ՆԵՐՔԻՆԱՑՅԱԼՆԵՐ, աղանդավորական հոսանք՝ տարածված Բյուզանդիայում IV–V և Հայաստանում՝ X–XII դարերում: Ներքինացյալների մասին վկայող սկզբնաղբյուրներն են՝ Հովհան Ոսկեբերանի՝ Պողոս առաքյալի Առ Գաղատացիս թղթի մեկնությունը, Անանիա Սանահնեցու և Հովհաննես Սարկավագի դավանաբանական աշխատությունները: Հետևելով մանիքեությանը՝ Ներքինացյալները դավանել են ճգնակեցական ծայրահեղ գաղափարներ, որոնց համաձայն, ամեն տեսակ նյութ չարիք է: Բացարձակացնելով հոգևորը և նրան հակադրելով նյութականը՝ ներքինացյալները  մերժել են մարմինն ու մարմնի իրավունքները: Այս է պատճառը, որ ներքինացյալների մեջ շատ տարածված է եղել սեռական օրգանների անդամահատումը (այստեղից էլ այդ հոսանքի անվանումը՝ ներքինի, ներքինացած): Անանիա Սանահնեցին վկայում է, որ ներքինացյալները, խախտելով բնության աստվածադիր օրենքները, ոչ միայն ընկնում են սեռապես չեզոք վիճակի մեջ, այլև նմաններին կարգում են «ի գլուխ գահերիցության», այսինքն՝ համայնքի ղեկավար, ինչը խստորեն դատապարտելի է եկեղեցու համար:

                                                                                                 Քյոսեյան Հ.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Քյոսեյան Հ., Անանիա Սանահնեցու «Հակաճառության» պատմամշակութային նշանակությունը, տես հեղինակի Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Էջմիածին, 1995, էջ 157–166:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am