«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»,  Տօնական, հայերեն ամենամեծ մագաղաթե ձեռագիրը (55,5x70,5 սմ, քաշը՝ 28 կգ): Գրվել և պատկերազարդվել է 1200–02-ին, Երզնկայի Ավագ վանքում: Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, պատվիրատու՝ Բաբերդի տանուտեր Աստվածատուր: Ձեռագիրը դեռևս անավարտ էր (գրված չէր հիշատակարանը և պատրաստ չէր կազմը), երբ ավերվել է Բաբերդ քաղաքը, Աստվածատուրը սպանվել, իսկ ձեռագիրն ընկել է մի թուրք դատավորի ձեռքը: Երկու տարի անց Մշո Ս. Առաքելոց վանքի վանականների հանգանակությամբ ձեռագիրը գնվել և տեղափոխվել է հիշյալ վանքը, որտեղ պահվել է մինչև 1915-ը: Մեծ եղեռնի օրերին կրկին փրկվել է ոչնչացումից. ձեռագրի մի մասը մեծ դժվարությամբ Երևան են բերել հայ գաղթական կանայք, մյուս մասը ռուսական բանակի սպա Նիկոլայ դե Ռոբերտին բերել է Թիֆլիս և հանձնել Հայկական գթության ընկերության թանգարանին: Այժմ ձեռագրի երկու մասերն էլ պահվում են Մատենադարանում (ձեռ. դ7729): «Մշո ճառընտիր»-ից  ժամանակին անջատված է ջերից 17 մագաղաթե թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում:

«Մշո ճառընտիր»-ն ըստ տարվա տոների դասավորված ճառերի, վարքերի, վկայությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է: Այստեղից էլ՝ Տօնական անունը: Ձեռագիրը մեծ արժեք է ներկայացնում ինչպես իր պարունակած գրավոր նյութերով, այնպես էլ՝ նկարազարդումներով: Այն ունի չորս տերունական մանրանկար՝ «Քրիստոսը բազմած գահին»«Ծնունդ»«Մկրտություն»«Մուտք Երուսաղեմ»  մեկ անվանաթերթ և բազմաթիվ ու բազմատեսակ լուսանցազարդեր: Ձեռագրի նկարազարդումներն առանձնանում են կատարման բարձր վարպետությամբ, վառ գույների ներդաշնակությամբ: Մատյանի մեծ չափերին համապատասխանում են խոշոր, բայց ոչ կոպիտ, ճկուն ուրվագծերով նկարված զարդերը: «Մշո ճառընտիր»-ը գրված է գեղեցիկ դասական երկաթագրով, որն առանձին հմայք է հաղորդում ձեռագրին:

                                                      Կորխմազյան Է.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Հովսեփյան Գ., Յիշատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951: 

Մաթեվոսյան Ա., Ե՞րբ և որտե՞ղ է գրվել Մշո Տոնական-Ճառընտիրը, ԲՄ, դ 9, 1969: 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am