Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մշո Ս. Կարապետ վանք

 ՄՇՈ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ, Մշո Սուլթան Ս. Կարապետ, Գլակավանք, Իննակնյան վանք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտք, Քարքե լեռան լանջին: IV դ. սկզբին հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը Գիսանե և Դեմետրե հեթանոսական կուռքերի մեհյանի տեղում՝ այդտեղ ամփոփելով Կեսարիայից բերած Հովհաննես Մկրտչի (Կարապետ, որի անունով էլ կոչվել է Ս. Կարապետ) և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները: Նա առաջին վանահայր է կարգել Զենոբ Գլակին (որի անունով վանքն անվանվել է նաև Գլակավանք) և վանքին նվիրել նախկին մեհյանի տիրույթները:

Մշո Ս. Կարապետ վանքն անվանվել է նաև Իննակընյան՝ ինն աղբյուրների մոտ կառուցված լինելու պատճառով: Գրիգոր Ա Լուսավորիչը վանքի առաջին՝ Ս. Կարապետ եկեղեցին կառուցել է Դեմետրեի մեհյանի տեղում և, ինչպես հավաստում է Զենոբ Գլակը, «եկեղեցու հիմքը դրված է ճիշտ նույն տեղում, նույն չափով՝ լայնությամբ և երկարությամբ ու միայն այն տարբերությամբ, որ աղոթարանը (երկրպագելու կողմը) դեպի արևմուտք էր»: Ըստ Մշո Ս. Կարապետ վանքի կանոնադրության՝ խստորեն արգելվել է կանանց մուտքը վանք: Գրիգոր Ա Լուսավորիչը, թողնելով հայրապետական աթոռը, եկել է Մշո Ս. Կարապետ վանք, սկզբում հաստատվել մոտակա Ավետյաց բլրում, Անտոն և Կրոնիդես անապատականների մոտ, այնուհետև տեղափոխվել Մանյա այրք:

Ըստ VII դ. պատմիչ Հովհան Մամիկոնյանի, 602-ին վանքն ավերվել է երկրաշարժից. վերակառուցել է իշխան Մուշեղ Մամիկոնյանը: VII դ. Մշո Ս. Կարապետ վանքը ծաղկում է ապրել. ունեցել է 398 միաբան, նվիրատվություն ստացել բազմաթիվ գյուղեր: Վանքը դարձել է նաև Մամիկոնյան իշխանական տան տոհմական տապանատուն: Վանահայր Ստեփանոսը Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսից վերցրել է Հռիփսիմյանց կույսերի մասունքներից, բերել Մշո Ս. Կարապետ վանք, ապա կառուցել վանքի Ս. Ստեփանոս եկեղեցին:

XI դ. վանահայր Սարգիս եպիսկոպոսի հետ նամակագրություն է ունեցել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի գործակալ, Վասակ իշխանի որդի Հրահատը կառուցել է Մշո Ս. Կարապետ վանքի ապարանքը: Ըստ պատմիչ Արիսակես Լաստիվերցու, 1058-ին սելջուկ-թուրքերը գրավել և հրդեհել են վանքը. այրվել են ապարանքը, ժամատունը և Ս. Գրիգոր փայտաշեն եկեղեցին: Նույն թվականին Թոռնիկ իշխանը Դինար ամիրայից ազատագրել է Մշո Ս. Կարապետ վանքը:

XIII դ. վանքում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) գրել է շարական՝ ձոնված Անտոն և Կրոնիդես անապատականներին: XIII–XIV դդ. վանքը որպես նվիրատվություն ստացել է բազմաթիվ ձեռագրեր: XIV–XV դդ. եղել է գրչության կենտրոն:

Լենկթեմուրի ասպատակությունների ժամանակ գավառի բնակչության մի մասն ապաստանել է պարիսպներով պաշտպանված վանքում:

1441-ին Մշո Ս. Կարապետ վանքի միաբանությունը տվել է իր գրավոր համաձայնությունը՝ Հայոց հայրապետական աթոռը Էջմիածնում վերահաստատելու համար:

1463-ին վանահայր Հովհաննես եպիսկոպոսն ամբաստանվել է մզկիթ քանդելու և դրա քարերը վանքի Ս. Կարապետ ու Ս. Ստեփանոս եկեղեցիների նորոգման ժամանակ օգտագործելու համար: Այդ պատրվակով Բաղեշի ամիրան նրան տանջամահ է արել: 1481-ին նորոգվել են վանքի եկեղեցիների գմբեթները:

1493-ին Կարապետ աբեղան պատրաստել է Մշո Ս. Կարապետ վանքում պահվող՝ Հեթում թագավորի Ավետարանի ոսկեզօծ և արծաթապատ պահպանակը, որի վրա դրվագված են Քրիստոսը գահի վրա նստած, նրա դիմաց Աստվածածինը՝ շրջապատված 12 առաքյալներով:

1529-ին Աստվածատուր եպիսկոպոսը գրել է Մշո Ս. Կարապետ վանքի պատմությունը: XVI դ. 1-ին կեսին վանահայր Գրիգոր Մշեցին կառուցել է վանքի դպրոցը, խցերը: 1560-ական թթ. վանահայր Մելքիսեդեկը հիմնովին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցին: 1570-ական թթ. թշնամիներից թաքստոցում պահված ձեռագրերը զգալի վնասվել են, և Սիմեոն սարկավագը ձեռագրերը տարել է Ամիդ՝ նորոգելու:

XVII դ., Մովսես Գ Տաթևացու գահակալության օրոք, Սահակ եպս. Գառնեցին փորձ ել է Մշո Ս. Կարապետ վանքում Մայր աթոռ Ս. Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն հիմնել՝ ստանալով Թուրքիայի սուլթան Մուրադի արտոնագիրը: 1661-ին Արիստակես Պարոնտերը նորոգել է վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթը, թաղերը, պարիսպը, աղբյուրը: 1709-ին Մ. Մշո Ս. Կարապետ վանքն ավերվել է երկրաշարժից: Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Գրիգոր Շղթայակիր եպիսկոպոսները վանքի նորոգման համար Բաղեշում արտոնագիր են ստացել և Կ. Պոլսում հանգանակած գումարով նորոգել այն: 1716–30-ին վանքի առաջնորդն է եղել Աբրահամ եպիսկոպոսը (Աբրահամ Ա Խոշաբեցի): 1749-ին վանահայր Մինասը կառուցել է վանքի ագարակը: 1750-ական թթ. պարսից զինվորները հրդեհել են Ս. Կարապետ եկեղեցին: 1763–64-ին վանահայր Հովնանը Արմ. Հայաստանն ազատագրելու նպատակով կապեր է հաստատել Վրաստանի Հերակլ II թագավորի և Հովսեփ Էմինի հետ:

1784-ին երկրաշարժից քանդվել են Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթը, սեղանատունը, խցերը, պարսպի մի մասը, զանգակատունը: 1787–88-ին վանքը հիմնովին վերակառուցվել է, գավթի հաշվին ընդարձակվել է Կաթողիկե եկեղեցին: Մշո Ս. Կարապետ վանքի հնագույն՝ Ս. Կարապետ վկայարանը գմբեթավոր դահլիճ է, որի արմ. որմնախորշում ամփոփված են Հովհաննես Կարապետի, իսկ հվ-արմ-ում՝ Աթանագինեի մասունքները: Ավագ խորանի առջևի պատին ագուցված է 1718-ի մարմարյա չորս խաչքար: Եկեղեցու հս. կողմում, միմյանց կից, Գրիգոր Ա Լուսավորչի նեղ և մութ ճգնարանն է և Ս. Գևորգ թաղածածկ եկեղեցին, իսկ հս. կողմում՝ ներքուստ խաչաձև, անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր Ս. Ստեփանոս և խոշոր, թաղածածկ Ս. Աստվածածին եկեղեցիները: Վերջինս կառուցել է իշխան Վարդ Պատրիկ Արծրունին՝ իր կնոջ՝ Մարիամի հիշատակին: Ըստ ավանդության, նա պատժվել էր մահով, քանի որ անտեսել էր կանանց՝ Մշո Ս. Կարապետ վանք մուտք չունենալու կարգը:

Նշված չորս եկեղեցիների մուտքերը բացվում են վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցու մեջ, որը բավական մեծ, քառակուսի հատակագծով, 16-սյունանի հնգանավ բազիլիկ է: Նրա միջին նավն արլ-ում ավարտվում է Ավագ խորանով, կողայիններից հս-ը՝ Հակոբ Տյառնեղբորը, իսկ հվ-ը՝ Գրիգոր Ա Լուսավորչին նվիրված սեղաններով խորաններով: Կաթողիկեի արմ. մուտքի առջև 1787-ին Աստվածատուր եպիսկոպոսը կառուցել է եռաստիճան, երկրորդ հարկում՝ Ս. Հոգուն նվիրված սեղանով խորան և ութասյուն ռոտոնդայով պսակված սլացիկ զանգակատուն:

Վանքը շրջապատված է ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարսպով, որին կից են երկհարկանի բնակելի և տնտեսական  շենքերը և պատով անջատված՝ ուխտավորների սենյակները:

1827-ին վաչկատուն քրդերի հրոսակախումբը հարձակվել է Մշո Ս. Կարապետ վանքի վրա, կողոպտել գանձերը և սպասքը, ոչնչացրել կահկարասին, ձեռագրեր, կտրատել նկարները, որից հետո վանքը շուրջ վեց ամիս մնացել է լքված:

1839-ին Հարություն եպս. Եդեսացին կառուցել է առաջնորդարանի երկհարկանի շենքը, Կաթողիկե եկեղեցու կենտրոնում տեղադրել վանահոր՝ ամպհովանիով գահավորակը, իսկ ագուլիսցի Սարգիս Ամիրջանյանը նվիրել է ս. Ստեփանոսի և Աստվածածնի նկարները:

1840-ին վանահայր Պետրոս Կյուրացին կառուցել է վանքի հս. կողմի շինությունները, 1850-ին Զաքարիա վարդապետը՝ վանքի դպրոցը, 1875–76-ին Մամբրե եպիսկոպոսը՝ Նոր վարժարանը:

Վանքի հեղինակությունն աճել է 1860–80-ական թթ., երբ վանահայր են եղել Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի) և Գարեգին Սրվանձտյանցը: 1883-ից վանահայր է դարձել Մաղաքիա Օրմանյանը: 1896-ից վանքին կից բացվել է որբանոց և 45 աշակերտով դպրոց:

1900–02-ին վանքը նորոգվել է: XIX դ. և XX դ. սկզբին Մշո Ս. Կարապետ վանքը մեծ թեմ է ունեցել, որն ընդգրկել է Տարոն, Վարդո, Ճապաղջուր, Բուլանըխ և այլ գավառների հայաբնակ գյուղերը, ստացել զգալի հասույթներ, նվիրատվություններ, գյուղացիներից գանձել պտղի հարկ:

Վանքը եղել է գրչության, կրթության և մշակութային կենտրոն, ունեցել է խոշոր մատենադարան: Եղել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից հետո: Կոչվել է «մենաստանների մայրաքաղաք», նշանավոր ուխտատեղի (նաև արևելահայերի համար): Ուխտագնացության օրերն են եղել Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոները, երբ տեղի են ունեցել նաև աշխարհիկ հանդեսներ, կազմակերպվել տոնավաճառներ: Մշո Ս. Կարապետ վանքը համարվել է ամենակարող, իղձերն իրագործող, բուժող, շնորհք պարգևող (ներառյալ՝ նաև արվեստի): Ժող. բանահյուսության մեջ պահպանվել են Մշո Ս. Կարապետ վանքին նվիրված ուխտագնացության երգեր:

Վանքի պարսպի մոտ եղել է Ս. Լուսավորիչ անունով աղբյուր, որի քառակուսի ավազանը, ըստ ավանդության, պատրաստել էր Տրդատ Գ Մեծ թագավորը, իսկ Գրիգոր Ա Լուսավորիչն այնտեղ բազում մկրտություններ է կատարել: Մեծ եղեռնի օրերին Տարոնի հայ բնակչության զգալի մասն ապաստանել է վանքում և շրջակա անտառում, երկու ամիս դիմադրել թշնամու գերակշռող ուժերին: Հաջողվել է փրկել վանքում եղած 1750 ձեռագրերը, որոնք 1916-ին, երբ ռուսական զորքը և հայ կամավորական ջոկատներն ազատագրել են Տարոնը, տեղափոխվել են Էջմիածին (այժմ Երևանի Մատենադարանում են):

Ներկայումս Մշո Ս. Կարապետ վանքն ամբողջովին ավերված է: Վանքի մոտ՝ Անտոն և Կրոնիդես անապատականների գերեզմանի վրա կանգնեցված Ս. Հարություն եկեղեցու տեղում մզկիթ է կառուցվել:

Մատենադարանում պահվում են Մշո Ս. Կարապետ վանքում ընդօրինակված ձեռագրերից Ավետարաններ (1505, 1509, 1512, երեքն էլ՝ գրիչ Մարտիրոս), Հայսմավուրքներ (1526, գրիչ՝ Կարապետ Բաղիշեցի, 1591, գրիչ՝ Ծերենց), Անանիա Սանահնեցու «Մեկնութիւն թղթոցն Պօղոսի» (1613, գրիչ՝ Փիլիպպոս Բազվեցի), Մկրտիչ Նախչուանցու ընդօրինակած Ժողովածու (1737), Գրիգոր Տաթևացու «Մեկնութիւն Ղուկասու» (1738) ևն:

                                                                                  Հասրաթյան Մ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Ե., 1989: 

Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971: 

Սարգիսյան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վնտ., 1864:

Ոսկյան Հ., Տարոն-Տուրուբերանի վանքերը, Վնն.,1953: 

Թիերի Ժ. Մ., Արևելյան Թուրքիա կատարած հնագիտական ճանապարհորդական նոթեր, «Հուշարձան», տարեգիրք, 1, Ե., 1987:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am