, որպես հայ նախարարներից կազմված պատվիրակության ղեկավար, մեկնել Կ. Պոլիս՝  հայ-բյուզանդական լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով, բայց՝  ապարդյուն: Արշակ Բ-ի մահից հետո Ներսես Ա Մեծի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի խնդրանքով բյուզանդական Վաղես կայսրը պատանդությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել Արշակ Բ-ի որդի Պապին: Ներսես Ա Մեծը ծավալել է հոգևոր-կրթական մեծ գործունեություն, համարվել Հայ եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը: Պայքար է ծավալել պարսկ. ազդեցության տարածման դեմ, ոչնչացրել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները, արգելել պարսկերենի ուսուցումը, ձեռնամուխ եղել Հայաստանում քրիստոնեության տարածման և ամրապնդման գործին: Բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, բարեխնամ այլ հաստատություններ, վերակառուցել մի շարք վանքեր ու եկեղեցիներ: Ներսես Ա Մեծը փորձել է մեծացնել եկեղեցու դերը երկրի ներքին կյանքում: Նրա օրոք եկեղեցին դարձել է խոշոր հողատեր և մեծ ազդեցիկ ուժ: Պապ թագավորն իր հերթին, կամենալով թուլացնել հոգևորականության տնտեսական և քաղաքական  աճող ազդեցությունը, փակել է տվել Ներսես Ա Մեծի նախաձեռնությամբ բացված հաստատությունների մի մասը, վերացրել նրա սահմանած մի շարք կանոններ, պետականացրել եկեղեցու տիրույթների մեծ մասը, կիրառել մի շարք այլ միջոցառումներ՝  ընդդեմ հոգևորականության:

Փավստոս Բուզանդը և Մովսես Խորենացին հաղորդում են, որ Ներսես Ա Մեծը թունավորվել է Պապի նախաձեռնությամբ: Այլ վարկածի համաձայն՝  նա մահացել է թոքերի հիվանդությունից, որով տառապել է դեռևս Կեսարիայում սովորելու տարիներին: Հայ եկեղեցին ս. Ներսես Ա Մեծի հիշատակը տոնում է Խադ եպիսկոպոսի հետ՝  Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը (հունիս-հուլիսի սկիզբ): Եթե Գրիգոր Ա Լուսավորիչը համարվում է «Լուսաւորիչ հոգւոց»՝  հավատի լույսը տարածելու, Սահակ Ա Պարթևը՝  «Լուսաւորիչ մտաց»՝ հայ դպրության հիմնադրման և զարգացման, ապա Ներսես Ա Մեծ՝ 

«Լուսաւորիչ սրտից»՝  բարոյական և կրոնական բարեկարգության նոր շրջանի սկզբնավորման համար: Կաթողիկոական  գահին Ներսես Ա Մեծին հաջորդել է Շահակ Ա Մանազկերտցին:

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1987: 

Հովնանյան Ղ., Մեծն Ներսէս և Հայաստանի վրա ունեցած ազդեցութիւնը, Վնն., 1851:

Մեսրոպ Երեց, Պատմութիւն Սրբոյն Ներսիսի Պարթեւի Հայոց Հայրապետի, «Սոփերք հայկականք»,  հ. 6, Վնտ., 1853: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am