Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նահապետ Ա Եդեսացի

 ՆԱՀԱՊԵՏ Ա ԵԴԵՍԱՑԻ, Ուռհայեցի (ծ.թ. անհտ – 13.6.1705, Էջմիածին, ամփոփվել է Ս. Շողակաթ եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1691-ից: Հաջորդել է Եղիազար Ա Այնթապցուն: Եղել է Եդեսիայի եպիսկոպոսը, կաթողիկոսի խորհրդակիցն ուգործակիցը: Կաթողիկոս է օծվել Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ընտրությամբ և հավանաբար՝ հանգուցյալ կաթողիկոսի ցանկության համաձայն: Նահապետ Ա Եդեսացու հայրապետական գործունեության սկիզբը նշանավորվել է շինարարական աշխատանքներով: Կառուցել է Օշականի կամուրջը, Մայր աթոռի վանատունը, վերակառուցել Էջմիածնի Շողակաթ եկեղեցին (1694), վանատունն ու հարակից շինությունները, նորոգել Երևանի, Ձորագյուղի, Կոնդի, Քանաքեռի եկեղեցիները, Հրազդանից ջրանցք է անցկացրել վանքապատկան հողերը ոռոգելու համար, ընդարձակել է Էջմիածնի վանքի կալվածքները: Նահապետ Ա Եդեսացու անհաշտ գործելակերպի պատճառով Աղթամարի Թովմաս կաթողիկոսը 1693-ին խզել է հարաբերությունները Ս. Էջմիածնի հետ: Նահապետ Ա Եդեսացին Թովմաս կաթողիկոսի վրա զայրանալով՝ վերջինիս զրկել է կաթողիկոսությունից և Ավետիս եպիսկոպոսին ձեռնադրել է Աղթամարի կաթողիկոս: Սակայն Թովմասը թուրք կուսակալի օգնությամբ Ավետիսին վտարել է Աղթամարից և Սահակ Արծկեցի եպիսկոպոսին (որպեսզի իր ծերության պատճառով կաթողիկոսական աթոռը թափուր չմնա և անկախ լինի Ս. Էջմիածնից) օծել է աթոռակից: 1697-ին Թովմաս կաթողիկոսը թուրք կուսակալի միջոցով վտարել է Ս. Էջմիածնին հպատակ Վանի եպիսկոպոսին և Վանի եպիսկոպոսությունը ենթարկել Աղթամարի կաթողիկոսությանը:

Մայր աթոռի միաբանները, դժգոհ Նահապետ Ա Եդեսացու կառավարումից, որովհետև, ըստ XVIII դ. պատմագիր Խաչատուր Ջուղայեցու, «սաստկութեամբ վարէր զգործ կաթողիկոսութեանն», Նախիջևանի և Գողթնի եպիսկոպոսների գլխավորությամբ դիմել են Նոր Ջուղայի հայերին՝ կաթողիկոսին գահընկեց անելու և Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Ստեփանոս Ջուղայեցուն կաթողիկոս կարգելուխնդրանքով: Կաթողիկոսը, զգալով իր անկարողությունը, ապաստանել է Թավրիզում: Ստեփանոս Ջուղայեցին ժամանել է Ս. Էջմիածին և 1695-ին օծվել կաթողիկոս: Սակայն տասը ամիս անց Նահապետ Ա Եդեսացին Իրանի շահ Սուլթան Հուսեյնի օգնությամբ գահընկեց է արել նրան և վերադարձել Էջմիածին:

Պարսկական իշխանությունների հետ հարաբերությունները չվատացնելու նպատակով Նահապետ Ա Եդեսացին 1699-ին մերժել է Իսրայել Օրու՝ դավանափոխության միջոցով ազգային-ազատագրական  պայքար ծավալելու ծրագիրը:

Կաթողիկոսական գահին Նահապետ Ա Եդեսացուն հաջորդել է Աղեքսանդր Ա Ջուղայեցին:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002

Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: 

Սիմեոն կաթողիկոս, Ջամբռ, Վաղարշապատ, 1873: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am