ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ [1661, գ. Շոռոթ (այժմ՝ Նախիջևանի ԻՀ-ում) –28.10.1722, գ. Շոռոթ], գրիչ, նկարիչ, բանաստեղծ, աշուղ: Հովնաթանյան ընտանիքի (տես Հովնաթանյաններ) ներկայացուցիչ: Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես (Յոհան) քահանայի մոտ, այնուհետև սովորել Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում: Նաղաշ Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ ընդօրինակել և ծաղկել է ձեռագրեր (Մատենադարան, ձեռ. դ 3628): Ենթադրվում է, որ Ագուլիսում, Երնջակում, Շոռոթում որմնանկարել է եկեղեցիներ: Նաղաշ Հովնաթանի ստեղծագործական կարողություններն ավելի ու դրսևորվել են նաև հաստոցային ու մոնումենտալ գեղանկարչության բնագավառներում: Ապարանքներ և եկեղեցիներ է ձևավորել նաև Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել է որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (արաբ.՝ զարդանկարիչ) պատվավոր տիտղոսը:

Նաղաշ Հովնաթան - Աղոթող զինվոր. Էջմիածնի Մայր տաճար (բնօրինակ): Հայաստանի ազգային պատկերասրահ:Նաղաշ Հովնաթանի մասին միակ գրավոր աղբյուրը Նաղաշ Հակոբի «Ողբերգութիւն յաղագս մահուան գեղեցկարուեստ վարպետ Յովնաթանի Նաղաշ...» ողբն է: 1679-ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան, ստեղծագործել այդտեղ, նկարազարդել Ս. Պողոս Պետրոս (պահպանված հատվածները գտնվում են ՀՊՊԹ-ում, Երևան), Զորավոր (Անանիա առաքյալ անապատ) և Կաթողիկե եկեղեցիները: Գրել է «Գովասանութիւն Երևանայ քաղաքի» տաղը: XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին հրավիրվել է Վրաստան: Թիֆլիսում ունեցել է արվեստանոց, աշակերտներ, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ: Եղել է Քարթլիի Վախթանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը, ձևավորել նրա նորակառույց պալատը, որտեղ գրել է «Գովեմ սրտիվ ուրախական» երգը՝ նվիրված «Վրաստանի գոզալներին»:  Նաղաշ Հովնաթանը 1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել Մայր տաճարը (ավարտել է 1720-ին): Պահպանվել է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» որմնանկարից հատված (ՀԱՊ, Երևան): Ուշագրավ են տաճարի բեմի եզրապատի Աստվածամոր և առաքյալների պատկերները, որոնք առանձնանում են ազգային տիպականացմամբ, դիմանկարչական մեկնաբանություններով, կերպարների գրաֆիկական ընդգծվածությամբ: Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումով է կատարված «Աստվածամայր» փոքրիկ սրբանկարը (Թեհրան, Առաջնորդարան): Հայկական որմնանկարչության մեջ նոր երևույթ է տաճարի դեկորատիվ հարդարանքը՝ բուսական  զարդանախշերն իրենց շքեղ, հարուստ և գունագեղ հատվածներով (պահպանվել է գմբեթի հատվածը): Նաղաշ Հովնաթանը հայկական կերպարվեստ է ներմուծել երևույթների աշխարհիկ ընկալումներ, հաստոցային նկարչության սկզբունքների կիրառում:

Նաղաշ Հովնաթանը միջնադարի նշանավոր բանաստեղծներից է, XVII դ. հայՆաղաշ Հովնաթան-Սուրբ զինվոր. Էջմիածնի Մայր տաճար (բնօրինակ): Հայաստանի ազգային պատկերասրահ: աշուղական պոեզիայի հիմնադիրը: Նրա գրական ժառանգության (ավելի քան 90 բանաստեղծություն) հարուստ և ամբողջական  ձեռագրերը պահպանվում են Երևանի (ձեռ. դդ 3263, 4426) և Վիեննայի Մխիթարյանների (ձեռ. դդ 537, 647) մատենադարաններում: Նաղաշ Հովնաթանի բանաստեղծությունները գրված են սիրո, ուրախության և խնջույքի, խոհախրատ. ու երգիծական  մոտիվներով: Քարոզել է ստեղծագործական աշխատանք, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ («Աստուած սիրէք, ում սրտում որ նախանձ կայ՝ հանի»), բողոքել է չարիքի, անարդարության դեմ, քննադատել իրականության հոռի կողմերը, դրվատել գիտությունն ու արվեստը:

Ունի նաև կրոնածիսական տաղեր: Նաղաշ Հովնաթանն օգտվել է ժողովրդական բանահյուսությունից, գրել ժամանակի ժողովրդական լեզվով, ազգային  ավանդական տաղաչափական ձևերին ներդաշնակել է աշուղական բանարվեստի նվաճումները և ստեղծել նորատիպ երգեր:

Ինքն է իր բանաստեղծությունների համար ընտրել կամ հորինել եղանակներ ու ինքն էլ երգել ու նվագել է դրանք:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Բանաստեղծություններ, Ե., 1951: Տաղեր, Ե., 1983:

Չոպանյան Ա., Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910: 

Ակինյան Ն., Հովնաթան Նաղաշ եւ Նաղաշ Հովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ նկարչական աշխատութիւնք, Վնն., 1911: 

Լեվոնյ ան Գ., Հովնաթանյան նաղաշները հայ նկարչության պատմության մեջ, «Խորհրդային արվեստ», 1938, դ 1, 2, 4:

Մկրտչյան Մ., Նաղաշ Հովնաթան, Ե., 1957: 


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am